Ասել` ֆոսֆորային ռումբեր են օգտագործել, բայց չնշել՝ ով, նշանակում է՝ լռելյայն թույլ տալ Ադրբեջանին շարունակել իր գործելաոճը․ Արմեն Գեւորգյան
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովը մի քանի ամիս է քննարկում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոնը Հովելի զեկույցի նախագիծը, որը վերաբերում է զինված հակամարտությունների բնապահպանական ազդեցությանը։
Նախագիծը, ի թիվս այլոց, անդրադառնում է նաեւ ԼՂ հակամարտությանը։ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի խոսքով՝ նախագծում որոշ ձեւակերպումներ եւ մոտեցումներ անընդունելի են, հատկապես որ հղում է արվում 2016թ-ին ընդունված փաստաթղթին, ինչն այն ժամանակ արդեն օբյեկտիվության մասով հարցեր էր առաջացնում։
Բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը իր «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցը պատրաստել էր առանց Արցախ այցելելու, բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցությամբ։
«Այսօրվա իրականության մեջ, երբ 44-օրյա պատերազմ է եղել , երբ ընդամենը մեկ ամիս առաջ ադրբեջանցիները ռմբակոծել են Ջերմուկի ջրամբարը, վնաս են հասցրել հանքային ջրերով հարուստ առողջարանային գոտուն, դա չնկատել, չֆիկսել եւ հիշել 2016թ-ը կամ ասել, որ ֆոսֆորային ռումբեր են օգտագործել, բայց չնշել՝ ով, պարզապես նշանակում է՝ լռելյայն թույլ տալ Ադրբեջանին շարունակել իր գործելաոճը»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Գեւորգյանը։
Ըստ նրա՝ ավելի շատ կենտրոնացած լինելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ շատերը չգիտեն՝ ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, ուստի․ «Մենք պետք է հետեւողական լինենք, ասենք, բացատրենք, պատմենք, որ վերհիշեն ինչու այս ամենը տեղի ունեցավ, արդյո՞ք թուրք-ադրբեջանական կոալիցիայի նկրտումները արդար են, թե ոչ»։
Եվրոպական կառույցները, մասնավորապես ԵԽԽՎ-ն արդեն հասկանո՞ւմ է մեր դիրքորոշումը՝ հարցին՝ պարոն Գեւորգյանը պատասխանեց․
«Ես կարծում եմ ՝ ոչ թե մեր դիրքորոշումներն են հասկանում, այլ շատ հետեւողականորեն իրենց հետաքրքրություններն ու շահերն են տանում առաջ։ Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում այսօր իրենց անմիջական ներգրավածությունը տարբեր բացատրություններ ունի։ Այս պահին, իրենց հիմնական շահագրգռվածությունը Կասպյան տարածաշրջանի նավթային եւ գազային ռեսուրսներին ավելի հասնելի դառնալն է։ Ցավոք, մեր հաշվին լուծում են իրենց հարցերը»,- նշեց նա։
Հունիսին ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում Արմեն Գևորգյանը նշանակվել է տեղական և տարաշածրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող։
Պարոն Գեւորյանը մտահոգություններ ունի, որ առաջիկայում Եվրոպայում տնտեսական, էներգետիկ դժվարությունները կարող են ազդել տեղական ժողովրդավարության որակի վրա։
Սեպտեմբերին Իզմիրում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում որպես զեկուցող Արմեն Գեւորգյանը մասնավորապես նշել էր․ «Կանխատեսվում է համայնքներում անվտանգության ընդհանուր վիճակի վատթարացում, հանցավորության եւ կոռուպցիայի պոտենցիալ աճ: Բնակչության ֆինանսական եւ այլ սոցիալական աջակցության խնդիրները լուծելիս տեղական շատ իշխանություններ կարող են բախվել բյուջետային խնդիրների: Նման օգնության տրամադրումը կամ բացակայությունը կարող է քաղաքացիների հավասարության եւ հանրային միջոցների ու ռեսուրսների արդար բաշխման խնդիրներ առաջացնել:
Ընդհանրապես, նման դժվարություններն ու խնդիրները կարող են խարխլել հասարակության մեջ սոցիալական վստահության հիմքերը եւ նվազեցնել իշխանությունների հեղինակության եւ լեգիտիմության մակարդակը»։
Զեկուցողի կարգավիճակով առաջիկայում այլ հանդիպումների էլ պետք է մասնակցի․
« Հոկտեմբերի վերջին այստեղ տեղի է ունենալու տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների կոնգրեսի նիստը,որին եւս հրավիրված եմ։ Սեպտեմբերի վերջին նաեւ խորհրդակցական հանդիպում էր Ստրասբուրգում, որտեղ երկու օր քննարկեցինք մասնակցային ժողովրդավարության զարգացման հեռանկարները ԵԽ անդամ երկրներում»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը ԵԽԽՎ նստաշրջանի կամ այլ նիստի մասնակցելու համար պետք է ստանա դատարանի թույլտվությունը, քանի որ մեղադրվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն գործով։
Այս պահին, ըստ Գեւորգյանի, ԵԽԽՎ-ում քննարկվում է ՀՀ իշխանություններին միջնորդությամբ դիմելու հարց, որ նա կարողանա լիարժեք կատարել ԵԽԽՎ պատվիրակի եւ զեկուցողի առաքելությունը։ Փետրվարին նման նամակ-միջնորդություն եղել էր ԵԽԽՎ նախագահի կողմից, որպեսզի ապահովվի նրա ազատ տեղաշարժի իրավունքը։
«Քննարկվում է,թե ինչ լուծում կստանա՝ չգիտեմ»,- ասաց Արմեն Գեւորգյանը։