Նեյմարը մեղադրվում է խուլիգանական արարքի մեջ
Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է որակազրկել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին` Ամերիկայի գավաթի խաղարկության խաղին խուլիգանական արարք թույլ տալու համար:
Ինչպես տեղեկացնում է իսպանական «Մարկա» թերթը, 19-ամյա ֆուտբոլիստը հանդիպման ընդմիջմանը հարվածել է Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեսար Ֆարիասին, եւ որ միայն ոստիկանների միջամտության արդյունքում այն չի վերածվել իսկական տուրուդմբոցի:
Բրազիլական ֆուտբոլի ծագող աստղը հայտարարել է, որ ինքը ձեռքով չի դիպել Ֆարիասին, սակայն գավաթի խաղարկության կարգապահական կոմիտեն այժմ հետաքննություն է անցկացնում այդ կապակցությամբ եւ ուսումնասիրում է բոլոր տեսագրությունները: Եթե հաստատվի մարզչին հարվածելու փաստը, ապա Նեյմարին սպասվում է բավականին լուրջ պատժամիջոց:
Հարկ է նշել, որ Նեյմարը այս տարի անընդհատ գտնվում է ֆուտբոլային հասարակության կենտրոնում: Պատճառն այն է, որ 19-ամյա հարձակվողը վերջին երեք ամսվա ընթացքում նվաճել է նույնքան մրցանակ: Նա իր թիմի` «Սանթոսի» հետ, հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում եւ Սան Պաուլու նահանգի առաջնությունում, իսկ Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն: Նա վերջերս հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է 2010 թ լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին գահընկեց անելու համար, ինչը շատ է զայրացրել արգենտինացի երկրպագուներին: