Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փաշինյանը վարում է Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Կառավարությունը 2023 թվականին իրականացրել է սուբվենցիոն ծրագրերի ռեկորդային համաֆինանսավորում՝ ավելի քան 33 միլիարդ դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 3 միլիարդ 151 միլիոն դրամ՝ 34 համայնքի 43 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից 2-ը սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022-ին, 31-ը՝ 2023 թվականին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 453 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 6 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ, Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ

«Այս ծրագրերն իրականում 2023-ին հիմնականում ավարտվել էին, թեև որոշակի թղթաբանության հետ է կապված, որ հիմա ենք կատարել վճարումը: Սա 2023 թվականի չափաբաժնի մեջ է: 2023-ին համաֆինանսավորել ենք ռեկորդային մեծ չափով՝ 30 միլիարդ 300 միլիոն, և 3 միլիարդ 151 միլիոն էլ այսօր ենք ֆինանսավորում»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը:

Եվ այսպես, Արագածոտնի մարզում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Աշտարակ համայնքի կարիքների համար հատուկ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում, Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի գազիֆիկացում՝ 12,6կմ: Արարատի մարզում՝ Արարատ համայնքի Արարատ բնակավայրում մարզադպրոցի

կառուցում, Վեդի համայնքի Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցում՝ 10,1 կմ:

Արմավիրի մարզում՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում, Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրի փողոցների տուֆով սալարկման աշխատանքներ՝ 098կմ, Մեծամոր համայնքի Հայկավան, Նոր Արտագերս, Շենավան բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում: Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցում, Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Վարդենիս համայնքի Ավազան, Արփունք, Արեգունի, Գեղամասար, Սոթք, Կուտական, Նորակերտ, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Կարճաղբյուր և Լուսակունք բնակավայրերի խմելու ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցում՝ 26,8 կմ, Վարդենիս բնակավայրի Ա․ Սեսմանուկյան 5, Լեռնագործների 1/2 բազմաբնակարան բնակելի շենքների տանիքների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Արփունք, Դարանակ, Կախակն, Կութ, Մաքենիս, Շատջրեք, Ջաղացաձոր և Վանևան բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի անցկացում՝ 9.4 կմ, Սևան համայնքի Սևան բնակավայրի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի փողոցների և Գագարին բնակավայրի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 4 կմ:

Լոռու մարզում՝ Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ, Գարգառ և Ամրակից բնակավայրերի փողոցների սալարկում՝ 1,2 կմ, Սպիտակ համայնքի Լեռնանցք, Ջրաշեն, Հարթագյուղ և Շիրակամուտ բնակավարերի թաղամասերի գազիֆիկացում՝ 4,6կմ, Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի մանկապարտեզի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում, Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի գույքի ձեռքբերում, Տաշիր համայնքի Նորաշեն, Արծնի, Ձորամուտ և Մեդովկա բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ՝ 2,5կմ, Տաշիր համայնքի Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Կաթնառատ, Պրիվոլնոյե և Միխայլովկա բնակավայրերի ջրամատակարարման ապահովում՝ 12 կմ, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկում՝ 1,8 կմ, Փամբակ համայնքի Վահագնի, Արջուտ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ 0,5կմ, Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Նեղոց բնակավայրերի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ՝ 4,0 կմ, Թումանյան համայնքի բնակավայրերի համար գյուղտեխնիկայի ձեռքբերում, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 2, 16, 22 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:

Կոտայքի մարզում՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջ թաղամասից մարզադաշտ տանող ճանապարհի և 3-րդ, 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների հիմնանորոգում, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի 4-րդ և Հատիս բնակավայրի 6-րդ փողոցների ասֆալտապատում` 0.68կմ, Արզնի համայնքի Արզնի բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում և փոխարինում` 6,5կմ, Գառնի համայնքի Գառնի բնակավայրի ճանապարհային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ՝ 4 կմ, Նաիրի համայնքի Եղվարդ, Զորավան բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ՝ 7,4 կմ,

Նոր Հաճըն համայնքի Գետամեջ, Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ 4 կմ:

Շիրակի մարզում՝ Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում՝ 2,3 կմ, Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգում՝ 0,87 կմ:

Սյունիքի մարզում՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի աջակողմյան մայթի նորոգում: Վայոց ձորի մարզում՝ Վայք համայնքի Հերհեր բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ՝ 0,48 կմ, Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրի Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության իրականացում, Արենի համայնքի Արենի բնակավայրում ոռոգման ջրի մղիչ պոմպի և պոմպակայանի կառուցում:

