Հայաստանին ուղղված ազդեցության ծրագրերում հիշատակվող ռուսական գործակալությունը՝ ԵՄ պատժամիջոցների ցանկում
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիության խորհուրդը պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 30 անձի և երկու կազմակերպության՝ Ռուսաստանի հետ կապված տեղեկատվական մանիպուլյացիաների, արտաքին միջամտության և վնասաբեր կիբերգործունեության առնչությամբ։
Սահմանափակումների թիրախում են Մոսկվայում գործող «Սոցիալական նախագծման գործակալությունը»՝ Social Design Agency-ն (SDA), դրա 24 աշխատակիցները, ռուսաստանյան քարոզչություն տարածող մեդիագործիչներ, ինչպես նաև ռուսամետ NoName057(16) հաքերային խումբը։
ԵՄ խորհրդի գնահատմամբ՝ SDA-ն հանրային կապերի և քաղաքական տեխնոլոգիաների ընկերություն է, որն իրականացնում է տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության լայնածավալ նախագծեր՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ, ուղղորդմամբ և վերահսկողությամբ։
Խորհրդի հաղորդմամբ՝ գործակալությունը համակարգված կերպով մանիպուլացնում է լրատվական ու սոցիալական մեդիայի միջավայրը, տարածում ռուսամետ քարոզչություն և ապատեղեկատվություն։ Դրա կազմակերպած արշավների թիրախում են եղել ԵՄ երկրները, եվրոպական կառույցները և Ուկրաինային եվրոպական հանրության աջակցությունը։
Մասնավորապես, հաղորդագրությունում հիշատակվում են 2024 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների համատեքստում իրականացված արշավները, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի դեմ ուղղված առանձին գործողությունները։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկված՝ գործակալության 24 աշխատակիցները, ըստ Խորհրդի, տարբեր դերակատարումներով մասնակցել են այսպես կոչված «եվրոպական հակաքարոզարշավի» և «ուկրաինական հակաքարոզարշավի» մշակմանն ու իրականացմանը։
Սահմանափակումներ են սահմանվել նաև ռուսաստանյան հեռուստատեսային գործիչներ Վիտալի Ելիսեևի և Պյոտր Մարչենկոյի, Ուկրաինայում ծնված բլոգեր ու ռազմական մեկնաբան Յուրի Պոդոլյակայի, ինչպես նաև RT International-ի ներկայացուցիչ Չեյ Բոուզի նկատմամբ։
ԵՄ խորհրդի գնահատմամբ՝ նրանք մասնակցել են տեղեկատվական մանիպուլյացիաներին և տարածել պատմույթներ, որոնք լեգիտիմացնում ու աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիվ պատերազմին։
Ի դեպ, «Սոցիալական նախագծման գործակալության» անունը հայտնվել է նաև Հայաստանին ուղղված տեղեկատվական ազդեցության նախագծերի վերաբերյալ լրագրողական հետաքննություններում։ «Փաստերի ստուգման հարթակի»՝ FIP-ի և Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի՝ արտահոսած ներքին փաստաթղթերի վրա հիմնված հրապարակումները գործակալությունը կապում են Հայաստանի լսարանի վրա ազդելու ծրագրերի հետ։
Հետաքննություններում հիշատակվում է, մասնավորապես, «Yerevan1»՝ erevan.one ռուսալեզու կայքը։ Ըստ հրապարակումների՝ նախագծի նպատակներից էր Ռուսաստանում բնակվող հայերի շրջանում Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բացասական, իսկ Ռուսաստանի հետ սերտ միություն պաշտպանող ուժերի նկատմամբ՝ դրական վերաբերմունք ձևավորելը։ OCCRP-ն նկարագրել է նաև այդ հարթակի միջոցով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու ծրագիրը։
Կիբերհարձակումներ՝ պետական մարմինների և ենթակառուցվածքների դեմ
Կիբերգործունեությանն առնչվող պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է NoName057(16) ռուսամետ հաքերային խումբը, որն ի հայտ է եկել 2022 թվականի մարտին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
Ըստ ԵՄ խորհրդի՝ խումբը ստանձնել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ անդամ պետությունների պետական մարմինների, կենսական նշանակության ենթակառուցվածքների ու մասնավոր ընկերությունների դեմ կիբերհարձակումների պատասխանատվությունը։
Եվրամիությունում խումբը տարբեր ոլորտների կայքերի և առցանց հարթակների դեմ իրականացրել է ծառայության մատչելիությունը խափանող բաշխված հարձակումներ՝ DDoS։ Թիրախավորվել են հատկապես էներգետիկայի, ֆինանսների և տրանսպորտի ոլորտները, ջրամատակարարման օբյեկտները, ինչպես նաև ընտրությունների ընթացքում՝ քաղաքական կուսակցություններն ու թեկնածուները։
Պատժամիջոցները նախատեսում են ցուցակում ընդգրկված անձանց և կազմակերպությունների ակտիվների սառեցում։ Ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է նաև ԵՄ անդամ պետություններ մուտք գործելու կամ դրանց տարածքով տարանցիկ անցնելու արգելք։
Բացի այդ, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է պատժամիջոցների ենթարկվածներին ուղղակի կամ անուղղակի կերպով ֆինանսական միջոցներ տրամադրել։ Համապատասխան իրավական ակտերը հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։
Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին արձագանքելու համար նախատեսված պատժամիջոցային շրջանակը ստեղծվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։