Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հայաստանում մեկնարկում է «ԹԷԱՏՐՈՆ» միջազգային փառատոնը (տեսանյութ)

Հայաստանում սեպտեմբերի 14-ից 28-ը կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ 

 «ԹԷԱՏՐՈՆԸ» այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին և միավորում է թատրոնը, ժամանակակից պարը, երաժշտությունն ու դրամատուրգիան։ 

Փառատոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ միջազգային ծրագրերը չեն սահմանափակվելու Երևանով․ միջոցառումներ են նախատեսված նաև Գավառում, Մեղրիում և Արտաշատում։

Փառատոնի պաշտոնական բացումը կլինի սեպտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Բեմում կլինի աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկին՝ իր «Կաֆիգ» պարախմբով։ «Ֆոլիա» ներկայացման մեջ հիփ-հոփն ու բարոկկո երաժշտությունը հանդիպում են նույն բեմում՝ միավորելով տարբեր դարաշրջանների արվեստի լեզուները։

«ԹԷԱՏՐՈՆԻ» ծրագրում առանձնահատուկ տեղ ունի նաև արվեստի սոցիալական դերը։ Փառատոնի սոցիալական ծրագրի շրջանակում և ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ «Ամալիա Սալ» պարախումբը կներկայացնի «Քանի դեռ չեմ մոռացել» ներկայացումը, որը անդրադառնում է Ալցհայմերի հիվանդությանը, հիշողությանը և միջսերնդային կապերին։ 

Ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Գավառի մշակույթի կենտրոնում, և սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ին, Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում։

Սեպտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բելգիական «Չայկա» թատերախումբը կներկայացնի «Լոկո» ներկայացումը։ 

Նախատեսված է նաև հատուկ ցուցադրություն լսողության խնդիրներ ունեցող դեռահասների ու մեծահասակների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար։

Փառատոնը կավարտվի սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ֆրանսիացի պարուսույց Էրվե Կուբիի «Բարբարոս գիշերներ կամ մարդկության առաջին լուսաբացները» բեմադրությամբ։

«ԹԷԱՏՐՈՆԻ» շրջանակում ուշադրության կենտրոնում է նաև ժամանակակից դրամատուրգիան։ Արտաշատում կանցկացվի «Էկուբե» դրամատուրգիական ծրագիրը՝ կանադացի դրամատուրգ Օլիվիե Քեմեդիի և փառատոնի տնօրեն Սաթէ Խաչատրյանի ղեկավարությամբ։ 

Ծրագրի արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 27-ին՝ Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Սեպտեմբերի 20-ին «Զանգակ» գրատանը կներկայացվեն նաև ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգների ստեղծագործությունների հայերեն թարգմանություններն ու հրատարակությունները։

Բանախոսներն ընդգծում են՝ «ԹԷԱՏՐՈՆԻ» նպատակն է ոչ միայն միջազգային արվեստը Հայաստան բերել, այլև ստեղծել նոր կապեր հայ և ֆրանկոֆոն արվեստագետների միջև և միջազգային մշակութային ծրագրերը հասանելի դարձնել նաև Երևանից դուրս։

Անկախ դժվարություններից՝ շատ հաճելի ու շատ կարևոր է ներկայացումները տանել նաև մարզեր։ Մենք 2 օր առաջ Գավառում ներկայացում ունեցանք, դահլիճը լեփ-լեցուն էր,- ասաց «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի տնօրեն Սաթէ Խաչատրյանը։

«ԹԷԱՏՐՈՆԸ» կազմակերպում են ֆրանսիական Saté-Âtre թատերական ընկերությունը և ART-IMAGES կազմակերպությունը։ Փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական տնօրենը Սաթէ Խաչատրյանն է։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։