Տավուշի մարզում՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ և Ջուջևան բնակավայրերի խմելու ջրի համակարգի կառուցում և վերանորոգում՝ 19,0 կմ, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում՝ 4,0 կմ, Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 9, Նոյեմբերի 29/3, Բարեկամության 11 բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների նորոգում, Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի Գոշ փողոցի տուֆապատում:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է իրականացվող աշխատանքները որակով կատարելու, դրա նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ մեծ ծավալի գումարներ են ծախսվում այդ ծրագրերի համար. «Այն, որ ես ասում եմ «որակ», նկատի չունեմ այն որակը, որն աշխարհում կա: Ես նկատի ունեմ այն որակը, որն օբյեկտիվորեն կարող է մեզ հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, որոնք անզեն աչքով նկատելի են: Նախ պետք է արձանագրենք, որ այն ճանապարհը, որն ընդունված է, և այդտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեց, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ և համեմատությամբ: Սա մենք պետք է ապահովենք, հակառակ դեպքում՝ դա լուրջ խնդիր կդառնա»,-ասել է վարչապետը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարելով այդ հարցերը պահել ուշադրության կենտրոնում:

Կառավարությունը նախաձեռնել է գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների կազմակերպման գործընթացին և նշել, որ գնումների մասին օրենսդրության լավարկումների մասին շատ է խոսվում, բայց լավարկումն այդքան էլ տեսանելի չէ: Վարչապետն առաջարկել է գնումների մասին լավարկման ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որը կգործի անկախ հանձնարարականներից:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024-ի սկզբից նախաձեռնվել է գնումների մասին նոր օրենքի պատրաստման գործընթաց, և վերջերս նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց դիտարկումները: «Առաջիկայում մենք լայն խորհրդակցությունների շրջանակ կսկսենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների և տնտեսվարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք իրականացնել նոր օրենքով: Ուզում եմ ընդգծել, որ մենք խոսում ենք նոր օրենքի մասին, ոչ թե օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որովհետև կարծում ենք՝ այն իրականությունը, որում մենք գտնվում ենք, և այն իրականությունը, որում գրվել է այդ օրենքը, արդեն բավականին բան է փոխվել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրականացվելու են ֆունդամենտալ քայլեր, որոնց մասին պարբերաբար կզեկուցվի վարչապետին:

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նույն խնդիրը գոյություն ունի նաև հանրային ծառայությունների ոլորտում, որը նույնպես ուշադրության կենտրոնում պետք է լինի. «Գնումների ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին և ժամանակակից բիզնես հարաբերություններին: Սա շատ կարևոր է: Երկրորդն էլ՝ մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում և համակարգը լրացուցիչ նաև լարում ենք»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն գնման գործընթացը և գնման մրցույթը կազմակերպելու, այլ նաև գնման ընթացքը կառավարելու հարցերին:

«Կոռուպցիայի ընկալման ցուցիչով» Հայաստանի հետընթացը կանգնեցվել է և մի փոքր առաջընթաց է գրանցվել

Կառավարության նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև անցած տարի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ Հայաստանի գրանցած նահանջին և նշել, որ հետընթացը կանգնեցվել է և մի փոքր էլ առաջընթաց է գրանցվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է զեկույցի մեջ ներառված հետևյալ տողը. «Չնայած նրան, որ Հայաստանը, ինչպես և տարածաշրջանի շատ այլ երկրներ, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն կառավարելի դարձնելու համար կոռուպցիոն ռիսկերը»:

Վարչապետը նշել է, որ չնայած Հայաստանն առերեսվել է անվտանգային մարտահրավերներին, սակայն իրավիճակների շատ կոնկրետ ճգնաժամի պարագայում և՛ հրապարակային, և՛ աշխատանքային մակարադակներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ճիշտ աշխատանքը և ճիշտ արձագանքն օրակարգային հարցերից չշեղվելն է և այդ ուղղությամբ շարունակել աշխատելը: «Այսօր շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսևորումները, և դա միայն այն բանի շնորհիվ է, որ նույնիսկ 2020 թվականի, նույնիսկ 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել: Եվ կատարված բարեփոխումների շնորհիվ է, որ մեր դիմակայունության մակարդակը բարձրացրել ենք, և այս ճանապարհով պետք է գնանք»,-ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույցին ի հավելում արձանագրել է. «Բոլոր հարցերն արդեն կառավարության օրակարգում են, այսինքն՝ ռազմավարության, քաղաքականության կամ օրենքի մակարդակում, դրանք բոլորն օրակարգում են: Եվ Ձեր նշած նախադասությունը հենց այդ կոնտեքստում է, որ արդեն կա այդ հնարավորությունը, այդ միջավայրը ստեղծված է, մնում են մեր աշխատանքները: Եվ եթե մեր աշխատանքներն ավելի ինտենսիվացնենք, վստահ եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ հաջողություններ կունենանք»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության Հայաստանի կառավարության կամքն անփոփոխ է: Վարչապետը հետաքրքրվել է հակակոռուպցիոն ռազմավարությունով միջոցառումների ցանկի մասին, ինչին ի պատասխան Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ այո, կա նման ցանկ և հավելել. «Հակակոռուպցիոն ռազմավարությունը նոր ենք ընդունել: Այն մեր ամենամասնակցային ռազմավարություններից է: Եվ կարևորը, որ հենց բիզնեսի հետ ենք աշխատել ռազմավարական նպատակներն ուրվագծելու համար: Այսինքն՝ հենց իրենք են լուծումներ առաջարկել»: Արդարադատության նախարարը նաև հորդորել է գործընկերներին գնումների մասին նոր օրենքի նախագիծը կազմելիս առաջնորդվել այս ռազմավարությամբ:

Անդրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվին Գրիգոր Մինասյանը նշել է. «Շատ կարևոր է արձանագրել, որ տարին շատ անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում գլոբալ առումով, աշխարհի առումով, և այս մեկ միավորի արժեքը մենք պետք է շատ գնահատենք, քանի որ, օրինակ, Իռլանդիա և Իսլանդիա մինուս երեք միավոր են, իսկ մեր հարևան Վրաստանը նույնպես մինուս երեք միավոր է»:

Հարթակների գործարկման առումով՝ Արդարադատության նախարարը գոհունակությամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունը մեր երկրում թվայնացված է, և փետրվարի 1-ի դրությամբ արդեն 34 դատական հայց ներկայացվել է հարթակով: Այս փուլում փաստաբանները, իրավաբանական անձինք, պետական հիմնարկները, կառույցները, ֆիրմաները կարող են ներկայացնել դատական հայց բացառապես թվային հարթակի միջոցով, իսկ հաջորդ փուլում դա կվերաբերի նաև ֆիզիկական անձանց:

Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

Կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ոլորտում իրականացվել է բավական մեծ աշխատանք, սակայն դեռևս այդ ուղղությամբ անելիքները շատ են: «Մասնավորապես՝ հանրային ծառայությունների ոլորտում գնումների գործընթացն առավելագույնս կանոնակարգելու, թափանցիկ և մրցակցային դարձնելու խնդիր կա, որովհետև դա մի թեմա է, որը նաև մեր սակագնային բանաձևերի վրա է շատ ուղղակի ազդեցություն ունենում: Մենք մի շարք ուղղություններով ունենք կարևոր աշխատանք իրականացնելու, այդ թվում՝ իրազեկումների առումով: Ես մեր քննարկումից մի դրվագ շատ եմ կարևորում. հիշում եք, երբ պարոն Հովհաննիսյանը հարց բարձրացրեց կապված էլեկտրական հոսանքի մատակարարումն անջատելու վերաբերյալ: Մենք քննարկեցինք նման դեպքերում, երբ սահմանված ժամկետում էլեկտրամատակարարումը չի վերականգնվում, քաղաքացիներին փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները, որովհետև այդ մեխանիզմն այսօր գործում է: Բայց մեր քաղաքացիները գործնականում իրազեկված չեն դրանից, իրենք չգիտեն, որ եթե 4 ժամ և ավելի որևէ տեղ հոսանքի անջատում է տեղի ունենում, ՀԷՑ-ը պարտավոր է փոխհատուցել, որոշակի վճարում իրականացնել: Հանձնաժողովը նաև վերահսկում է այդ գործընթացը և այդ վճարումներն իրականացվում են»,- ասել է վարչապետը և կարևորել նման մեխանիզմների առկայությունը, որոնց միջոցով քաղաքացիները կարող են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ մատուցվող հանրային ծառայությունների կարգավորման առումով:

Դիմելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր ուղերձը պետք է շատ հստակ լինի՝ առաջիկայում շատ ակտիվ ենք լինելու ոլորտում բարեփոխումներ իրականացնելու

մասով: Ընդունված կամ նախատեսվող ռազմավարությունների հաջող իրականացումը կախված է նաև այն կարգավորումներից, որոնք իրականացվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Մենք վերականգնվող էլեկտրաէներգիայի, նոր ատոմակայան կառուցելու հետ կապված պլաններ ունենք, մեծ խնդիրներ ունենք ջրի ոլորտում՝ խմելու, ոռոգման ջրի: Ես ուզում եմ մեր ընկալումները փոխենք, մեր մտածածն այն չպետք է լինի, որ ջուրը չթանկանա, այլ պետք է մտածենք, որ մարդիկ ինչքան ուզեն շուրջօրյա ջուր ունենան՝ և՛ ոռոգման, և՛ խմելու: Մենք դա պետք է ապահովենք»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է ՀԾԿՀ-ի ակտիվ համագործակցությունը ոլորտի հետ առնչվող գերատեսչությունների հետ:

Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Շատ ճիշտ և հանգամանալից նշեցիք այն աշխատանքները, որոնք դեռևս ունենք անելու, մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխման ուղղությամբ՝ ազատականացված շուկայի և նոր մոդելի ներդրման: Այն արդեն ավարտին է հասցվում, սակայն այստեղ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս: Անհրաժեշտ է ավելացնել հսկողական մեխանիզմները՝ շուկայի մասնակիցների չարաշահումները բացահայտելու նպատակով: Աշխատանքներ կան արվելու սպասարկման որակի ուղղությամբ, այդ թվում՝ սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկման ապահովման»,-ասել է Գարեգին Բաղրամյանը՝ վստահեցնելով որ ներկայացված բոլոր ուղղություններով պատշաճ աշխատանք կտարվի: