Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_001
A A
Հասարակություն

Երևանի քաղաքապետն այցելել է Թեհրանի երթևեկության կառավարման կենտրոն և մետրոպոլիտեն

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը տրանսպորտի և երթևեկության ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սեյեդ Մոջթաբա Շաֆեյի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի երթևեկության կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին:

Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա աշխատող կառույցը շուրջ 2500 տեսախցիկով ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի տրանսպորտային համակարգը, երթևեկության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև առցանց տեղեկատվություն է ստանում գրանցվող վթարների, փողոցներում կատարվող շինարարության, խցանումների ու մեքենաների անընդհատ փոփոխվող քանակի վերաբերյալ: Ներկայացնելով տրանսպորտային համակարգի՝ Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Թեհրանի մետրոպոլիտեն, շրջել կայարաններում ու երթևեկել մետրոյով: 2000թ. բացված մետրոպոլիտենն ունի 250 կմ-ոց ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանում ևս նախաձեռնվել է մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը, որն այժմ նախագծման փուլում է: