Գյուղի «պահապան հրեշտակը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւռուտ գետի ափին փռված կղմինդրե կտուրներով գյուղի լռությունը երկարակտուց արագիլներն ու Վերա Իվանովնան են խախտում:
Սուրբ Միքայել հրեշտակապետի անունը կրող ռուսական եկեղեցու պահապանն է Վերան։ Կիրակի ու տոն օրերին ծառայություն է մատուցում, մաքրություն անում: Ժանգոտած այս կողպեքն ու բանալին 20 տարի առաջ է ժառանգություն ստացել գյուղի ավագներից:
Վերա Ռեշետովան
«Սկզբում բանալիները տվեցին, հետո՝ կողպեքը։ Քսանմեկ տարի առաջ, սովորական կիրակի էր եկա եկեղեցի՝ մոմ վառելու,7-8 տատիկներ կային այստեղ, և Իվանը, որ նախկին պահակն էր ու այդ օրը, չգիտես ինչու, կռիվ էր անում տատիկների հետ, գումար էր պահանջում՝ եկեղեցին պահելու համար։ Խոսակցությունն ավարտվեց նրանով, որ նա շպրտեց բանալիներն ու գնաց: Տատիկներից մեկն ասաց. Վերա, դու ամենաջահելն ես, վերցրու բանալիները, եկեղեցին կբացես-կփակես ու կմաքրես։ Այդպես էլ անում եմ», – պատմում է Վերա Ռեշետովան։
Նախկինում ամբողջությամբ ռուսաբնակ գյուղում ծնվել և ամբողջ կյանքն է ապրել Վերան: Գյուղից հեռանալու մասին ջահել ժամանակներում է մտածել, բայց հիվանդ մոր ու սկեսուրի խնամքն էր իր ուսերին, հետո ամուսինը Չեռնոբիլից հիվանդ վերադարձավ, իսկ հետո հիվանդ քրոջը խնամեց, ու այդպես մի ամբողջ կյանք անցավ: Մենակ է ապրում, 6 տարի առաջ ամուսինը մահացավ, իսկ դուստրերը քաղաքում են:
Երկու կով, երեք հավ է պահում։ Ասում է՝ ապրում ու մեռնելու է արագիլների գյուղում:
«Այստեղից ոչ մի ուրիշ տեղ չեմ գնա, իմ արմատներն այստեղ են։ Այ էն գերեզմանատանը, իմ տեղն էլ է այնտեղ պատրաստ։ Հա-հա, պատրաստել են», – ասում է տիկին Վերան։
Ծերության շեմին մի փոքր անհանգստացած է Վերան, իսկ եթե հանկարծ մի բան լինի, ո՞ւմ է օգնության կանչելու, հարևան տները դատարկ են, հարազատները՝ հեռու:
«Մենակությունն ինձ տանջում է։ Մտածում ես՝ իսկ եթե հանկարծ ինչ-որ բան լինի, և ոչ մեկ չկա կողքիս։ Ի՞նչ անել, ո՞ւմ կանչել, ո՞ւմ զանգել․ մենակ դա է ինձ անհանգստացնում, մնացածի հետ հարմարվել եմ», – պատմում է տիկին Վերան։
Պրիվոլնոյեում ապրելը դժվար է, հատկապես, որ ապրելու համար ստիպված ես և՛ անասուն պահել, և՛ դաշտ մշակել: Քաղաք գնալ էլ չի կարող, ո՞ւմ թողնի եկեղեցին ու տնտեսությունն, ասում է: Տունն ու բակն էլի ոչինչ, նայողներ կգտվեն, իսկ եկեղեցու բանալիները վստահել չի կարող:
Սուրբ Միքայել եկեղեցին 1875-ին է կառուցվել, 1938-1992 թվականներին ծառայել գյուղացիներին որպես ցորենի պահեստ, հետո նորոգվել ու հիմա կարծես թե գործող եկեղեցի է, բայց ո՛չ հոգևորական ունի, ո՛չ այցելուներ:
«Հիմա ավելի շատ ինտերնետում են, եկեղեցին արդեն իրենց չի հետաքրքրում», – մտահոգվում է Վերա Իվանովնան։
Չվարձատրվող իր գործը Վերա Իվանովնան անտրտունջ և առանց ակնկալիքի է անում, իր խղճի համար, ասում է, որ Աստծո տան դռները չփակվեն։ Իսկ իր աղոթքներում խաղաղություն է խնդրում աշխարհի ու երկրի համար:
Մանրամասն՝ «Անկյուն+3»ՀԸ տեսանյութում