Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-20240702-WA0005
A A
Թեմա Հասարակություն

Անահիտը գիտակցում է՝ առջևում բազմաթիվ դժվարություններ կան․ պատրաստ է հաղթահարել դրանք՝ հանուն երեխաների

Անահիտն ու Ռաֆիկը 2013 թվականի հոկտեմբերի 14-ին Արցախում հավերժ միասին լինելու երդում տվեցին՝ կնքելով իրենց ամուսնությունը։

10 տարի անց` նույն օրը, Ռաֆիկ Հարությունյանի վերջին հրաժեշտ էր՝ Երևանի Եռաբլուր պանթեոնում։

«Մեր նպատակն Արցախում ամուր ընտանիք կազմելն ու երջանիկ ապրելն էր։ Ապրում էինք Սարուշեն գյուղում՝ ամուսնուս հայրական օջախում։ Ապրում էինք անհոգ, շրջապատված սիրով ու հոգատարությամբ»,- Ա1+-ի հետ զրույցում նշում է Անահիտ Հարությունյանը։

Այսօր Անահիտն ապրում է Երևանում, մշտական աշխատանք չունի, սակայն տարբեր ծրագրերի է մասնակցում։  Որպես բռնի տեղահանված արցախցի` օգտվում է պետական սոցիալական աջակցության ծրագրերից և կերակրողը կորցրածի ամենամսյա նպաստ ստանում։ 

«Զբաղվում եմ ձեռքի աշխատանքով՝ սվարովսկի քարերով տարբեր հարթությունների և մակերեսների վրա գեղեցիկ ու յուրահատուկ աշխատանքներ եմ ստեղծում։ Ունենում եմ պատվերներ, դեռևս քիչ, սակայն ժամանակի հետ կարծում եմ` կկարողանամ պատվիրատուներիս շրջանակն ընդլայնել»,- ասում է Անահիտը։

Ներկայումս սոցիալական մեդիա մարքեթինգի և գրաֆիկ դիզայների դասընթացների է մասնակցում՝ աշխատում յուրացնել պահանջված այդ մասնագիտությունները։

«Մասնակցում եմ նաև GITC տեխնոլոգիական դասընթացներ մարզերում և Երևանում՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կանանց զորեղացման ակսելերատորի ծրագրին, որը արցախցի միայնակ մնացած կանանց հնարավորություն է ընձեռնում բիզնեսի զարգացման հմտություններ, կյանքի որակի փոփոխության, նոր ընկերներ և իրենց ապագան սեփական ձեռքերով կառուցելու մոտիվացիա ձեռքբերել»։

Անահիտը սիրով ու ջերմությամբ է հիշում անցյալը, ամուսնու հետ ապրած 10 երջանիկ տարիները։ Սիրելիները չեն մահանում, ուղղակի ժամանակավոր բացակայում են մեզանից՝ համոզված է նա։

Անահիտը ժամանակին դասավանդել է Ասկերանի երաժշտական դպրոցում, որպես օպերատոր աշխատել «Բերդ» շրջանային  թերթի խմբագրությունում։ 

«Վերջին տարիներին բավականին բարելավել էինք սոցիալական մեր վիճակը։ Երեխաներն արդեն դպրոցահասակ էին։ Ես ևս կարողանում էի աշխատանքի դուրս գալ՝ Ասկերանի ոստիկանության բաժնում որպես վերլուծաբան էի աշխատում՝ լեյտենանտի կոչումով։ Երջանիկ ու անհոգ կյանք ենք ապրել։ Նորաստեղծ ընտանիք էինք, բնականաբար դժվարություններ ունեինք, սակայն համերաշխ էինք, մեր ունեցածով գոհանում էինք։ 44-օրյա պատերազմից հետո ամուսինս սակայն պայմանագրային զինծառայության անցավ։ 14 օր պոստերում էր, 14 օր տանը։ Տանը եղած օրերին գնում էր ծննդավայր Սարուշեն։ Օգնում գյուղատնտեսական աշխատանքներին»,- պատմում է Անահիտը։

2016 թվականից հետո Արցախի սահմաններն այլևս անհանգիստ էին։ Ապրիլյան քառօրյա, ապա 44-օրյա պատերազմների թոհ ու բոհով անցած Ռաֆիկ Հարությունյանը 2022-ին նաև Ջերմուկի պաշտպանությանը մասնակցեց հատուկ ջոկատայինների կազմում, որտեղ անցնում էր ծառայությունը։ 

Արտագաղթի ժամանակ Անահիտ Հարությունյանն ամուսնուց ոչ մի լուր չուներ։ Սակայն ստիպված էր երկու երեխաների հետ անորոշության մեջ հատել Հակարիի կամուրջը՝ անվերջ սպասելով ամուսնու այդքան ցանկալի հեռախոսազանգին։

«Հեռախոսազանգ այդպես էլ չեղավ… Մեր դժբախտության քարավանը ձգվում էր հարյուրավոր կիլոմետրեր, ու այդ մղձավանջի մեջ միայն հեռախոսս էի շոշափում։ Հույս էի տալիս, որ կապ չկա, երևի դրա համար չի կարողանում Ռաֆոն զանգի։ Աշխատում էի հույսս չկտրել»,- ասում է Անահիտը։

Վրա հասան Անահիտի համար ծանրագույն ժամանակները։ 

«Ամուսինս զոհվել էր սեպտեմբերի 19-ին, սակայն միայն սեպտեմբերի 23-ին նրա մարմինը փոխանցվեց հայկական կողմին՝ ամբողջությամբ անճանաչելի դարձած։  Ընկերներն ասում են, որ նա մինչև վերջ կանգնել է մարտական դիրքում՝ զենքը ձեռքին, զոհվել անհավասար մարտում»։

Հայաստանում նրանց ընտանիքին Ռաֆիկի ընկերը դիմավորեց։ Նրանք ժամանակավոր ապաստանեցին Արտաշատի Մարմարաշեն գյուղում։ Հետո էլ տեղափոխվեցին Երևան։

«Աղջիկս փոխադրվել է 6-րդ  դասարան։ Ուսման մեջ առաջատար է։ Հաճախում է նաև երաժշտական դպրոց՝ ջութակահար է երազում դառնալ։ Երևանում կայացած «Աստղային ուղի» միջազգային փառատոնում 3-րդ աստիճանի դափնեկիր է ճանաչվել»։

Երեխաների հետ հաճախ է Անահիտը զրուցում հայրիկի մասին։ Պատմում նրա նախասիրությունների, նպատակների մասին։

«Այդպիսով փորձում եմ նրանց հիշողություններում թարմ պահել իրենց հայրիկի մասին հիշողությունները, նրանց մեջ ամրապնդել համոզմունք, որ հայրիկին հավերժ հիշելու համար պետք է օգտակար գործելով զբաղվեն և պիտանի մարդ մեծանան»։

Անահիտն ասում է՝ մեծ դժվարությամբ, բայց իր մեջ ուժ է գտել հանուն երեխաների առաջ նայել․

«Նրանց մոտ աշխատում եմ չտխրել, չլացել, որպեսզի նրանք անընդհատ սթրեսի չենթարկվեն՝ արցունքներս տեսնելով»։

Անահիտը գիտակցում է՝ առջևում բազմաթիվ դժվարություններ կան, սակայն որոշել է դրանց առաջ չընկրկել։ Ասում է՝ ամուսնու հետ համատեղ կյանքից ուսանելի շատ բան է ստացել, որոնք գործածելու է հետագա տարիների ընթացքում կյանքի դժվարություններին արժանապատվորեն դիմակայելու համար։

Անահիտ Պետրոսյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։