
Քննչականը պնդում է՝ խուզարկություններն արվել են սահմանված պահանջների պահպանմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՔննչական կոմիտեն պատասախանել է «Ա1+»-ի հարցմանը։
Փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն Պետեկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ օպերատիվ հետախուզական գործողություններ էր կատարել Բաղրամյան 31 հասցեում գործող Ակթրեյդ-Սոֆթ և Ակթրեյդ-Առմ ընկերություններում։
«Նոր Զովք» ընկերությանը, որտեղ իրականացվում էին ստուգումներ, Ակթրեյդ ընկերությունը ժամանակին տրամադրել է ավտոմատացված ծրագրեր։
Ըստ ընկերության աշխատակիցների, գործողությունների ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, որոնք սահմանափակել են անձանց սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները՝ սեփականության, ֆիզիկական և անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության իրավունքները և այլն։
«Ա1+»ը հարցում էր ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե` պարզաբանման համար։
Քննչական կոմիտեի պատասխանը ստորեւ․
«Ի պատասխան Ձեր 22․02․2022 թվականի դիմումի՝ հայտնում եմ, որ «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊ և «Ակթրեյդ-Առմ» ՍՊ ընկերություններում խուզարկությունները կատարվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով՝ դատարանի որոշումների հիման վրա։
Քրեական վարույթով խուզարկությունները և հարցաքննությունները կատարվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ, հարցաքննությունները չեն տևել 4 ժամից ավել։
Ինչ վերաբերում է խուզարկությունների արդյունքում վերցված իրերին, ապա դրանց տնօրինման հարցը կարող է լուծվել միայն այդ իրերի նկատմամբ անհրաժեշտ վարութային գործողությունները կատարելուց հետո։ Մասնավորապես, քրեական վարույթով ապացույց ճանաչվելու դեպքում՝ վերցված իրերի տնօրինման հարցը կարող է լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով, իսկ վարութային գործողությունների արդյունքում ապացուցողական նշանակություն չունենալու դեպքում՝ դրանք կվերադարձվեն օրինական տիրապետողներին»։