Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Տնտեսություն Հասարակություն

«Աջափնյակ» կայարան. Խոստում ընտրությունների՞ց առաջ, թե իրական նախագիծ (տեսանյութ)

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքները շարունակվում են: Նոր նախագիծը մշակում է «Մետրոգիպրոտրանս» ռուսական ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։

Նախկինում պետական «Մետրոշին», այսօր արդեն «Արթուն» ԲԲԸ տնօրեն Հմայակ Հարությունյանը մինչեւ 1991 թվականը մասնակցել է Աջափնյակի կայարանի կառուցման աշխատանքներին։

Նա զարմանում է, որ Երեւանի քաղաքապետարանը նոր նախագիծ է պատվիրել, երբ հին նախագծով աշխատանքների մի մասը արդեն կատարված է․

«Մենք կառուցել ենք թեք թունելը, մինչ թեք թունելը լուրջ փորվածք է առաջացել, որտեղ պետք է կառուցվեր նաև տուռնիկետային սրահը։ Մենք կառուցել ենք նաև դեպի կայարանի սրահ գնացող միջանցքը։ Զուգահեռ դրանց մենք հորանային 25րդ համալիրից նախաձեռնել ենք և կայարանին զուգահեռ օժանդակ թունել ենք կառուցել, որի նպատակն էր արագացնել կայարանի կառուցումը»։

Հարությունյանի խոսքերով՝ միայն իր մատնանշած հատվածում 17 մլն դոլարի հասնող աշխատանք կա կատարված, որը նոր նախագծի մեջ ներառված չէ։ Այս պահին դեռեւս պարզ չէ նաև, թե որքան է արժենալու նոր կայարանի կառուցումը։

Շինարարության ծախսերի հետ կապված Հմայակ Հարությունյանը նշում է «Մենք առաջարկում էինք կայարանի կառուցումը ավարտել 150մլն դոլարով, իրենց մոտ, ես չեմ ուզում թվեր հայտնել, բայց շատ շատ ավելին է լինելու»։

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ Շինարարության կազմակերպման և վերահսկողության բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանը հակադարձում է ․«Նոր նախագիծը Մետրոգիպրոտրանսի հաշվարկով մոտավորապես 12 տոկոսով ավելի էժան է քան նախկինը»։

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կայարանի կառուցման արդյունքում կավելանա ուղեւորահոսքը։ Ներկայիս՝ տարեկան մինչեւ 24 մլն –ի հասնող ուղեւորահոսքը բավարար չէ ծախսերը հոգալու համար։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի խոսքերով նոր կայարանի կառուցմամբ մետրոյի ուղևորափոխադրումները 25 տոկոսով կավելանա։

Մանրամասները՝ տեսանյութում։