Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։
Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է, և կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատասխան ունենա հետևյալ հարցերի. ի՞նչ է կատարվում մեր երկրում, ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, ինչու՞ է կատարվում այդ ամենը և որո՞նք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները:
Առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որ ՀՀ կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին: Դա Իրական Հայաստանի ռազմավարությունն է, այն Հայաստանի ռազմավարությունը, որի ոսկեգույն քարտեզ-պատկերն ամեն առիթով բոլորիդ ցույց եմ տալիս: Ահա, այս Հայաստանի մասին է խոսքը:
Իսկ ինչու պիտի այս քարտեզը բանավեճեր հարուցի, կրքեր բորբոքի: Մի պարզ պատճառով. ոչ միայն նախորդ 33 տարում, այլև դրանից առաջ էլ մեր սոցիալ-հոգեբանության օբյեկտը, նպատակն ու նպատակակետն ա՛յս Հայաստանը չի եղել:
Ու սրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ: Այդ պատճառներից առանցքայինը դարերով պետություն չունենալու մեր ազգային դժբախտությունն է, որն ինքնին պիտի մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ վառ պահեր պետականությունը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է եղել:
Բայց պետություն երազելիս՝ մենք հենվել ենք այն հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում մեր ունեցած պետական ավանդույթից. Երվանդունիների Հայաստան, Արտաշեսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան: Այդ Հայաստաններն իրենց տարածքով, երբեմն աշխարհագրական դիրքով նույնական և համադրելի չեն եղել իրար հետ, ինչը Հայաստանի մասին մեր պատկերացումների կոնկրետացման և առարկայացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել:
Սա կարող է էական չթվալ, բայց պատկերացրեք՝ դուք ուզում եք տուն կառուցել, բայց վստահ չեք, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն եք ուզում կառուցել: Մինչև այս հարցերում ձեր պատկերացումները չկոնկրետանան, դուք չեք կարող կառուցել այդ տունը և շինարարությանն ուղղված ձեր ջանքերը երբեք չեն առարկայանա: Առավելագույնը, որ կունենաք՝ քաոտիկ գործողություններն են, որովհետև դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե որ տարածքում եք ուզում տուն կառուցել, ինչ դիրքով, ինչ չափի:
Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում, մենք չհասցրեցինք կոնկրետանալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում:
Երկրորդ Հանրապետությունը սովետականն էր, որն ինքնիշխան պետություն չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնվող երկիր, և այս փաստի բերումով թշնամական միջավայր էր անկախության և անկախ Հայաստանի մասին մտածելու համար: Նման մտքեր ու մտածումներ ունեցողները ենթարկվում էին քրեական հետապնդման և սպառնալիք էին Խորհրդային Միության անխախտության համար:
Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ Խորհրդային Միության մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր, երբեմն աշխարհքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: Խորհրդային Միությունը խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում:
Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր Խորհրդային Միության համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր Հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ Խորհրդային Միությունը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:
Իսկ նրանք, ովքեր հայոց պետականության զգացումները փորձում էին կապել Խորհրդային Հայաստանի հետ, որպես հակասովետական գործունեության կրողներ, հայտնվում էին բանտերում և քաղաքական լուսանցքներում, այսինքն՝ նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում:
Ահա այս, հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ:
Այստեղ է, որ հայտնվեցինք վերը նկարագրված վիճակում, երբ այնքան էլ վստահ չենք ինչ տարածքի վրա ենք ուզում պետություն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել և ինչ չափերով:
Եվ հայրենիքի փնտրտուքը վերահաստատվեց որպես Երրորդ Հանրապետության առանցքային սոցիալ-հոգեբանություն:
Երրորդ Հանրապետության խորքային պրոբլեմների մի հսկայական մասը կապված է հենց սրա հետ:
Չեմ կարող պարծենալ, թե այս ըմբռնումն ունեցել և հայեցակարգային այս նրբությունները գիտակցել եմ միշտ կամ իմ վարչապետության ողջ ընթացքում: Այս օրակարգին համակարգված ձևով առնչվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ խորությամբ և գործնականում տեսնելով այն սպառնալիքները, որ կախված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա, այլև ընդհանրապես մեր պետության գոյության վրա:
Եվ հետևաբար, հայեցակարգային հարցը, որի լուծումը կենսական եմ համարել որպես վարչապետ, հետևյալն է՝ ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել Հայաստանի Հանրապետության հարատև ու բարեհաջող ապագան:
Ահա այս հարցերի շուրջ ռազմավարական մտածումներն են ինձ հանգեցրել Խաղաղության օրակարգին և Իրական Հայաստանի տեսլականին, որոնք խորապես կապված են մեկը մյուսի հետ:
Եթե մեր ռազմավարական տեսլականն Իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու, որովհետև մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք և հետևաբար, ամեն ինչ անելու է մեր պետականությունը կամ ֆիզիկապես ոչնչացնելու, կամ նրա զարգացումը թույլ չտալու համար:
Եվ երկրորդը, երբ մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան չենք ծախսում Իրական Հայաստանի ռազմավարական կարիքների վրա, չենք ունենում այն արդյունքները, որ կարող էինք ունենալ, և Հայաստանի զարգացումը, մեր երեխաների ապագան խոչընդոտվում է կրկնակի: Եվ խաղաղությունը, որ այնքան հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, դառնում է առավել անհասանելի:
Այս պայմաններում էականորեն վնասվում է մեր երկրի ինքնիշխանությունը, որովհետև երբ հայրենիքի մասին քո պատկերացումները ճշգրտորեն չեն նույնականանում քո երկրի միջազգայնորեն լեգիտիմ սահմանների հետ, դու ստիպված ես բացել ճանապարհն ուրիշների անհամաչափ ազդեցությունների համար, որովհետև քեզ թվում է, թե այդպիսով ուժ և աջակցություն ես ստանում առաջ մղելու քո լեգիտիմ սահմանների հետ չհամընկնող օրակարգերը:
Այսպիսով, ահա, կրկին հայտնվում ենք հայրենասիրության Խորհրդահայ մոդելի մեջ: Հենց այս մոդելն է, որ հայրենիք հասկացությունը տարանջատել է պետություն հասկացությունից՝ լուծելով գործնական խնդիրը, որ հայ ժողովուրդը Հայկական ԽՍՀ-ն, թեկուզ ոչ լիարժեք, բայց պետությունը հայրենիք չհամարի, որովհետև այդ պետությունը հայրենիք համարելու հաջորդ քայլը, անկախության գիտակցության խորացումն էր լինելու:
Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան:
Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձևերի վրա, այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո: Ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման, ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ:
Եվ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:
Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը: Այսօր մեր երկիրը կատարյալ չէ, նաև այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս կոնկրետանալ և ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել, և սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն:
Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն: Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք՝ Հայաստանի Հանրապետություն, և հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից: Եվ այդ, միայն այն դիտանկյունից է, որ երևում է ապագան և դեպի այդ ապագան գնալու երթուղին:
Այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:
Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով, որովհետև սա մի բանաձև է, մի շարժում է, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն և ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն: Սա բանաձև է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, հնարավորություն է տալու կոնկրետացնել և վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի:
Ինչպե՞ս, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ ս/թ մայիսի 7-ի ասուլիսում, այլ ելույթներում ու այս ձևաչափով նույնը կրկնելու կարիքը չեմ տեսնում:
Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, մեր երկրի հետ, և թե ինչու՞ է դա տեղի ունենում:
Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը: Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն և ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն:
Թե 2018 և թե 2021 թվականին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետության ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում: