A
A
Անչափահասներից մեկի նկատմամբ բռնությունները շարունակվում են. ահազանգ փաստաբանից
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆբ-ի իր էջում գրել է․
«Քիչ առաջ ինձ է ահազանգել անչափահաս Գևորգ Մարտիկյանի փաստաբանը՝ հայտնելով, որ ՀՀ քննչական կոմիտեում անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ:
Փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել: Ներկաները գոռացել են փաստաբանի վրա՝ ասելով, որ դադարեցնում են հարցաքննությունը: Խառնաշփոթ է ստեղծվել, փորձել են տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին:
Արդյունքում դադարեցվել է հարցաքննությունը և փաստաբանը պահանջել անչափահասին տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:
Պետք է արձանագրեմ, որ անչափահասի նկատմամբ ցանկացած ոտնձգություն նշանակում է, որ ուղիղ պատասխանատու են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, քանի որ նրաք տեղյակ են տեղի ունեցած ապօրինությունների մասին, և եթե շարունակվում են դրանք, նշանակում է վերջիններս հովանավորում են, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ:
Ահազանգի հետքերով շտապ հանձնարարել եմ հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել իրավիճակը և ահազանգել իրավասու մարմնին։ Կապ է հաստատվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ, որոշակիորեն ներկայացվել է ստեղծված իրավիճակը, այդ թվում նշվել է Գևորգ Մարտիկյանի փաստաբանի մտահոգությունը անչափահասին ձերբակալվածներին պահելու վայր տեղափոխելու վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի կողմից վստահեցվեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կտեղեկացվի իրավասու անձանց։
Ուշադրությամբ հետևում եմ այս խայտառակ բռնությունների շղթային»: