Անտեսանելիից՝ տեսանելի․ ՀԿ-ները օրակարգ են բերում ոչ ֆորմալ խնամողների կարգավիճակի և սոցիալական երիաշխիքների հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԸնտանիքում որևէ մեկի առողջական վիճակի փոփոխությունը կարող է ամբողջությամբ փոխել նաև նրա կողքին ապրող մարդկանց առօրյան։ Երբ մարդը հաշմանդամություն է ձեռք բերում և ամենօրյա աջակցության կարիք ունենում, նրա կողքին սովորաբար հայտնվում է մեկը, որն օգնում է սննդի, հիգիենայի և տեղաշարժման հարցերում, հետևում է դեղորայքին, ուղեկցում բժշկի, զբաղվում փաստաթղթերով, ծառայություններ է փնտրում, կազմակերպում կենցաղն ու ընտանիքի առօրյան։ Հաճախ այդ մեկը կին է՝ մայրը, կինը, քույրը կամ ընտանիքի մեկ այլ անդամ։
Ժամանակի ընթացքում այս ամենը դառնում է առօրյա։ Այնքան սովորական, որ հաճախ այլևս նույնիսկ չի ընկալվում որպես աշխատանք։ Հենց այս՝ հիմնականում չվարձատրվող և հաճախ անտեսանելի աշխատանքի ու այն իրականացնող կանանց խնդիրների մասին է «Խնամքը դրված է կանանց ուսերին․ ճանաչել և աջակցել այս աշխատանքը» փաստաթուղթը։ Այն մշակվել է «Խնամքի արժեք և հանրային բյուջե» ծրագրի շրջանակում և կենտրոնանում է զինվորական ծառայության և պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնամող կանանց խնդիրների վրա։
Փաստաթղթում նրանց համար կիրառվում է «ոչ ֆորմալ խնամք իրականացնող անձ» ձևակերպումը։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ խնամք իրականացնող այս մարդիկ հաճախ մնում են համակարգի տեսադաշտից դուրս՝ որպես սեփական կարիքներ ուխնդիրներն ունեցող առանձին խումբ։ Հետազոտությունն իրականացրած փորձագիտական թիմի ներկայացուցիչ Լիլիթ Չիտչյանը շեշտում է՝ ուսումնասիրությունը չի հավակնում սպառիչ պատասխան տալ այս խմբին վերաբերող բոլոր հարցերին։ Անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ և վերլուծություններ, բայց առաջին կարևոր քայլն արդեն արված է՝ խնդիրը ձևակերպվել է և դարձել քննարկման առարկա։
«Կարծում եմ՝ ամենաառաջին բանը, որ հիմա պետք է անել, այս մարդկանց ուշադրության կենտրոն բերելն է, նրանց տեսանելի դարձնելը։ Ընդ որում՝ կարևոր է, որ ոչ միայն հանրությունը, կառավարությունը կամ մասնագիտական համայնքը տեսնեն նրանց, այլև իրենք տեսնեն միմյանց, հասկանան, որ միայնակ չեն, որ իրենց նման խնդիրներով շատ մարդիկ կան։ Դա կարող է օգնել, որ ավելի համարձակ ու բաց խոսեն իրենց կարիքների և խնդիրների մասին։ Սա բավական զգուշավոր և փակ խումբ է, որը պատրաստ չէ պարզապես դուրս գալ և բարձրաձայն պահանջել իր իրավունքները»,— ասում է հետազոտողը։
Տեսանելիության այս բացը շատ հստակ երևում է հենց սոցիալական աջակցության համակարգի հետ ընտանիքի առաջին շփումներից։ Սոցիալական աշխատողը մտնում է տուն, գնահատում հաշմանդամություն ունեցող անձի կարիքները, մինչդեռ նրա կողքին ամեն օր ապրող և շարունակական խնամք իրականացնող մարդը մնում է այդ գնահատումից դուրս։ Չի գնահատվում նրա ծանրաբեռնվածությունը, ֆիզիկական ու հոգեբանական վիճակը, աշխատելու կամ սովորելու հնարավորությունը, հանգստի և աջակցության կարիքը։ Այսինքն՝ համակարգը տեսնում է խնամքի կարիք ունեցողին, բայց առանձին չի գնահատում այն մարդուն, ով այդ խնամքի մեծ մասն իրականացնում է։ Մինչդեռ խնամողի վիճակն ու հնարավորությունները կարևոր են նաև հաշմանդամություն ունեցող անձին շարունակական և որակյալ խնամք ապահովելու տեսանկյունից։
Փաստաթուղթն այս խնդիրը կապում է նաև իրավական կարգավիճակի հետ։ Գործող օրենսդրությունը կարգավորում է խնամքը որպես սոցիալական ծառայություն և դրա տրամադրման ձևերը, սակայն ընտանիքում ոչ ֆորմալ խնամք իրականացնող անձի առանձին կարգավիճակ չի սահմանում։ Երբ խնամողը որպես առանձին խումբ տեսանելի չէ, դժվար է նաև համակարգված գնահատել նրա կարիքները և դրանց համապատասխան սոցիալական երաշխիքներ ու ծառայություններ ձևավորել։
Սակայն իրավականորեն ճանաչված չլինելը փաստաթղթում առանձնացված խնդիրներից միայն մեկն է։ Վերլուծությունը ներկայացնում է տասը փոխկապակցված հիմնախնդիրներ։ Դրանց թվում են չվարձատրվող խնամքի՝ որպես աշխատանքի չճանաչված լինելը, խնամողի առանձին կարգավիճակի և սոցիալական երաշխիքների բացակայությունը, խնամքի ծառայությունների սահմանափակ հասանելիությունն ու ոչ բավարար համադրումը, խնամող կանանց ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունը, զբաղվածության ու տնտեսական ինքնուրույնության սահմանափակումները, մատչելիության և համայնքային մասնակցության խնդիրները, ինչպես նաև խնամող կանանց վերաբերյալ տվյալների և միջոլորտային համակարգման բացերը։ Փաստաթուղթն այս խնդիրների վերլուծությունից հետո անցնում է քաղաքականության առաջարկներին և դրանց իրականացման հնարավոր ծրագրային ու բյուջետային շրջանակին։
Այս խնդիրները գործնականում հաճախ ձևավորում են մեկ շղթա։ Երբ անհրաժեշտ ծառայությունները հասանելի չեն կամ բավարար չեն, խնամքի ավելի մեծ մասը մնում է ընտանիքի վրա։ Եթե խնամողին փոխարինող մարդ կամ ծառայություն չկա, նրա համար դժվարանում է աշխատելը, սովորելը, սեփական առողջությամբ զբաղվելը կամ պարզապես սոցիալական կապերը պահպանելը։ Իսկ աշխատանքի սահմանափակ հնարավորությունը կարող է իր հերթին բերել եկամտի և տնտեսական ինքնուրույնության նվազման։
«Քրիստոնյա կանանց ֆորում» ՀԿ ներկայացուցիչ Աննա Սուքիասյանը նաև խնդրի մեկ այլ կողմ է առանձնացնում։ Նման ընտանիքների հետ աշխատանքի իրենց փորձը ցույց է տվել, որ տեղական ինքնակառավարման մարմինները միշտ չէ, որ բաց են ՔՀԿ-ներին ընտանիքների հետ կապելու հարցում, իսկ ընտանիքներն իրենք էլ միշտ չէ, որ պատրաստ են ընդունել առաջարկվող, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական ծառայությունները։ «Եղել են դեպքեր, երբ ընտանիքի հետ աշխատանք սկսելը հնարավոր է դարձել միայն համայնքում վստահություն վայելող մարդու՝ օրինակ բժշկի կամ քահանայի միջնորդությունից հետո»,— նշում է կազմակերպության ներկայացուցիչը։
Այս փորձը, ըստ նրա, կարևոր է հաշվի առնել նաև նոր ծառայություններ մշակելիս։ Այնպես չէ, որ բոլոր դերակատարները պատրաստ են գրկաբաց ընդունել նույնիսկ աջակցության համար նախատեսված նոր ծառայությունները։ Երբեմն նախ անհրաժեշտ է հիմնավորել դրանց անհրաժեշտությունը, բացատրել՝ ինչ խնդիր են լուծում, և վստահություն ձևավորել ինչպես ընտանիքների, այնպես էլ համայնքային դերակատարների մոտ։ Հակառակ դեպքում նույնիսկ լավ մշակված ծառայությունը կարող է չհասնել այն մարդկանց, որոնց համար նախատեսված է։
