Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խորհրդարանը քննարկել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը (տեսանյութ)

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:

Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի խնդիրների լուծման իր տեսլականը: Նա կարեւորել է դատարանի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլերը ու դատական բարեփոխումների հանգուցալուծումը պայմանավորել ժողովրդի վստահությունը վայելող դատարանի առկայությամբ: Ըստ թեկնածուի՝ քաղաքացին պետք է վստահ լինի, որ դատարանում իր հարցը լուծվելու է: Անդրադառնալով դատարանների անկախության խնդրին՝ Ալեքսանդր Սիրունյանն այս համատեքստում բարձրաձայնել է դատավորների վերաբերյալ իր պատկերացումները: Նրա ընկալմամբ վերջինս պետք է լինի ինտելեկտուալ, անկախ ու որակյալ կրթությամբ:

Ալեքսանդր Սիրունյանը խոսել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման ընթացակարգից, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացներից:

Հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում անդրադարձ է եղել ԲԴԽ-ի ու ՍԴ-ի փոխարեն Գերագույն դատարան ունենալու գաղափարին, ցուցմունքներ ստանալու համար կալանքը որպես ճնշման միջոց կիրառելու հնարավորությանը, դատարանների նկատմամբ ճնշումների հնարավոր կիրառմանը եւ այլ խնդիրների:

Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, խոսել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացության, թեկնածուի՝ սոցիալական ցանցերում ատելության խոսք, հայհոյանք ու վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ: Ալեքսանդր Սիրունյանը պնդել է՝ ինքն ատելության խոսք չի տարածել:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խոսել է թեկնածուի կուսակցական լինելու, սոցիալական ցանցերում նրա պահվածքի, գիտական գործունեության մասին, անդրադարձել դատական իշխանության անկախության խնդրին: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց խմբակցության համար անընդունելի է նման անձնավորությանը ԲԴԽ անդամ ընտրելը: Նա կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին մտածել այս ուղղությամբ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անհամաձայնություն է հայտնել ընդդիմության հնչեցրած որոշ տեսակետների առնչությամբ: «Դուք ասում եք, որ մենք դատական իշխանությանը պահում ենք մեր ենթակայության ներքո: Եթե պահեինք,Դուք այստեղ չէիք լինի, մարդիկ մեզ հենց դա են ասում»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ դիմելով Սեյրան Օհանյանին: Նա հավելել է՝ ՀՀ կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը դատական իշխանության նկատմամբ որեւէ վերահսկողություն չունի:

Եզրափակիչ ելույթում Ալեքսանդր Սիրունյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, հավաստիացրել, որ քաղաքականության մեջ լինելու հանգամանքը բացարձակապես չի խանգարելու իր աշխատանքին:

ԱԺ հերթական նիստի աշխատանքը կշարունակվի հունվարի 21-ին, հայտնում են ԱԺ-ից։