Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը․ ուղիղ (տեսանյութ)

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնեց պաշտոնը: Իր ելույթում նախագահն ազդարարեց Ամերիկայի ոսկե դարի մեկնարկի մասին

Վաշինգտոնում հունվարի 20-ի ցրտաշունչ օրը նախագահ Դոնալդ Թրամփը, իր կնոջ՝ Մելանիայի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նրանց ընտանիքների ուղեկցությամբ, սկսեց իր երկրորդ երդմնակալության օրը՝ ութ տարի անց իր առաջին նախագահության երդմնակալության արարողությունից հետո՝ այցելելով Սուրբ Հովհաննես եպիսկոպոսական եկեղեցում անցկացվող ավանդական պատարագը։

Այնուհետև Դոնալդֆ Թրամփն ու իր տիկինը՝ Մելանիան, ուղևորվեցին Սպիտակ տուն՝ հեռացող նախագահ Ջո Բայդենի և առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ թեյելու համար, նախքան ԱՄՆ Կապիտոլիումում երդման արարողության մասնկացելը:

ԱՄՆ նախագահի երդմնակալությունը, որը խորհրդանշում է նախագահական իշխանության խաղաղ փոխանցման դեմոկրատական երկրի նորմերը, ավանդաբար անցկացվում է ԱՄՆ Կոնգրեսի աստիճանների վրա, որին մասնալցում են 250 հազար կամ ավելի մարդ: Սակայն ցուրտ եղանակային պայմանները ստիպեցին կազմակերևպիչնեչրին օրեր առաջ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղափոխել ԱՄՆ Կապիտոլիումի ներս, այն նույն վայր, որտեղ 2021-ին նրա 2000 կողմնակիցները փորձել էին հետ պահել Կոնգրեսը Բայդենի հաղթանակը հաստատելուց:

Մի քանի ամերիկացի միլիարդատերեր՝ Amazon ընկերության Ջեֆ Բեզոսը, Meta-ի Մարկ Ցուկերբերգը և Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը, ներկա էին երդմնակալությանը՝ հետևելով արարողությանը: Ներկա էր նաև TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չուն:

«Ամերիկայի ոսկե դարը սկսվում է հենց այժմ»,- հայտարարել է նախագահ Թրամփը երդմնակալության արարողության ժամանակ կեսժամանոց իր ելույթում։ «Այս պահից Ամերիկայի անկումն ավարտվել է: Մենք այն տանելու ենք դեպի հաղթանակների և հաջողության նոր բարձունքներ։ Չկա երազանք, որին չենք կարող հասնել: Մենք չենք կոտրվի: Մենք չենք ձախողվի:

«Ես վերադառնում եմ նախագահություն վստահ և լավատես, որ մենք ազգային հաջողությունների հուզիչ նոր դարաշրջանի սկզբում ենք: Փոփոխությունների ալիքը ողողում է երկիրը»,- ասել է Թրամփը ԱՄՆ Կապիտոլիումի Ռոտոնդայում մոտ 600 հոգուց բաղկացած խմբի և ամբողջ երկրում հեռուստացույցով դիտող միլիոնավոր մարդկանց:

«Այսօր ամերիկացիներին ուղղված իմ ուղերձն այն է, որ ժամանակն է, որպեսզի մենք ևս մեկ անգամ գործենք խիզախությամբ, եռանդով և պատմության մեծագույն քաղաքակրթության կենսունակությամբ», - ասաց նա:

«Մենք պետք է ազնիվ լինենք մեր առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ», - շարունակեց նա:

«Կառավարությունը կանգնած է վստահության ճգնաժամի առաջ», - հայտարարեց նախագահ Թրամփը։ Նա ազդարարեց տասնյակ գործադիր հրամանագրերի ստորագրման մասին մի շարք կարևրո ոլորտներում:

Թրամփը խոստացել է սկսել «Ամերիկայի ամբողջական վերականգնումը և ողջախոհության հեղափոխությունը»՝ սուր քննադատության ենթարկելով հեռացող նախագահ Ջո Բայդենին և ամբողջ Դեմոկրատական կուսակցությանը:

«Երկրում փոփոխությունների ալիք է: Արևի լույսը հեղեղում է աշխարհը, և Ամերիկան կարող է օգտվել այս հնարավորությունից, ինչպես երբեք, բայց նախ մենք պետք է դիմակայենք մեր առջև ծառացած մարտահրավերներին», - ասաց նա:

Նա ասաց, որ մեքսիկական նարկոկարտելները կհայտարարի որպես «օտարերկրյա ահաբեկիչներ», թեև ոչինչ չասաց, թե ինչպես է պայքարելու նրանց դեմ:

Թրամփն ասել է, որ կդադարեցնի Բայդենի էլեկտրական մեքենաների արտադրությունը ու վաճառքը խթանելու քաղաքականությունը, միևնույն ժամանակ վերանայելով ԱՄՆ առևտրային քաղաքականությունը, նոր մաքսատուրքեր սահմանելով հիմնական առևտրային գործընկերների նկատմամբ, ներառյալ Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի:

«Ամերիկյան երազանքը շուտով կծաղկի ինչպես երբեք», - ասում է նա՝ հավելելով՝ «Մենք կձևավորենք արդար և արժանիքների վրա հիմնված հասարակություն»:

