Բացել լրահոսը Փակել լրահոսը
257
A A
Մշակույթ Հասարակություն

Քաղաքական գործիչների ուշադրությունը պետք է կենտրոնացնել այդ մեծ խնդրի վրա․ Միշել Մայոր

Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել մայորը աշխարհի առաջնորդներին կոչ է անում լսել գիտնականներին։ Աստղաֆիզիկոսը մայիսի 12-18-ը Բրատիսլավիայում էր։ Նա ավելի քան վեց տասնյակ այլ գիտնականների հետ Սլովակիայի մայրաքաղաքում մասնակցում էր STARMUS-ի 7-րդ փառատոնին։ «Ա1+»-ի հարցազրույցը Միշել Մայորի հետ։

- Պարոն Մայոր, STARMUS-ի 7-ը, որին դուք մասնակցեցիք և դասախոսությամբ հանդես եկաք, նվիրված էր Երկիր մոլորակի պահպանմանն ու գլոբալ տաքացումների դեմ պայքարին։ Հայտնի է, որ այս տարի՝ աշնանը  ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP29-ն անցկացվելու է Ադրբեջանում։ Դա շատ կարևոր միջոցառում է, որին աշխարհի առաջնորդներն են մասնակցում։ Նաև հայտնի է, որ այդ երկիրը նավթ և գազ է արդյունահանում և պատշաճ ներդրումներ չի անում մթնոլորտը աղտոտող մեթան գազի արտանետումը կրճատելու համար։ Այդպիսով՝ ինչպե՞ս եք գնահատում ՄԱԿ-ի այդ շատ կարևոր միջոցառման անցկացումն այնպիսի երկրում, որը գլոբալ տաքացումներումն իր բաժինն ունի։

- Ադրբեջանո՞ւմ, որովհետև դա մի երկիր է, որը «չունի հետաքրքրություն վառելիքի նկատմամբ»։ Իհարկե, կատակում եմ։ Չեմ կարող հասկանալ, թե ինչու են այդ երկիրն ընտրել։ Այո, գլոբալ տաքացումը շատ լուրջ խնդիր է, ես ուրախ եմ, որ դա այս տարի STARMUS-ի խորագիրն էր։ Ես համոզված եմ, որ այդ թեման կլինի նաև STARMUS-ի հաջորդ փառատոններում, որովհետև մենք դեռ չենք լուծել այդ խնդիրը։ Սա առաջինը։ Հաջորդ քայլը՝ պետք է ընտրել մի երկիր, որն ուղղակիորեն կապված է օդի աղտոտման հետ։ Եվ պետք է ինչ-որ կերպ ազդել այդ երկրի վրա, ստիպել, պարտադրել կամ խթանել, որպեսզի ինչ-որ քայլեր ձեռնարկի։

- Գիտական աշխարհը կարո՞ղ է ազդել քաղաքականության, քաղաքական որոշումներ կայացնողների վրա։ Չէ որ այդ որոշում կայացնողները վաղը մեկնելու են գլոբալ տաքացման մեջ «ներդրում» ունեցող երկիր և խոսալու են գլոբալ տաքացման դեմ պայքարի մասին։

- Ես չգիտեմ, արդյոք մենք հաջողության կհասնենք, բայց պետք է քաղաքական գործիչների ուշադրությունը կենտրոնացնել այդ խնդրի կարևորության վրա, թե ինչ պետք է արվի։ Կարո՞ղ ենք արդյոք ստիպել նրանց։ Կասկածում եմ, որովհետև նրանք չեն սիրում, երբ իրենց ստիպում են ինչ-որ բան անել։ Երկու-երեք տարի առաջ կորոնավիրուսի համաճարակի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը առաջ քաշեց հարցը, թե ինչ պետք է արվի պանդեմիայի ժամանակ։ Քաղաքական գործիչները միանգամից պատասխանեցին՝ գիտնականները չէ, որ պետք է մեզ ասեն, թե ինչ պետք է անենք։ Տեսնո՞ւմ եք։ Ես կարծում եմ, որ գիտնականների դերը երկրի տաքացման դեմ պայքարում շատ կարևոր է, բայց տարօրինակ է, որովհետև միշտ կան մարդիկ, որոնք պայքարում են դրա դեմ։ Ինչու: Որովհետև նրանք մասնագետ չեն, չնչին փոքրամասնություն են, ոչինչ չգիտեն, բայց շատ ակտիվ են և ընդդիմանում են։ Այդպիսով ես հավատում եմ այս հարցում STARMUS-ի կարևորությանը, այդ գլոբալ խնդրի մեջ STARMUS-ի ներդրմանը։

- Հիմա աշխարհում մի քանի թեժ պատերազմներ են ընթանում՝ Ռուսաստան- Ուկրաինա, Իսրայել-Պաղեստին և այլն։ Ձեր կարծիքով գիտությունն ինչ դեր ունի այդտեղ։

- Ես չգիտեմ, պատերազմների դեպքում արդյոք գիտությունն ավելի ուժեղ է։ Միջազգային լրատվամիջոցները խոսում են Ռուսաստանի մասին, դա շատ կարևոր է, բայց գիտության մարդիկ, նրանց ազդեցությունն այս բնագավառում առկա չէ։ Իրոք, երբեմն կան ուժեղ անհատներ, որոնք ասում են՝ ոչ։ Օրինակ, երբ անցյալում Ռուսաստանում «ատոմային ռումբի հայրը» Անդրեյ Սախարովը կտրուկ ընդդիմացավ, խոսեց ռումբի վտանգների մասին, դա, իրոք, գործեց։ Բայց դա բացառիկ դեպք էր։ Ես չեմ կարծում, որ դուք կարող եք ազդել, օրինակ, Վլադիմիր Պուտինի վրա։ Դուք հավատո՞ւմ եք դրան։

- Դուք երկար տարիներ զբաղվել եք գիտությամբ, հետևել եք նաև քաղաքականությանը։ Ի՞նչ հետևություն եք արել, գիտությո՞ւնն է ավելի ազդեցիկ, թե՞ քաղաքականությունը։ Ո՞րն է հաղթում։

- Ակնհայտ է, որ քաղաքական գործիչների ազդեցությունն ուժեղ է։ Բայց ես հավատում եմ, որ միանշանակ շատ կարևոր դեպքերում վճռական է գիտնականների ազդեցությունը։ Եթե համաճարակի վրա պատշաճ ուշադրություն դարձվեր, իրավիճակն այլ կերպ կլիներ։ 40 տարի առաջ առկա էր սառը պատերազմ, մեծ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը ավելացնում էին ատոմային ռումբի պաշարները։ Կար ֆիզիկոսներից բաղկացած մի հանձնաժողով, որն ասաց՝ կանգ առեք։ Նրանց  հաջողվեց համոզել մեծ երկրներին, և փոքր ինչ սահմանափակեցին զինվելու մակարդակը։ Բայց ոչ միշտ է այնպես լինում, որ կարողանաս բավարար չափով ազդել այդ որոշումների վրա։ Գիտեք, Շվեյցարիայի խորհրդարանում շատ քիչ մարդիկ ունեն գիտական աստիճան, մեծ մասամբ լոբիստներ են, տնտեսագետներ, իրավաբաններ, որոնք պետք է քննարկեն բանակի, էլեկտրաէներգիայի, գլոբալ տաքացումների խնդիրները։ Նրանք դրա համար բավարար գիտելիքներ չունեն։ Ես չեմ հակադրում քաղաքագետներին և գիտնականներին, բայց գիտնականները պետք է ներկա լինեն նման քննարկումներին։ Տարիներ առաջ մի բժիշկ խորհրդարանում ասաց, որ ինքը փրկել է ավելի շատ մարդ որպես քաղաքական գործիչ, որպես խորհրդարանի անդամ, քան որպես բժիշկ, քանի որ պայքարում էր դպրոցներում և այլ վայրերում ծխելու դեմ։ Հուսով եմ, դա գործում է բոլոր երկրներում, բայց միաժամանակ չեմ կարծում, որ Հայաստանի, ԱՄՆ-ի կամ այլ երկրների խորհրդարաններում կան բավարար թվով գիտնականներ։

- STARMUS-ը կարո՞ղ է ազդել գլոբալ քաղաքական որոշումների վրա։ Չէ որ աշխարհի գիտական սերուցքն է համախմբել։

- 15 տարի առաջ մենք մասնակցել ենք STARMUS-ի առաջին փառատոնին, մենք տեսնում ենք, որ այն աճել է և ավելի ու ավելի կարևոր է դարձել։ Ես միգուցե այն ավելի ազդեցիկ կդառնա։ Ես հույս ունեմ։

- Իսկ ի՞նչ կոչ կանեք աշխարհի քաղաքական առաջնորդներին մարդկության, երկրի պահպանման համար։

- Ես կասեի՝ լսեք գիտնականներին։ Դա մի քիչ անհամեստ է հնչում, բայց կարծում եմ, որ պետք է։