Բացել լրահոսը Փակել լրահոսը
439515548_7000702463366951_4769314784871272365_n
A A
Հասարակություն

Մեծ տղաս դպրոցից նոր էր տուն եկել, միջնեկը մանկապարտեզում էր, փոքրս` քնած, ամուսինս ու եղբայրս պոստերում. մի կնոջ պատմություն

Ամալյա Գասպարյանը չորս տղաների մայր է՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում է ծնվել։ Նկարել սկսել 5 տարեկանից։ Սիրում էր տիկնիկներ նկարել՝ տարատեսակ հագուստներով։

Ավարտել է Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի հագուստի մոդելավորում բաժինը։ Դիպլոմային աշխատանքին ներկայացրել է Արցախյան տարազը՝ համադրելով այն նորաոճ հագուստի հետ։ «Ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացա, ունեցա բալիկներ և նկարչությունը որոշ ժամանակ որպես հոբբի մնաց իմ կյանքում»,- ասում է Ամալյան։ Հարս գնալով Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը՝ Ամալյան տան պայմաններում նկարչական խմբակ բացեց։ Սովորեցնում էր նկարչություն և դիզայն. «Օր օրի աշակերտներիս քանակն ավելանում էր, դա ուղղակի մի փոքրիկ հնարավորություն էր նկարչությունը սիրող երեխաների համար, ինձ համար էլ առիթ՝ որպեսզի չմոռանամ նկարչության օրենքները։

2020-ին ինչպես որ շատերի, Ամալյայի երազանքներն էլ հօդս ցնդեցին։ Քարին տակն անցավ թշնամու տիրապետության տակ։ Իրենք ընտանիքով հաստատվեցին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Երեք որդիների մայր էր արդեն, իսկ չորրորդը պիտի ծնվեր, երբ սկսվեց շրջափակումը։ «Շրջափակումը պատճառ դարձավ, որ ես ու մայրիկս սկսենք զբաղվել էկո պայուսակների և տոպրակների արտադրությամբ։ Մայրս՝ կարում, իսկ ես նկարում էի արցախյան թեմատիկայով պատկերներ։ Նույնիսկ այդ դժվարին պահին մարդիկ պատվիրում ու ահագին երկար տարածություն ոտքով էին հասնում, որպեսզի վերցնեին պատվերները։ Չեք պատկերացնի ինչքան ցավով եմ հիշում այդ ամենը, մի կողմից պատվերներն էին շատ, մյուս կողմից` հացի անվերջանալի հերթերը, որ եթե չգնայինք, այդ օրը կես հացից էլ կզրկվեինք։ Մայրս կարում՝ գնում էր հերթի, ես էլ նկարում էի ամբողջ գիշեր՝ հաճախ մոմի լույսի տակ, որպեսզի առավոտյան պատվերները պատրաստ լինեն։

Դժվար օրեր ենք ունեցել, մեկ-մեկ պատմում ենք՝ մարդիկ չեն հավատում, որ 21-ր դարում այդպիսի ապրուստի պայմաններ էլ են լինում։ Դժվարին ժամանակները ուժեղ մարդիկ են ծնում։ Այդպես էր և Ամալյայի պարագայում։ Ապրանքանիշի անվանման մասին չէր մտածում, քանի որ շրջափակումն ամեն ինչի պակաս կամ իսպառ բացակայություն էր առաջացրել այդ թվում և տոպրակների, ուստի ուղղակի որոշել էին մի փոքր թեթևացնել մարդկանց հոգսերը ու ամենևին էլ շահույթի մասին չէին մտածում։ Հետո որոշվեց՝ «Մի կուճիր Արցախ» (Մի փոքրիկ Արցախ) անվանումը, քանի որ Ամալյայի ձեռքի աշխատանքներից յուրաքանչյուրն իր մեջ մի փոքրիկ Արցախ է պարունակում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ամալյան իր առօրյա գործերով էր զբաղված, երբ տարօրինակ ձայներ լսեց։ «Մտածում էի, երևի գյուղացիներն են ձմեռվա համար փայտ բերել, թափում են։ Հետո հարևանուհիս լացակումած եկավ, թե բա պատերազմ է սկսվել։ Մեծ տղաս դպրոցից նոր էր տուն եկել, միջնեկը մանկապարտեզում էր, փոքրս` քնած, ամուսինս ու եղբայրս պոստերում։ Կապ չկար, ոչ մի կերպ չէի կարողանում Ստեփանակերտում գտնվող ծնողներիս հետ կապվել, որևէ հարազատից տեղեկություն իմանալ։ Գիշերը մի կերպ լուսացրինք գյուղում, առավոտյան ինձ տարան հիվանդանոց»…

