ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։
Ինչ վերաբերում է հայցի բուն նյութին, ապա ՍԱՏՄ-ն ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա, որոնք ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։
Հայկական կողմի ապացույցների բավարար լինելը վկայում է այն մասին, որ ՌԴ ամբողջ տարածքում «Ջերմուկ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված արգելքները վերացվել են։ Կարծում ենք, որ արդար դատաքննությունը ևս մեկ անգամ կփաստի ընկերության անմեղությունը»,-նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։
Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ Ռուսաստանում թունավորումից մահացած ձեռնարկատեր Օլեգ Գուսովի ազգականները 1.5 մլրդ ռուբլու փոխհատուցման պահանջով դատական հայց են ներկայացրել հայկական «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ՝ պնդելով, որ իրենց հարազատը վախճանվել է «Ջերմուկ» հանքային ջուր օգտագործելուց հետո ստացած այրվածքներից: Նրանց պնդմամբ՝ հանքային ջրի շշում եղել է քացախաթթու:
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ այս կապակցությամբ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ: