«Չկարողացանք անգամ մարդավարի հրաժեշտ տալ ամուսնուս․ զոհերն այնքան շատ էին, որ դագաղ գտնելն էլ մեծ խնդիր էր»
Աջակցիր «Ա1+»-ինԼիանայի ու Տիգրանի՝ քսանամյա պատմություն ունեցող սերը չի ընդհատվել, ապրում է Լիանայի ու նրանց երեխաների մեջ։
«Ասկերանի Բերդ թերթի խմբագրությունում էի աշխատում, երբ ծանոթացա Տիգրանի հետ։ Անչափ ուշադիր էր, համեստ, միշտ կոկիկ հագնված: Այդպիսին էր նա կյանքում, աշխատանքի վայրում, ընկերական շրջապատում»,- Ա1+-ի հետ զրույցում պատմում է ծնունդով Արցախի Խնապատ գյուղից Լիանա Բալասյանը։
Տիգրան Մնացականյանն Ավետարանոցից էր։ Նոր էր ավարտել Ստեփանակերտի Գ. Նարեկացի համալսարանի ատամնատեխնիկայի բաժինը, իսկ Լիանան՝ նույն համալսարանի բանասիրական ֆակուլտետը, երբ ամուսնացան և բնակություն հաստատեցին Ասկերանում։
«Տիգրանը շատ կապված էր Ալեքսանդրին և չէր կարողանում ոչ մի հարցում մերժել նրան: Երևի դա է պատճառը, որ մինչև հիմա Ալեքսանդրի հիշողության մեջ թարմ է հոր հետ անցկացրած ամեն մի պահը: Հայրիկի մասին ներկայով է խոսում: Հավատով սպասում է՝ կգա...»,- պատմում է Լիանան։
Ասում է՝ ամուսնու սերը ծննդավայր Ավետարանոցի նկատմամբ ուժգնանում էր հատկապես, երբ վտանգվում էր հայրենիքի անդորրը։
«Որպես կամավոր մասնակցել է ապրիլյան 4-օրյա, 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Երևանում էինք, երբ վհատված ու կոտրված պատերազմի նման ելքից՝ ամուսինս եկավ մեր հետևից։ Ավետարանոցը բռնազավթված էր թշնամու կողմից։ Ինչքան ուզում էի համոզել, որ մնանք Հայաստանում՝ լսել անգամ չուզեց»։
44-օրյա պատերազմից հետո Տիգրանի ծնողները բնակություն հաստատեցին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում։ Իսկ Տիգրանը, թողնելով բանկում աշխատանքը, 2021 թվականի հոկտեմբերի 6-ին անցավ պայմանագրային զինվորական ծառայության։
«Հրետանավոր էր, ավագ սերժանտի կոչումով։ Դիրքից դիրք տեղափոխվելով՝ ջոկատի տղաների հետ միասին առաջին հերթին զբաղվում էին դիրքի կահավորանքն անհրաժեշտ տեսքի բերելու գործով։ 14 օր դիրքերում էր լինում, 14 օր՝ տանը։ Բայց լինում էր այնպես, որ ժամանակից շուտ էին հետ կանչում։ Դիրքերից չնայած միշտ հոգնած էր գալիս, բայց հաջորդ իսկ օրը բանաջարանոց էր շտապում։ Հողի հետ աշխատանքից կարծես թե հոգին թեթևանում էր։ Անչափ սիրում էր, երբ հասունացած բերքը երեխաների հետ միասին էինք հավաքում։ Բանջարանոցից տարվա բոլոր եղանակներին ինձ ու աղջկաս վարդեր էր բերում»,- ասում է Լիանան։
2023-ի սեպտեմբերին Տիգրանն արձակուրդում էր։ Գնացել էին Դահրավ՝ ծնողներին տեսության։ Ուսուցչուհի մայրը որդու ընտանիքի գալուստին նախօրոք էր պատրաստվել։ Ավագ որդու ընտանիքի համար ճոխ սեղան դրեց, սակայն չհասցրեցին վայելել ավանդական խորովածը, երբ զանգեցին և Տիգրանին շտապ ծառայության կանչեցին։
«Մայրիկն այնքան էր վշտացել… Ասաց՝ առանց հաց ուտելու բաց չի թողնի։ Մենք ուտելիք վերցրեցինք, որպեսզի հանգիստ լինի։ Ու այդպես մեքենա վարելիս աղջիկս պահում էր մսի կտորը, որ հայրն ուտի։ Հիմա, որ մտքերով հետ եմ գնում և վերհիշում այդ ամենը, հասկանում եմ՝ մոր սիրտը զգում էր, որ դա իրենց վերջին հանդիպումն է»։
«Շրջափակման ծանր օրերին անընդհատ դիրքերում էր, շատ քիչ էր տուն գալիս: Բայց դիրքերից էլ անհանգստանում էր մեզ համար: Ամեն օր զանգում ու հարցնում էր` կարողացա՞նք արդյոք հաց առնել։ Վերջին անգամ խոսեցինք սեպտեմբերի 19-ին»,- մայրիկին լրացնելով՝ ասում է դուստրը՝ Բելլան։
Սեպտեմբերի 19-ին առավոտյան Տիգրանը վերջին անգամ խոսեց կնոջ հետ ու պատվիրեց զգույշ լինել ու լավ պահել երեխաներին։
