Ադրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին. Human Rights Watcհ
Աջակցիր «Ա1+»-ինHuman Rights Watch -ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խախտումներին՝ վկայակոչելով Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի մարդու իրավունքներին պաշտպանին ուղղված ուղերձը:
«Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված աուդիոուղերձում Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։ Նա նշել է, որ Ումբակի բանտում պահվող որոշ բանտարկյալներ ամենշաբաթյա հեռախոսազանգերի հնարավորություն չունեն, իսկ տեսազանգերից չի կարող օգտվել նրանցից ոչ մեկը։ «Երբ իմ խցակիցը ձերբակալվեց, նրա երեխան 10 ամսական էր։ Այժմ երեխան ավելի քան 3 տարեկան է և չի տեսել իր հորը», - ասել է Վարդանյանը։
Վարդանյանը նշել է, որ չի կարողանում բժշկական հետազոտություններ անցնել նույնիսկ սեփական միջոցներով, օգտվել նոտարական ծառայություններից կամ գրավոր պատասխաններ ստանալ իր բողոքներին։ Նրա խոսքով՝ բանտարկյալներին բացօթյա ֆիզիկական վարժությունների համար տրամադրվում է շաբաթական ընդամենը մեկ անգամ՝ 20–40 րոպե, օրական մեկ ժամի փոխարեն։
Human Rights Watch-ը չի կարողացել անկախորեն ստուգել այս պնդումները։
Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է բանտարկյալների իրավունքների խախտումների վերաբերյալ պնդումները։
Բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ ավելի է դժվարացել այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին փակեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունն Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ Ժնևից ժամանած ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են կալանավորվածներին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ և գնահատել նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։
2026 թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ ահաբեկչության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Դատավարությունն արդար դատաքննության իրավունքի պահպանման վերաբերյալ լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Քաղաքացիական անձինք, այդ թվում՝
Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, իսկ դատական նիստերը հիմնականում փակ են եղել անկախ վերահսկողության համար։ Amnesty International-ը հայտնել է, որ ապացույցները ներկայացվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել, և պատշաճ թարգմանություն չի ապահովվել։
Ադրբեջանը պետք է ապահովի, որ բոլոր բանտարկյալները կարողանան կանոնավոր կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, ստանալ նամակներ և թույլատրելի ծանրոցներ, անհրաժեշտ բժշկական օգնություն և ամենօրյա բավարար բացօթյա ֆիզիկական ակտիվություն։ Ադրբեջանը նաև պետք է ԿԽՄԿ-ին կանոնավոր հասանելիություն տրամադրի հակամարտության հետ կապված կալանավորված անձանց»,-գրել է Գիորգի Գոգիան: