A
A
Հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը
Աջակցիր «Ա1+»-ին2026 թվականի հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17)՝ դառնալով միջազգային բնապահպանական կարևորագույն հարթակներից մեկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրների պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության անդամներ՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ համաշխարհային առաջընթացը և մինչև 2030 թվականը նախատեսված առաջնահերթ քայլերը։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը, որը ներառում է ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական նշանակության մի շարք կարևոր թեմաներ։
Համաժողովի առանցքային թեման լինելու է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը։ Մասնակիցները կգնահատեն ծրագրի իրականացման համաշխարհային առաջընթացը, ինչպես նաև կքննարկեն մոնիթորինգի, հաշվետվողականության և իրականացմանն աջակցող մեխանիզմները։
Օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում կարողությունների զարգացման, գիտատեխնիկական համագործակցության, գիտելիքների կառավարման, ինչպես նաև հաղորդակցության, կրթության և հանրային իրազեկմանն առնչվող հարցերը։
Քննարկումների առանցքում կլինի նաև ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիան և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ այլ կոնվենցիաների ու կազմակերպությունների հետ քաղաքականությունների համադրման նպատակով։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և հարակից դրույթների իրականացմանը, որոնք վերաբերում են բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին ու մասնակցությանը։
Երևանյան հանդիպման օրակարգում ներառված են նաև գենետիկական ռեսուրսների թվային տվյալների օգտագործման, սինթետիկ կենսաբանության, գենդերային հավասարության, ինչպես նաև կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության, առողջապահության ու ծովային էկոհամակարգերի միջև փոխկապակցվածության թեմաները։
Քննարկվելու են նաև անտառային կենսաբազմազանության, պահպանվող տարածքների և կենսաբազմազանության հարցերի՝ քաղաքականությունների ու ոլորտային կառավարման համակարգերում ինտեգրման ուղղությամբ հետագա քայլերը։