A
A
Կյանքում առաջին անգամ անկարող զգացի երեխաներիս առաջ․ փոխգնդապետի այրու ապրելու բանաձեւը
Աջակցիր «Ա1+»-ինԼիանայի եւ Մխիթարի սերը սկսվեց դպրոցական նստարանից ու հարատեւեց։
Մասնագիտությամբ ուսուցչուհի Լիանան, ամուսնանալով զինվորական Մխիթարի հետ, մի կարճ շրջան աշխատեց, ապա մոռացավ իր կարիերայի մասին։ Միշտ ամուսնու կողքին էր, այնտեղ, ուր նրան ուղարկում էին ծառայության։
Պատերազմը, սակայն, բաժանեց անբաժան ամուսիններին․․․
«Փոխադարձ սեր, երեխաներ ու այս ամենը՝ դրախտավայր Արցախում։ Էլ ի՞նչ էր պետք՝ երջանիկ լինելու համար։ Դժվարություններ, իհարկե, կային, մանավանդ երբ դու զինվորականի կին ես և ստիպված ես փոքր երեխաներիդ հետ տեղից-տեղ տեղափոխվել։ Բայց չէի տրտնջում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մխիթար Հովհաննիսյանի այրին՝ Լիանա Ավանեսյանը։
Զինվորական հարուստ ուղի է անցել Մխիթարը՝ շարքային ծառայողից հասնելով փոխգնդապետի կոչման։ Վաշտի, գումարտակի, ապա գնդի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ էր։
Հովհաննիսյանների գերդաստանն իրենց տանը վերջին անգամ միասին հավաքվել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին։
«Սկեսրայրիս ծննդյան տարեդարձն էր, և մենք Մարտունուց եկանք Քարին տակ։ Ճանապարհին ամուսնուս զանգեցին և հետ կանչեցին։ Իմանալով այցի նպատակը՝ թույլատրեցին երեք ժամով բացակայել։ Հասանք գյուղ, ուրախ սեղանի շուրջ ամուսինս շատ մտազբաղ էր, նրան բնորոշ հումորը բացակայում էր։ Հետո զանգեց ամուսնուս զինվորական ընկերոջ կինը և ասաց, որ սահմանին լարվածություն է զգացվում, կուտակումներ կան՝ մնամ գյուղում»,- հիշում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված փոխգնդապետ Մխիթար Հովհանիսյանի այրին՝ Լիանա Ավանեսյանը։ Ամուսինը վերադարձավ իր պարտականությունների կատարմանը, Լիանան երեխաների հետ մնաց գյուղում։
«Մխիթարը նույնիսկ թույլ չտվեց, որ հետը գնամ, գոնե երեխաների շորերը վերցնեմ։ Դա մեր վերջին հանդիպումը եղավ…»,- արցունքն աչքերին՝ պատմում է Լիանան։
Մարտական գործողություններն սկսվեցին սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07:10-ին։
«Հուժկու պայթյունների ձայնից արթնացանք և հասկացանք՝ պատերազմ է։ Հասկացա նախօրեին ամուսնուս մտազբաղության պատճառը։ Երեկոյան արդեն լսեցինք առաջին զոհերի մասին։ Մի կերպ հաջողվեց կապվել Մխիթարի հետ, կարճ խոսեց, ասաց, որ ամեն ինչ լավ է։ Իսկ մի քանի օր անց զանգեց հորը և ասաց, որ հնարավորության դեպքում երեխաներին Երևան ուղարկի»։
Սեպտեմբերի 30-ին Լիանան երեխաների հետ տեղափոխվեց Երևան, ապա Արա գյուղ, որտեղ ժամանակավոր ապաստան գտան բարեկամի առանձնատանը։
«Այդ ընթացքում մեկ-մեկ հաջողվում էր ամուսնուս հետ թեկուզ կարճատև, բայց հեռախոսազրույց ունենալ։ Վերջին անգամ ամուսնուս ձայնը լսել եմ հոկտեմբերի 8-ին։ Երբ զանգեցի, նա ինձ հույս տվեց և ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ասաց՝ հարևան պաշտպանական շրջանին օգնության են գնացել, հրամանատարական կետը հետ են վերադարձրել, զինտեխնիկա առգրավել», - հիշում է տիկին Ավանեսյանը։
Հաջորդ օրն արդեն Լիանային ոչ մի կերպ չէր հաջողվում ամուսնու հետ կապ հաստատել։ Իսկ երեկոյան իմացան Մխիթարի զոհվելու մասին։
«Առավոտյան մեր հետևից մեքենա եկավ, և մենք հետ ճանապարհվեցինք Արցախ։ Երեկոյան կողմ հասանք Քարին տակ։ Երկինքն ամբողջությամբ ծխի մեջ կորած էր։ Գլխումս ու հոգուս մեջ միայն մշուշ էր, հերոսական գյուղս ինձ երբեք այսպես չէր դիմավորել»։
Չդադարող կրակի ու ռազմական գործողությունների տակ հարազատները վերջին հրաժեշտը տվեցին հետմահու Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի արժանացած փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանին։
«Չկարողացանք նույնիսկ մարդավարի հրաժեշտ տալ ամուսնուս։ Նրան հուղարկավորեցինք Քարին տակի եղբայրական գերեզմանոցում՝ արցախյան առաջին ազատամարտում նահատակված երկու հարազատների կողքին։ Մորս ուղեկցությամբ սկեսրայրս ինձ կրկին հետ ուղարկեց Երևան։ Ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ո՞նց եմ նայելու որդիներիս՝ Էրիկի ու Դավիթի աչքերին։ Հետո իմ մեջ ուժ գտա, գոտեպնդեցի ինձ՝ ապրելուս իմաստը կփորձեմ գտնել նրանց մեջ»։
Լիանա Ավանեսյանի համար հաջորդ ցավալի հարվածը իր ծննդավայր Քարին տակի կորուստն էր, որտեղ ամփոփված էր ամուսնու մարմինը։
Մեծ դժվարություններով նրանց հաջողվեց արտաշիրիմում կազմակերպել։
«2021 թվականին կարողացանք արտաշիրիմում անել։ Ամուսնուս և 44-օրյա պատերազմում նահատակված նրա երկու հարազատներին հուղարկավորեցինք Եռաբլուրում։ Ամենացավալին որդուս հարցական հայացքն էր՝ ուղղված տատիկին. «Տատիկ, հիմա որ գյուղ գնանք, հայրիկին չե՞նք տանելու»։ Անպատասխան մնալով՝ Էրիկս ուժգին լաց եղավ։ Կյանքում առաջին անգամ ես անկարող զգացի երեխաներիս առաջ, կարծես թե կորցրել էի խոսելու ունակությունը»,- զսպելով հուզմունքը՝ ասում է Լիանան։
Պատասխանատվությունը՝ երկու որդիներին մեծացնելու, ապրուստը հոգալու, մեծ է, սակայն Լիանան հանձնվողներից չէ։ Նա հստակ որոշել է իրականություն դարձնել բոլոր այն նպատակներն ու երազանքները, որոնք ամուսիններով կապում էին որդիների հետ։
«Կարոտն անսահման մեծ է։ Ապրում եմ մեր համատեղ կյանքի անգին հուշերով։ Երեխաներս մեծանում են, նրանց մեջ տեսնում եմ ամուսնուս արտաքին հատկանիշները, բնավորության գծերը։ Երբ ինչ-որ բան են անում կամ խոսում, ասում եմ՝ ի՜նչ նման եք հայրիկին։ Նրանք այդ համեմատությունց իրենց շատ լավ են զգում, միաժամանակ պարտավորված։ Ամուսնուս կենդանության օրոք մեր տանը ֆուտբոլային օրերին տոն էր։ Այժմ ֆուտբոլ նայելու միջոցով էլ ենք առնում մեր կարոտները, զգում նրա կենդանի շունչը մեր կողքին»,- ասում է զրուցակիցս։
Արդեն երկու տարի է, ինչ Լիանան որդիների հետ Երևանում իրենց սեփական տանն է բնակվում։ Հիփոթեքով են բնակարանը ձեռք բերել։ Սկսել է կրկին իր մասնագիտությամբ աշխատել։
«Շրջապատված եմ ամուսնուս և իմ հարազատների ջերմությամբ ու հոգատարությամբ։ Դասավանդում եմ Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջում։ Ավագ որդիս որոշել է ծրագրավորող դառնալ, համապատասխան դասընթացների է մասնակցում։ Հաջորդ տարի կավարտի 12-րդ դասարանը։ Դավիթս դեռ դպրոցական է, մասնագիտական առումով դեռ չի կողմնորոշվել։ Երկուսն էլ ժառանգել են իրենց հայրիկի մարդկային գծերը։ Այդ ուղղությամբ չեմ մտահոգվում՝ կյանքում իրենց ճիշտ կդրսևորեն»,- ասում է Լիանա Ավանեսյանը։
Անահիտ Պետրոսյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։