Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0158934
A A
Հասարակություն

«Շուրջ 300 հազար դպրոցականներ այցելել են թանգարաններ, թատրոններ ու համերգասրահներ»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2024 թվականին իրականացված աշխատանքները:

«Հուսանք, որ այս տարվա արդյունքներով կգրանցենք շատ ավելի մեծ առաջընթաց, քան ունենք»,- խոսքը սկսել է Ժաննա Անդրեասյանը և անդրադարձել մշակույթի ոլորտում կատարած աշխատանքներին՝ նշելով, որ ասուլիսի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ ու նպատակ ունի ընդգծելու 2024 թվականին մշակութային հաստատություններում կատարված կապիտալ աշխատանքները։

Նախարարը նշել է, որ մշակութային հաստատությունների պայմանների ու միջավայրի բարելավման նպատակով կապիտալ աշխատանքներ են իրականացվել 7 հաստատություններում․ ավելի քան 200 մլն ՀՀ դրամի հատկացում է կատարվել շենքային պայմանների բարելավման, նույնքան էլ՝ գույքով ու երաժշտական գործիքներով ապահովման համար։

Մշակութային կրթության տարվա մասին

«2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի. կազմակերպվել են մշակութային էքսպոներ, որոնց շրջանակում դպրոցները իրազեկվել են մշակութային հաստատությունների գործունեության վերաբերյալ։ Ակտիվ աշխատանքներ են իրականացվել, որ դպրոցականները հաճախակի այցելեն թանգարաններ, թատրոններ ու համերգասրահներ, ընդ որում՝ ոչ միայն որպես ժամանց, այլև՝ որպես ուսուցման գործընթացի շարունակություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

 

Դպրոցական բաժանորդային համակարգի արդյունավետությունը բարելավվել է

Նախարարի խոսքով՝ էքսպոներն ունեցել են շուրջ 27.000 այցելու։ «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրով ավելացել են այցելությունները թանգարաններ և

թատրոններ՝ շուրջ 300.000 աշակերտ, ինչը 46.3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և ընդգրկում հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 70%-ը:

Նախարարի իրազեկմամբ՝ 2024 թ. իրականացվել է 21 մանկապատանեկան կրթամշակութային ծրագիր նախորդ տարվա 18-ի փոխարեն, որոնցում ընդգրկվել է 31.248 մասնակից՝ 49%-ով ավելի, քան նախորդ տարում:

«Հատուկ ուշադրություն է դարձվել ներառականության ապահովմանը, ինչի շրջանակում իրականացվել է 7 թիրախային ծրագիր՝ 1.800 շահառուների մասնակցությամբ (30%-ով ավելի նախորդ տարվա համեմատ)»,- հայտնել է Ժաննա Անդրեասյանը:

 

Թանգարանային ոլորտ․ ընդունվել է նոր օրենք, գործարկվել է միասնական տոմսային համակարգ

Որպես մշակույթի ոլորտի կարևոր ձեռքբերում՝ նախարարն անդրադարձել է նաև «Թանգարանների մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, ոլորտի զարգացման համար որակապես նոր պայմանների ստեղծման հիմք է և կարգավորում կմտցնի մի շարք գործընթացներում:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ թանգարաններ այցելության ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով շուրջ 1 մլն 230 հազար: 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ արգելոց-թանգարանների այցելուների թիվը կազմել է ավելի քան 735.000: Թանգարանների եկամուտները կազմել են շուրջ 1 մլրդ 70 մլն դրամ: Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը։ «Էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը մեր քաղաքացիների համար նոր հնարավորություն է թե՛ տոմսերի ձեռքբերման, թե՛ հուշանվերների ընտրության տեսանկյուններից: Այն նաև էապես կբարձրացնի թանգարանների գործունեության որակը: 2024 թ. ձևավորվեց նաև մշակույթի զարգացման հիմնադրամը, որը այս տարվանից կիրականացնի թանգարանների միասնական մարքեթինգային քաղաքականությունը»,- ասել է նա:

29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվել է հայկական հուշարձան

 

Անդրադառնալով հուշարձանների ոլորտի ձեռքբերումներին՝ նախարարը հատկապես շեշտել է՝ 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից նոր հուշարձան է ընդգրկվել. «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտի պատշաճ պատրաստման, միջազգային չափանիշների համաձայն ներկայացնելու նպատակով պետական բյուջեից առանձին տող է հատկացվում:

 

15 հուշարձանի վերականգում, 9-ի համար մշակվում են նախագծեր

«ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են 15 հուշարձանների վերականգնման աշխատանքներ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի: Դրանցից 3-ն ավարտված են, 12-ը՝ շարունակվող: Մշակվել կամ մշակման փուլում են ևս 9 հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր: Այս նպատակով պետական բյուջեից ծախսվել է նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի ֆինանսական միջոց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