«Վերջին ութ տարիների ընթացքում ես փորձության եմ ենթարկվել և առերեսվել եմ ավելի շատ մարտահրավերների, քան որևէ այլ նախագահ մեր 250-ամյա պատմության մեջ ... Նրանք, ովքեր ցանկացել են խոչընդոտել մեր գործը, փորձել են խլել իմ ազատությունը և, իսկապես, խլել իմ կյանքը: Ընդամենը մի քանի ամիս առաջ Փենսիլվանիայի մի գեղեցիկ դաշտում մարդասպանի գնդակը խոցեց ականջս, բայց ես այն ժամանակ զգացի և ավելի շատ հավատում եմ հիմա, որ իմ կյանքը փրկվեց ինչ-որ [կարևոր] պատճառով: Ես փրկվեցի Աստծո կողմից, որպեսզի Ամերիկան նորից մեծ դառնա»,- շարունակեց նախագահը:

Նա ասաց, որ արտակարգ դրություն կհայտարարի անօրինական ներգաղթի հետ կապված, զորքեր կուղարկի ԱՄՆ-Մեքսիկա սահման և կվերականգնի «Մնա Մեքսիկայում» քաղաքականությունը՝ որպես ներգաղթի դեմ պայքարի հիմնական մաս:

Թրամփը խոստացել է դադարեցնել բոլոր անօրինական ներթափանցումները և կալանավորել ցանկացած միգրանտի, ով կբռնվի սահմանը ապօրինի հատելիս:

«Հիմա մենք ունենք կառավարություն, որը չի կարողանում հաղթահարել անգամ հասարակ ճգնաժամը տանը և միաժամանակ ներքաշվում է արտասահմանյան աղետալի իրադարձությունների մեջ։ «Այն չի կարողանում պաշտպանել մեր օրինապաշտ ամերիկացի քաղաքացիներին, սակայն այն ապաստան և պաշտպանություն է ապահովում վտանգավոր հանցագործներին, որոնցից շատերն անօրինական մուտք են գործել մեր երկիր աշխարհի տարբեր մասերի բանտերից և հոգեբուժական հաստատություններից», - ասել է նախագահը: «Մեր կառավարությունը տրամադրում է անսահմանափակ ֆինանսավորում արտաքին սահմանները պաշտպանելու համար, բայց հրաժարվում է պաշտպանել Ամերիկայի սահմանները կամ, որ ավելի կարևոր է, սեփական ժողովրդին»:

Նախագահն ասաց, որ կհայտարարի ազգային էներգետիկ արտակարգ դրություն: Թրամփը բացատրել է, որ մտադիր է համալրել երկրի էներգետիկ պաշարները և սկսել ամերիկյան էներգառեսուրսների արտահանումն ամբողջ աշխարհում։

«Գնաճի ճգնաժամը պայմանավորված էր մեծածավալ գերծախսերով և էներգակիրների գների աճով։ Եվ դրա համար այսօր ես նույնպես կհայտարարեմ էներգետիկ արտակարգ դրություն։ Արդյունահանելու ենք, արդյունահանելու ենք, արդյունահանելու ենք»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ կհանձնարարի կառավարությանը պայքարել ռեկորդային գնաճի դեմ։ Թրամփը նաև խոստացել է բարեփոխել երկրի առևտրային համակարգը։

Նախագահն ասել է, որ ծրագրում է օգտագործել 1978 թվականին ընդունված օրենքը օտարերկրյա ավազակախմբերի դեմ պայքարելու համար:

Նա նաև հայտարարել է կառավարության գրաքննությունը վերացնելու մասին հրամանագիր ստորագրելու մտադրության վերաբերյալ։

Թրամփը խոստացել է վերականգնել ամբողջապես փոխհատուցմամբ աշխատանքից ազատված բոլոր զինվորականներին՝ Covid-19-ի պատվաստումները չկատարելու համար։

«Մեր առողջապահական համակարգը ձախողվում է աղետների ժամանակ, սակայն դրա վրա ավելի շատ գումար է ծախսում, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: Մեր կրթական համակարգը սովորեցնում է մեր երեխաներին ամաչել իրենցից և շատ դեպքերում ատել մեր երկիրը՝ չնայած այն սիրուն, որը մենք այդքան հուսահատ փորձում ենք տալ նրանց: Այս ամենը կփոխվի այսօրվանից և կփոխվի շատ արագ»,- ասել է նախագահը։

Մոտ 220,000 տոմս ավելի վաղ բաժանվել էր երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման համար Կապիտոլիումի մոտ, սակայն ռեկորդային ցածր ջերմաստիճանի պատճառով այն տեղափոխվեց Կոնգրեսի շենք՝ Ռոտոնդա: Փենսիլվանիայի պողոտայի շքերթը տեղի կունենա Վաշինգտոնի կենտրոնում գտնվող 20 հազարանոց մարզահամալիրի՝ Capital One Arena-ի դահլիճում:

Երդմնակալության արարողությանը ներկա են եղել հեռացող նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը, ինչպես նաև նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը և Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը, նույնպես մասնակցել են երդմնակալությանը:

Օտարերկրյա առաջնորդներին հազվադեպ են հրավիրում ԱՄՆ նախագահի երդմնակալությանը, սակայն Թրամփը մի քանի բացառություններ է արել: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, արարողությանը ներկա են եղել Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։