Վերլուծության շրջանակում իրականացված քննարկումները հաստատում են, որ անգամ ակնհայտ թվացող խնդիրների մասին բարձրաձայնելը միշտ չէ, որ հեշտ է։ Հանրային ընկալման մեջ բավական նորմալացված է մոտեցումը՝ «ընտանիքդ է, դու պետք է հոգ տանես»։ Այդ սպասումը կարող է այնքան ուժեղ լինել, որ երբեմն նույնիսկ խնամողներն իրենք իրենց չեն դիտարկում որպես աջակցության կարիք ունեցող անձ։ Այստեղ առաջանում է նաև հոգեբանական հակասություն։ Կինը կարող է հոգնել, հյուծվել, ունենալ հանգստի կամ հոգեբանական աջակցության կարիք, բայց չցանկանալ այդ մասին խոսել, որպեսզի հաշմանդամություն ունեցող հարազատը չզգա, թե ինքն է ընտանիքի դժվարությունների պատճառը։ Այդ լռության ներսում կարող են տարիներով կուտակվել հոգնածությունը, սոցիալական մեկուսացումը, սեփական առողջական խնդիրների հետաձգումը, աշխատանքից կամ մասնագիտական զարգացումից հրաժարվելը։
Սա նաև երկարաժամկետ ռիսկ է ստեղծում։ Եթե մարդը տարիներ շարունակ խնամք է իրականացնում՝ առանց սեփական ֆիզիկական և հոգեբանական առողջությունը պահպանելու բավարար հնարավորությունների, ժամանակի ընթացքում կարող են մեծանալ նաև հենց իր՝ աջակցության և ծառայությունների կարիքները։
Այս փուլում կարևոր խնդիր է նաև տեղեկատվության հասանելիությունը։ Խնամողներին գտնելու և նրանց կարիքները տեսանելի դարձնելուց հետո անհրաժեշտ է հասկանալ՝ որքանով են նրանք տեղեկացված արդեն գոյություն ունեցող հնարավորությունների մասին։ Ծրագրի շրջանակում շփումները ցույց են տվել, որ խնամողներից շատերի պատկերացումները հատվածական են նույնիսկ այն իրավունքների, ծառայությունների և աջակցության ձևերի մասին, որոնց կարող է հավակնել ընտանիքի՝ հաշմանդամություն ունեցող անդամը։ Առավել ևս հստակ չէ, թե ինչ հնարավորություններ կարող են լինել հենց իրենց՝ որպես խնամողների համար։
Այս պատճառով փաստաթղթի առաջարկներից մեկը տեղեկատվության և ուղղորդման միասնական մեխանիզմների ներդրումն է։ Խնդիրը միայն որևէ կայքում տեղեկատվություն հրապարակելը չէ․ մարդուն պետք է հասկանալի լինի՝ իր կոնկրետ իրավիճակում ինչ ծառայություն կամ աջակցություն կա, ում պետք է դիմել և ինչ ճանապարհ անցնել այն ստանալու համար։
Բարձրացված խնդիրների դիմաց փաստաթուղթն առաջարկում է փոխկապակցված լուծումների շարք։ Առաջարկվում է ճանաչել չվարձատրվող խնամքը որպես աշխատանք և սահմանել դրանից բխող երաշխիքներ, ոչ ֆորմալ խնամք իրականացնող անձի համար սահմանել առանձին կարգավիճակ, ապահովել խնամքի իրական ընտրության հնարավորություն, ընդլայնել ու համադրել տնային խնամքի, անձնական օգնականի և համայնքային ծառայությունները։ Առաջարկվում է նաև ստեղծել շարունակական հոգեսոցիալական աջակցության համակարգ, խնամող կանանց ներառել զբաղվածության քաղաքականությունների առաջնահերթ խմբերում, զարգացնել համայնքային ծառայությունները, ներդնել տեղեկատվության և ուղղորդման միասնական մեխանիզմներ, խնամքի հարցը ներառել գենդերային հավասարության քաղաքականություններում, հավաքագրել համապատասխան տվյալներ և ուժեղացնել միջգերատեսչական համագործակցությունը։
Առաջարկվող մեխանիզմներից մեկը ժամանակավոր փոխարինող խնամքն է՝ respite care-ը։ Դրա տրամաբանությունը պարզ է․ որոշակի ժամանակով խնամքի պատասխանատվությունը ստանձնում է համապատասխան ծառայությունը կամ պատրաստված այլ անձ, որպեսզի մշտական խնամողը կարողանա հանգստանալ, բուժում ստանալ, աշխատել, սովորել կամ զբաղվել անձնական հարցերով։