«Երբ տարհանման հրաման եղավ, 14-ամյա որդիս նստեց ղեկին և մեզ հասցրեց Իվանյանի օդանավակայան։ Կապ չկար, ոչ մի կերպ չէինք կարողանում կապ հաստատել Տիգրանի հետ։ Նրանց դիրքերը Հարավ գյուղի մոտակայքում՝ Փրմքե կոչվող տեղամասում էին գտնվում։ Պարզվում է՝ թշնամին առավոտվանից էր տարածքն արկակոծում։ Օդանավակայանում էինք, երբ ամուսնուս զոհվելու լուրը լսեցինք, բայց չէինք հավատում։ Քարացել էի։ Զգայարաններս կարծես թե չէին աշխատում։ Չէի գիտակցում, ինչ է կատարվում»,- պատմում է Տիգրանի այրին։
Տիգրան Մնացականյանին հարազատները վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 24-ին, երբ համատարած խուճապ էր, եղբայրական գերեզմանոցում՝ իրարանցում, լաց ու կոծ։ Իսկ հաջորդ օրը ընտանիքը բռնեց գաղթի ճանապարհը։
«Չկարողացանք անգամ մարդավարի հրաժեշտ տալ ամուսնուս։ Ամեն ինչ շատ հապշտապ կազմակերպվեց։ Զոհերն այնքան շատ էին, որ դագաղ գտնելն էլ մեծ խնդիր էր։ Տնից վերցրել եմ միայն ընտանեկան լուսանկարներն ու երեխաների շորերը։ Տիգրանի շորերից մի քանիսն էլ եմ վերցրել, հիմա դրանք որդիս է հագնում։ Նրա կենդանի շունչը միշտ մեզ հետ է, մեր կողքին։ Համատեղ հարուստ հուշերով լի կյանք ենք անցել, որոնցով շարունակելու ենք ապրել՝ ապրեցնելով նրա պայծառ անունը»,- կարոտով ասում է զրուցակիցս։
Տիգրան Վարշամի Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Ընտանիքով հաստատվել են Երևանում։ Արդեն երկրորդ բնակարանն են փոխել, վարձակալությամբ են ապրում։ Տանը ստեղծել են Տիգրանի հիշատակի անկյունը։ Այնտեղ միշտ թարմ ծաղիկներ կան, սակայն վարդեր չեն դնում։
«Ատում եմ վարդերը, դրանք մեզ երջանկություն չբերեցին»,- ասում է Լիանան։
Նա նոր աշխատանք է փնտրում։ Երկար առանց աշխատելու չի ստացվի։ Առայժմ փոքրիկին մանկապարտեզ է տանում, զբաղվում տան հոգսերով։
«Սկզբում մայրիկիս հետ էինք ապրում։ Ես էլ մի որոշ ժամանակ աշխատում էի տնտեսական ապրանքների խանութում։ Հիմա, որ նոր թաղամաս ենք տեղափոխվել, ստիպված էի թողնել աշխատանքս։ Որպես զոհված ազատամարտիկի ընտանիք՝ ստացել ենք միանվագ դրամական օժանդակություն, երեխաները ստանում են ամենամսյա նպաստ։ Տիգրանի ծնողները հրաժարվել են նպաստի իրենց բաժնից, որպեսզի իրենց որդու երեխաները ոչնչի կարիք չզգան։ Իրենք էլ հաճախ են մեզ այցի գալիս, երեխաներիս շրջապատում սիրով ու հոգատարությամբ։ Միասին փորձում ենք հաղթահարել պատուհասած աղետը։ Տիգրանի մայրիկը թոռներին պատմում է իրենց հայրիկի մանկությունից, նախասիրություններից»։
Երեխաներից ավագը՝ Բելլան, շարունակում է ուսումը ԵՊՀ-ում, առայժմ՝ անվճար հիմունքներով։ Հուսով է՝ քննություններին ստացած բարձր միավորները կհերիքեն՝ կրթությունն անվճար շարունակելու համար։
Դենիսը հիմնական դպրոցի ավարտական քննություններն է հանձնում։ Երկու քննությունները գերազանց է ստացել։ Նպատակ ունի ուսումը շարունակելու քոլեջում։ Մասնագիտության ընտրության հարցը վերջնական չէ, նախապատվությունը տալիս է ճարտարապետությանը։
Լիանային այս պահին ամենից շատ մի բան է մտահոգում՝ Կարմիր խաչում հերթագրվել են՝ ամուսնու դին արտաշիրիմում անելու համար, բայց առայժմ ոչ մի նորություն չկա, ժամանակի հետ հույսերն էլ են մարում։
«Գուցե և լավ է, որ Տիգրանը մնաց այնտեղ՝ Արցախում, հայրենի հողի տաքուկ գրկում։ Գուցե մենք էլ մի օր կգնանք․ կգնանք՝ Արցախում լիիրավ տիրոջ իրավունքով քայլելու, ապրելու, արարելու»,- մտորում է նա։
Անահիտ Պետրոսյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։