Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում «Firebird AI» ընկերության արհեստական բանականության գործարանի բացման, երկրի տեխնոլոգիական ներուժի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ:
Հոդվածում նշվում է, որ «Սառը պատերազմ»-ի ժամանակ Խորհրդային Միության ամենափոքր պետությունը՝ Հայաստանը, կոմունիստական գերտերության էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների կենտրոնն էր, իսկ այժմ Հայաստանը գտնվում է աշխարհում ամերիկյան Արհեստական բանականության ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին։
«Սան Ֆրանցիսկոյում գործող Firebird ստարտափը օգոստոսին սկսեց Հայաստանում դատա-կենտրոնի կառուցումը, որի հզորությունը հաջորդ տարվա վերջին կհասնի 300 մեգավատի և հագեցած կլինի ավելի քան 70 000 գերժամանակակից չիպերով: Դրա մշակման հզորության մեկ հինգերորդը նախատեսված է ներքին օգտագործման համար՝ աջակցելու տեղական հետազոտական, կառավարական և ստարտափ էկոհամակարգերին, իսկ մնացած մասը հատկացվում է օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան ընկերություններին, ինչպիսիք են Perplexity AI-ը»,- նշված է հոդվածում:
Firebird ընկերությունը, որի հիմնադիրները հայկական ծագում ունեն, ընդգծել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Հրազդան քաղաքի համալիրը շուտով կդառնա տարածաշրջանի խոշորագույն հաշվողական կլաստերը և կընդգրկվի Եվրոպայի խոշորագույնների շարքում:
«Սա տնտեսական առավելություն է, որը հեռահար հետևանքներ ունի Հարավային Կովկասի և հարևան Կենտրոնական Ասիայի համար, որտեղ Firebird-ն արդեն ընդլայնվում է, և որտեղ խոշոր տերությունները մրցում են ռազմավարական միջանցքում գերիշխանության համար, որը միացնում է Եվրոպան և Չինաստանը ՝ շրջանցելով Ռուսաստանը»,- ասված է հրապարակման մեջ։