Դաժան իրականության ու համատարած մղձավանջի մեջ լույսի մի շող արձակվեց ու ծնվեց Ամալյայի չորրորդ որդին՝ Մոնթեն։ «Երբ փոքրիկս ծնվեց էլ ավելի շատ էի վախենում, քանի որ լուրեր էին տարածվել, որ թշնամին մտել է արդեն մայրաքաղաքի հրապարակ։ Վերջապես ամուսնուս հետ կապի դուրս եկան մերոնք, տեղեկացրեցին որ Մոնթեն ծնվել է, ասեցին որ մնացած երեխաները գյուղում են մնացել։ Ամուսինս մի կերպ հասավ գյուղ, վերցրեց բալիկներիս ու մեկական շոր նրանց համար, նաև մի քիչ սնունդ ,և անմիջապես եկան ծննդատուն։ Էլ հետ գյուղ չգնացինք` կյանքից թանկ ոչինչ չկա, նյութականը միշտ էլ կարող ենք ստեղծել, կարևորը մարդկային կյանքն է։ Արցախից կարողացանք միայն մի քիչ հող բերել, ուրիշ ոչինչ»։

Մահվան սպառնալիքի ներքո տեղափոխվելով Հայաստան՝ բնակություն են հաստատել Հրազդանում։ Տեղեկանալով, որ կազմակերպվում է «Վըսկէ ծերքեր» փառատոնը՝ Ամալյան որոշեց, որ անպայման մասնակցելու և ներկայացնելու է իր գործերը։ Այդպիսով փորձելով լուսավոր կետ գտնել ու շարժվել այդ ուղղությամբ։

Բազմազավակ մայրը որոշել է՝ էլ հետ չի նայելու։ Չնայած երիտասարդ տարիքին՝ դժվարություններ շատ է տեսել, ու ամեն կերպ փորձում է երեխաներին միայն դրական լիցքեր հաղորդել։ «Երեխաներս դժվարությամբ են համակեպվել նոր միջավայրին, չնայած նրանց նկատմամբ տածած ուշադրության և հոգատարության։ Արդեն երկու դպրոց ու մանկապարտեզ ենք փոխել, քանի որ մե՛կ մենք հարմար տուն չէինք գտնում, մեկ էլ՝ բազմազավակ ընտանիքին հրաժարվում էին բնակարան վարձով տալ։ Ավագ որդիս դպրոց է հաճախում, միջնեկս՝ առայժմ վճարովի կրթահամալիր, քանի որ պետական մանկապարտեզում տեղ չկար։ Գրանցվել և սպասում ենք մեր հերթին, ասել են օգոստոսին տեղեր կլինեն։ Բալիկներս էլ են սիրում նկարել, 3 տարեկան տղաս մեկ մեկ պատկերներ է նկարում, անկեղծ ապշում և ուրախանում եմ։ Նրանք ինձ լիցք են տալիս ավելի եռանդով աշխատելու և ավելիի հասնելու համար»։

սևակշ.jpg (43 KB)

439515548_7000702463366951_4769314784871272365_n.jpg (55 KB)

Անահիտ Պետրոսյան