Բացել լրահոսը Փակել լրահոսը
1102461
A A
Պաշտոնական

Իսրայելի նախագահը ՀՀ գործընկերոջը ցավակցել է հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

 Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակից, նամակում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Խնդրում եմ, ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր զինվորների կյանքը խլած սարսափելի ողբերգության կապակցությամբ:

Իսրայելի պետությունը իր զինվորների մահվան հարցում ազգային փորձ ունի: Մենք անձամբ ծանոթ ենք այն շոկին ու ցավին, որոնք ուղեկցում են մեկ ակնթարթում այսչափ դաժանորեն երիտասարդ կյանքեր ավարտող դեպքի:

Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ մինչ դուք սփոփում եք զոհերի ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին իրենց սուգի ընթացքում: Վիրավորներին մաղթում եմ ամբողջական և  շուտափույթ ապաքինում՝ թե՛ մարմնի, և թե՛ ոգու:

Ինչպես մենք ենք ասում հրեական ավանդությանը համաձայն՝ թող մահացածների հիշատակը օրհնություն լինի: Լիահույս եմ, որ 2023 թվականը խաղաղություն, ներդաշնակություն կբերի ձեզ և Հայաստանի ժողովրդին»: