A
A
Հայաստանը հաղթեց Իսրայելին
Հայաստանի շախմատի հավաքականը վստահ սկսեց ելույթները Չինաստանում մեկնարկած աշխարհի թիմային առաջնությունում:
Մեր շախմատիստներն առաջին տուրում 3,5:0,5 հաշվով առավելության հասան Իսրայելի թիմի նկատմամբ: Առաջին խաղատախտակին Լեւոն Արոնյանը հաղթեց Էմիլ Սուտովսկուն, Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց Եվգենի Պոստնուն, իսկ Գաբրիել Սարգսյանը` Տամիր Նաբատիին: Իր պարտիան ոչ-ոքի ավարտեց միայն Սերգեյ Մովսիսյանը, որը 2-րդ խաղատախտակին խաղաղ դաշն կնքեց Միխայել Ռոյզի հետ:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի ԱՄՆ-ի ընտրանու հետ, որը առաջին տուրում զիջել է Ռուսաստանի հավաքականին` 1:3:
Առաջին տուրում Ուկրաինան հաղթեց Աֆրիկայի չեմպիոն Եգիպտոսին` 2,5:1,5, իսկ Չինաստան - Ադրբեջան եւ Հնդկաստան - Հունգարիա հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի` 2:2: