Բացել լրահոսը Փակել լրահոսը
926501430_1844805059891963_4323272165522735948_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։ Այս մասին ասված է ընդդիմադիր համախմբման հայտարարության մեջ։

««Ալիևյան սահմանադրությունը» հայաստանյան ներքին օրակարգ է բերվել Ադրբեջանի նախագահի պահանջով՝ ստեղծելով երկու հիմնարար սպառնալիք.

-Օտար պետության թելադրանքի ընդունում. Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքվի կողմից խաղաղության նախապայման է և վտանգում է Հայաստանի անկախ պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։

Դրանով իսկ այն որևէ կապ չունի հայ ժողովրդի ինքնության ու ազգային արժեքների հետ և խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները։

-Իշխանության անսահմանափակ կենտրոնացում. Սահմանադրության փոփոխության գործընթացը իշխող ուժն օգտագործում է իր ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։

Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար։

Հասարակության ծայրահեղ բևեռացվածության, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում անհնար է Մայր օրենքի փոփոխությունը՝ ժողովրդավարական և բազմակարծիք քննարկումների սկզբունքով։

Ելնելով վերոգրյալից՝ Ընդդիմադիր համախմբումը հայտարարում է.

1. Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը։

2. Համերաշխություն ենք հայտնում խորհրդարանական ընդդիմության՝ ազգային արժանապատվությունը առևտրի առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ համախմբված ուժերով արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ հանդես գալու պատրաստակամությամբ:

3. Առաջիկա օրերին կհայտարարենք այս օրակարգով Համախմբման հանդիպման մասին»։