Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այն, ինչը ՌԴ-ին չհաջողվեց անել ընտրությունների ժամանակ, փորձում է անել Ադրբեջանի միջոցով․Խուրշուդյան (տեսանյութ)

«Գյումրիի ռազմաբազայից է կախված Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Մերձավոր արևելքում։ Հենց ռազմաբազան դուրս հանվեց, ինքը Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ կշպրտվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Պուտինը Բիշքեկում հայտարարել էր, թե «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը, կհեռանանք»։ Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, չի կարծում, որ ՌԴ նախագահն անկեղծ էր իր այդ խոսքով։ Եվ որ նա դա ասել է այն հույսով, որ սարսափեցնի հայերիս, թե անպաշտպան կմնանք։

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան, այնուամենայնիվ, կլինի Փաշինյան-Պուտին քննարկումների առանցքային թեմաներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել էր, թե եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Հայաստանն էլ 2 մլրդ դոլար կպահանջի այստեղ նրա ինչ-որ ակտիվի համար։ Վարչապետը հավանաբար ակնարկում էր, որ այդքան գումար կպահանջի մեր երկրում այդ ռազմաբազայի տեղակայման դիմաց։

«ՀՀ իշխանությունները չեն պնդելու, որ ռազմաբազան հանեն։ Բայց ասելու են, եթե գազը թանկացնում եք, «Հայկական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիան չեք զիջում, այսինքն բաներ եք անում, որոնք դեմ են ՀՀ շահերին և հակասում են մեր փոխադարձ բարեկամական հարաբերությունների որակին, մենք էլ բազայի համար վարձավճար ենք պահանջելու։ Մանավանդ որ դրա հիմքեր ունենք՝ ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը երկարաձգվել էր միայն այն բանի համար, որ դրա պարտավորությունները տարածվեն նաև հայ-ադրբեջանական սահմաններին, որ բազայի զորքը պաշտպանի մեզ Ադրբեջանից, ինչը չարեց։ Եվ Պուտինը մինչև հիմա ասում է, չենք էլ անելու, քանի դեռ ձեր սահմանները դելիմիտացված չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։