Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է»․ Ալիև

Բաքուն կրկին պնդում է Երևանի նկատմամբ պահանջները՝ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն, առանց դրանց իրագործման, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, անհնար է խաղաղության պայմանագիր ստորագրել, գրում է Ազատությունը։

«Հուսով եմ, որ խաղաղ պայմանագրի հետ կապված մեր բոլոր պայմանները կընդունվեն, քանի որ դրանցում ոչ մի արտառոց բան չկա», - APA գործակալության փոխանցմամբ, տեղական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ալիևը։

«Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա այն մեզ էլ պետք չէ։ Մենք կկարողանանք ապրել և իրականացնել մեր քաղաքականությունն՝ առանց այն ստորագրելու»,- նշել է պետության ղեկավարը։

Երևանը Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում, իսկ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը, ըստ պաշտոնական Երևանի, կարող է դիտարվկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Այսինքն՝ Երևանից ասում են՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված լինի։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով՝ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։

«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Հայաստանը մեկ անգամ չէ հայտարարել, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։