 

Ոչ նյութական մշակութային ժառանգություն․ ցանկը համալրվել է ևս 17 նոր տարրով

Ըստ նախարարի՝ լուրջ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես՝ 51 տարրից կազմված ցանկը համալրվել է ևս 17-ով: Համալրվել է նաև ազգային ուտեստների շտեմարանը, որում ներառվել է Հայաստանի համայնքներում կիրառվող ևս 150 ուտեստ: Ներկայում շտեմարանը բաղկացած է 400 ուտեստից (նախորդ տարի ներառում էր 250-ը): «Ամանորի նախընթաց օրերին առաջին անգամ կազմակերպվեց նաև «Տարեհաց» տոնավաճառը, որտեղ լայն հանրության համար ներկայացվեցին ազգային ուտեստներն ու անցկացվեցին վարպետության դասեր»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

 

Թատերահամերգային կազմակերպություններում ֆինանսավորման նոր մոդելի ներդրումից հետո աշխատավարձերը բարձրացել են

Ներկայացնելով Ժամանակակից արվեստի ոլորտում արված աշխատանքները՝ նախարարը նշել է, որ շարունակվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման

նոր մոդելի ներդրումը, որին, բացի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից, միացել է նաև Հ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը։

Նոր մոդելը հնարավորություն է տվել ծավալելու ավելի ինտենսիվ և արդյունավետ մշակութային գործունեություն: Օպերային թատրոնում կայացել է 250 ներկայացում և 5 առաջնախաղ՝ 150.000 հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով տարեկան եկամուտների մինչև 20% աճ և աշխատավարձերի 37% բարձրացում։ Տիկնիկային թատրոնում անցկացվել է 745 ներկայացում և 7 առաջնախաղ՝ 115.000 հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով տարեկան եկամուտների մինչև 35% աճ և աշխատավարձների մինչև 50% բարձրացում։

«Ֆինանսավորման նոր մոդելի հեռանկարը թատերահամերգային մյուս կազմակերպություններին ևս մղել է ավելի ակտիվ աշխատանքի։ Սեփական եկամուտների աճ են գրանցել գրեթե բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ մարզային թատրոնները՝ մինչև 30%-ով, ինչն առավել ուրախալի է»,- ընդգծել է նախարարը:

 

Խրախուսվում են միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած մշակութային գործիչները

Առաջին անգամ մեկնարկել է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին ամսական դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը։ Ամսական դրամական խրախուսումը տատանվում է 130.000 – 800.000 ՀՀ դրամի միջակայքում։ Ծրագրի շրջանակում 4 անհատ արվեստագետի և 4 կազմակերպության հատկացվել է 52.6 մլն ՀՀ դրամ գումար։

Նախարարի նշմամբ՝ մշակույթի ապակենտրոնացման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով իրականացվել է 5 երաժշտական փառատոն՝ ավելի քան 105.600 հանդիսատեսի ընդգրկմամբ (ինչը 73%-ով գերազանցում է նախորդ տարվա մասնակցությունը) և 3 թատերական փառատոն՝ 14.000 հանդիսատեսի ընդգրկմամբ:

«Հատկապես սպասված է դարձել «Ֆեստիվառ» մշակութային-զբոսաշրջային երաժշտական փառատոնը։ Հատկանշական է, որ փառատոնների անցկացումը կարևոր է նաև տնտեսական

աճի, զբոսաշրջային նոր ուղղությունների զարգացման և հանրության շրջանում համալիր ազդեցության, կենսական նոր որակների ապահովման տեսանկյուններից»,- ասել է նա:

 

18 հոբելյան, կինոյի հիմնադրամի ստեղծում

2024 թվականը հագեցած էր նաև հոբելյաններով. նշվել է 18 հոբելյան. «Հատկապես մեծ հանդիսավորությամբ Հայաստանում և արտերկրում նշվել են Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակները: Հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների՝ 2024-2025 թթ. օրացույցում: Նշվել են նաև Երվանդ Քոչարի և Պարույր Սևակի հոբելյանները»:

 

Կինոյի հիմնադրամի ստեղծում

Կինոյի ոլորտում ևս էական բարեփոխումներ են իրականացվել՝ սկսած ենթաօրենսդրական ակտերի մշակումից մինչև Կինոյի հիմնադրամի ստեղծում, որը ոլորտի մրցակցության բարձրացման, նոր ուղղությունների զարգացման հնարավորություն է տալիս: Կարևոր ձեռքբերում է նաև այն, որ 2024 թ. ընթացքում պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոների՝ շահելով 11 մրցանակ։