Շարունակական խնամքի պայմաններում նույնիսկ մի քանի ժամով ապահով փոխարինող ունենալը կարող է էական նշանակություն ունենալ։ Խնամողը չի կարող պարզապես որոշել մեկ օր հանգստանալ կամ բժշկի գնալ, եթե չկա մեկը, ում կարող է վստահել խնամքի կարիք ունեցող հարազատին։ Փոխարինող խնամքն այդ իմաստով ոչ միայն ծառայություն է հաշմանդամություն ունեցող անձի համար, այլ նաև խնամողի ֆիզիկական և հոգեբանական առողջությունը պահպանելու գործիք։
«Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանում խնամողի մասնագիտական ինստիտուտը դեռ ձևավորված չէ։ Եթե անգամ պետությունը պատրաստ լինի խնամքի ծառայություններ տրամադրել կամ ընդլայնել դրանք, համակարգը կանգնելու է մեկ այլ խնդրի առաջ՝ որտեղից գտնել բավարար թվով պատրաստված մասնագետներ, որոնք այդ ծառայությունները կմատուցեն»,— նշում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։
Խնամքի համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների հարցը, սակայն, սկսվում է շատ ավելի վաղ՝ հենց ընտանիքից։ Տարիներով հարազատին խնամող մարդուց փաստացի ակնկալվում է կատարել բազմաթիվ գործառույթներ, մինչդեռ նա ինքն էլ կարող է երբեք չստանալ համապատասխան ուսուցում՝ ինչպես անվտանգ օգնել տեղաշարժվել, կազմակերպել առօրյա խնամքը, արձագանքել տարբեր իրավիճակներում և միաժամանակ չվնասել նաև սեփական առողջությանը։ Այս իմաստով վերապատրաստումը նախ անհրաժեշտ է հենց այն մարդկանց, որոնք արդեն այսօր խնամք են իրականացնում իրենց ընտանիքներում։
Միաժամանակ նրանց տարիների փորձը կարող է դիտարկվել նաև որպես կուտակված գիտելիք և սոցիալական կապիտալ։ Համապատասխան վերապատրաստում ստանալուց հետո նրանցից ոմանք, ովքեր կցանկանան, կարող են այդ փորձը զարգացնել նաև որպես մասնագիտական հմտություն և ներգրավվել խնամքի ծառայությունների համակարգում։ Այսպիսով, նույն մոտեցումը կարող է մի կողմից բարձրացնել ընտանիքում արդեն իրականացվող խնամքի որակը, մյուս կողմից՝ երկարաժամկետ հեռանկարում նպաստել նաև պատրաստված խնամողների շրջանակի ձևավորմանը և խնամող կանանց համար զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծմանը։
Փաստաթղթի հրապարակմամբ էլ գործընթացը չի ավարտվում։ «Խնամքի արժեք և հանրային բյուջե» ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը մշակման ընթացքում քննարկվել է ոլորտային կազմակերպությունների հետ և լրամշակվել ստացված դիտարկումների հիման վրա։ Այս փուլում այն ուղարկվել է նաև սոցիալական, տնտեսական, ֆինանսական, առողջապահական և տարածքային ոլորտների պատասխանատու պետական կառույցներին, ինչպես նաև Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին՝ դիտարկումների համար։
Ըստ ծրագրի ղեկավարի՝ արձագանքները տարբեր են։ Քննարկումների ընթացքում պետական կառույցների որոշ ներկայացուցիչներ բարձրացված խնդիրները կարևոր են համարել, միաժամանակ նշել, որ առաջարկների մի մասի իրագործելիությունն ավելի հստակ գնահատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական և այլ վերլուծություններ։ Էկոնոմիկայի նախարարությունը փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել է կոնկրետ դիտարկումներ, իսկ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ արդեն հանդիպման օր է նշանակվել՝ բարձրացված հարցերն ու առաջարկներն առանձին քննարկելու համար։
Սոցիալական ոլորտը համակարգող գերատեսչության հետ աշխատանքը նոր փուլ պետք է մտնի։ Ծրագրի և հետազոտական թիմը նախկինում արդեն հանդիպումներ ու քննարկումներ էր ունեցել ոլորտը համակարգող փոխնախարարի հետ, սակայն պատասխանատու փոխնախարարի փոփոխությունից հետո գործընթացը պետք է շարունակվի նոր նշանակված պաշտոնյայի հետ։ Ծրագրի թիմում հույս ունեն, որ նախկին քննարկումների ընթացքում առանձնացված հիմնական առաջնահերթությունների մասով էական փոփոխություններ չեն լինի, և հնարավոր կլինի շարունակել արդեն սկսված աշխատանքը՝ այն զրոյից չսկսելով։
Բայց փաստաթղթի հետագա ճակատագիրը միայն պետական կառույցների արձագանքից կախված չէ։ Արդեն ձևավորվում է բարձրացված խնդիրների շուրջ համագործակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ։ Առաջիկայում նրանք պետք է քննարկեն, թե համագործակցության ինչ ձևաչափ կարող է առավել արդյունավետ լինել հետագա ջատագովության համար։
Հետազոտությունն իրականացվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի «Խնամքի արժեք և հանրային բյուջե» ծրագրի շրջանակում՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչով։
Դրա արդյունքում ձևավորված առաջարկությունները չեն սահմանափակվում ոչ ֆորմալ խնամողի կարգավիճակի սահմանմամբ կամ առանձին ծառայությունների ներդրմամբ։ Առաջարկվում է նաև խնամք իրականացնող կանանց ներառել զբաղվածության քաղաքականությունների առաջնահերթ խմբերում, զարգացնել համայնքային ծառայությունները, ստեղծել տեղեկատվության և ուղղորդման միասնական մեխանիզմներ, խնամքի հարցը ներառել գենդերային հավասարության քաղաքականություններում, հավաքագրել խնամքի վերաբերյալ տարանջատված տվյալներ և ապահովել միջգերատեսչական համագործակցություն։ Առաջարկներից է նաև մասնակցային հարթակի ձևավորումը, որտեղ հարցի շուրջ կարող են համագործակցել տարբեր դերակատարներ։
Ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանի խոսքով՝ ծրագրի ավարտով այս աշխատանքը չի ավարտվում, հակառակը՝ նոր փուլ է սկսվում։ Հաջորդ քայլը վերլուծությունն ու ձևակերպված առաջարկությունները հնարավորինս կոնկրետ գործողությունների վերածելն է՝ հասկանալով, թե դրանցից որոնք կարող են իրականացվել գործող ծրագրերի շրջանակում, որոնք են պահանջում նոր մեխանիզմների ստեղծում, իսկ որոնց համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ տվյալներ, ֆինանսական հաշվարկներ կամ իրավական փոփոխություններ։
Այդ աշխատանքում նախատեսվում է շարունակել համագործակցությունը պետական կառույցների, ոլորտային ՀԿ-ների և մասնագետների հետ։ Շուրջ 15 մասնագիտացված կազմակերպություններ արդեն պատրաստակամություն են հայտնել աշխատել այս ուղղությամբ՝ խնամողների խնդիրները ներառել իրենց ծրագրերում, ուսումնասիրել նրանց կարիքները, փորձարկել աջակցության տարբեր մոտեցումներ, ինչպես նաև միավորել փորձն ու ռեսուրսները՝ համատեղ ջատագովության և աջակցության մեխանիզմների ձևավորման համար։
Լուսանկարները՝ ծրագրի ամփոփչ աշխատանքային քննարկումից