TRIPP-ն ու Հայաստանի հարևանները. փորձագիտական կարծիք
Աջակցիր «Ա1+»-ինԻրանը երբեք չի թաքցրել իր մտահոգությունները TRIPP նախագծի վերաբերյալ։ Թեև տարբեր առիթներով նշվել է, որ հայկական կողմը Թեհրանին որոշակի երաշխիքներ է տվել, իրանական կողմը շարունակում է հրապարակայնորեն արտահայտել իր անհանգստությունները։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը նշել է, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը իրենց կարմիր գիծն են, եւ թույլ չեն տա շրջանցել այն։ Նա միաժամանակ նշել է, որ պետք է դասեր քաղել Հորմուզի նեղուցի օրինակից։
Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ դժվար է հստակ ասել, թե ինչ երաշխիքներ է Իրանը ցանկանում ստանալ Հայաստանից։
Այդուհանդերձ, ըստ նրա, Թեհրանի հիմնական մտահոգություններից մեկը կարող է լինել իր սահմանների հարեւանությամբ ամերիկյան ներկայության բացառումը։
«Հավանաբար, Իրանը ցանկանում է այնպիսի իրավիճակ, երբ Միացյալ Նահանգները չհայտնվեն իր սահմանների մոտ։ TRIPP նախագիծն այս փուլում տեղավորվում է նաեւ Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածության համատեքստում։ Իրանական կողմը, հավանաբար, Հայաստանից փորձում է ստանալ որոշակի երաշխիքներ կամ արդեն ստացել է դրանք, սակայն հստակ ասել, թե ինչ է պահանջում Թեհրանը, բավականին բարդ է։ Մի բան ակնհայտ է՝ Իրանը բացահայտ արտահայտում է իր մտահոգությունները, ինչը կարող է նշանակել, որ պաշտոնական երկխոսության ընթացքում հայկական կողմից իր ակնկալիքները լիարժեք չեն բավարարվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գարիկ Միսակյանը։
Իսկ Հայաստանը կարո՞ղ է իրականացնել TRIPP-ը՝ չվնասելով Իրանի հետ հարաբերությունները։
Իրանագետի գնահատմամբ՝ այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ դեռեւս հստակ պարզաբանումներ չկան, թե նախագծի իրականացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների և հայ-իրանական սահմանի գործունեության վրա։
«Ես հստակ տեղեկություններ կամ պարզաբանումներ չեմ լսել, թե TRIPP-ի իրականացումն ինչ է ենթադրում հայ-իրանական հարաբերությունների կամ սահմանի հնարավոր սահմանափակումների տեսանկյունից։ Կարծում եմ՝ սա նաեւ իրանական կողմի մտավախություններից մեկն է։ Բացի այդ, նախագծի իրականացման հստակ ժամկետներ դեռեւս չկան։ Շատ բան կախված է նաև այլ զարգացումներից, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր հանգուցալուծումից եւ ԱՄՆ վարչակազմի հետագա քաղաքականությունից։ Հետեւաբար, դժվար է ասել, թե ինչպիսի աշխարհաքաղաքական ընտրության առաջ կարող է կանգնել Հայաստանը։ Սակայն ակնհայտ է, որ երկիրը մի շարք բարդ իրավիճակների առջեւ է»,- նշել է նա։
TRIPP նախագիծը կարո՞ղ է ազդել Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վրա , Գարիկ Միսակյանը նշում է, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններն արդեն իսկ լարված են, թեեւ կողմերը փորձում են կառավարել այդ լարվածությունը, որպեսզի չվերածվի ավելի խոր հակամարտության։
«Թուրքիայի պարագայում իրավիճակն ավելի բարդ է։ Իրանի եւ Թուրքիայի միջեւ աշխարհաքաղաքական տարաձայնություններն ու փոխշահավետ համագործակցության ոլորտները բազմաթիվ են, ուստի չեմ կարծում, որ միայն TRIPP նախագիծը կարող է լուրջ խնդիր առաջացնել երկու երկրների հարաբերություններում։ Միեւնույն ժամանակ, Իրանը, նրա խոսքով, Թուրքիային դիտարկում է նաեւ որպես աշխարհաքաղաքական մրցակից, որը կարող է դառնալ TRIPP-ի հիմնական շահառուներից մեկը»,- ասաց իրանագետը։
Գարիկ Միսակյանի խոսքով՝ Հայաստանի դերը կարեւոր է նաեւ Իրանի մտահոգությունները փարատելու հարցում, քանի որ նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքով, եւ հենց հայկական կողմը կարող է առանցքային դեր ունենալ Թեհրանի հետ երկխոսության ու անվտանգության հարցերի պարզաբանման գործում։
Միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքերով էլ` TRIPP-ը կարող է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տարանցիկ հանգույց։
Նա կարեւորել է նաեւ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը՝ ընդգծելով, որ այն կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար, մասնավորապես՝ դեպի ծովային նավահանգիստներ եւ եվրոպական շուկաներ բեռնափոխադրումների տեսանկյունից։
Ջոնի Մելիքյանի խոսքով՝ TRIPP նախագիծը պարտադիր չէ դիտարկել որպես մրցակցություն Վրաստանի տարանցիկ դերին։ Այն կարող է լրացուցիչ ենթակառուցվածքներ ստեղծել եւ մեծացնել ամբողջ տարածաշրջանի բեռնափոխադրումների ծավալները։
Նախագծի արդյունքում, ըստ նրա, Ադրբեջանն էլ կարող է Նախիջեւանի միջոցով Թուրքիայի հետ կապվելու այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ նվազեցնելով կախվածությունը Վրաստանի եւ Իրանի տարածքով անցնող ուղիներից։ Թուրքիայի համար եւս այն կարող է նոր լոգիստիկ հնարավորություններ բացել՝ հատկապես Հայաստանի հետ սահմանային հաղորդակցության եւ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերագործարկման պարագայում։
«Հայաստանը հնարավորություն կստանա դառնալու տարածաշրջանային հաղորդակցությունների խաչմերուկ։ Միաժամանակ Հայաստանը հնարավորություն կստանա դառնալու տարածաշրջանային տարանցիկ հանգույց՝ զարգացնելով հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք հաղորդակցությունները»,- «Ա1+»-ին ասաց Ջոնի Մելիքյանը։
Տարածաշրջանային հարցերոժվ փորձագետի խոսքերով՝ Հայաստանի եւ Վրաստանի ենթակառուցվածքները կարող են ոչ թե մրցակցել, այլ փոխլրացնել միմյանց՝ մեծացնելով Միջին միջանցքի ներուժը։
Իսկ Հայաստանի տարածքով երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունների զարգացումը կարող է լրացուցիչ հնարավորություն ստեղծել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների համար։
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի շահերին՝ փորձագետը նշում է, որ TRIPP-ի արդյունքում Ադրբեջանը կարող է ստանալ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապվելու այլընտրանքային ճանապարհ՝ նվազեցնելով Վրաստանի եւ Իրանի տարածքներով անցնող որոշ ուղիներից կախվածությունը։
Իսկ TRIPP նախագծի իրականացման կարեւոր պայմաններից մեկը Իրանի հետ կառուցողական երկխոսության պահպանումն ու տարածաշրջանային անվտանգային խնդիրների կարգավորումն է։