Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Կրիպտոարժույթով զբաղվողներն այսուհետ կհարկվեն. ոլորտի վերաբերյալ օրենք կընդունվի (տեսանյութ)

Կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունը այս ոլորտում: «Կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու, պետական մարմինների հետ առնչվելու կամ համագործակցելու, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ ու կայուն հարաբերություններ ձևավորելու հետ: Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր, որոնք մեծամասամբ կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության և կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կիրառելու վտանգների հետ: Բացի այդ, կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունակական աճը կարող է ստեղծել նաև ֆինանսական կայունության ռիսկեր: Մասնավորապես, հաճախորդների շահերի անբավարար պաշտպանվածությունը թույլ չի տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ և նրանց հասանելի դարձնել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակցել տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորմանը նոր թողարկված կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելով, իսկ ՓԼ/ԱՖ և այլ ռիսկերը սահմանափակում են կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի պատշաճ ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները»,-ասել է ֆինանսների նախարարը:

Վահե Հովհաննիսյանը նշել է՝ հաշվի առնելով նշված խնդիրներին պատշաճ արձագանքելու կարևորությունը և հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ՝ կապված կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ԱԳՏ-երի զարգացման և նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ, ինչը կապահովի ՀՀ-ում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին: Միևնույն ժամանակ կստեղծվեն հաճախորդների շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ շահերի բախումների կանխարգելման և հաճախորդներից ստացված բողոք-պահանջների ընդունման ու քննության ընթացակարգերի, հաճախորդների միջոցների պաշտպանության, վարվելակերպի կանոններ, անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման և թափանցիկության ապահովման այլ պահանջների տեսքով՝ հնարավորություն տալով հաճախորդներին օգտվել մատուցվող պրոֆեսիոնալ ծառայություններից, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն որոշումներ կայացնելու համար, անհրաժեշտության դեպքում դիմել ֆինանսական հաշտարարին և օգտվել իրենց շահերի պաշտպանության համար առկա այլ հնարավորություններից: Կարգավորման պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ, պատշաճ կերպով արձագանքել ֆինանսական կայունության, ՓԼ/ԱՖ և այլ ռիսկերին, և համագործակցել այլ երկրների կարգավորող և վերահսկող մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչը կբարձրացնի երկրի հեղինակությունը:

Կարևորելով օրինագծի ընդունումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու առաջին փորձն է: «Այս կարգավորումը չի լինելու կատարյալ, և մենք այսքան տարի այս կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով՝ իսկ եթե կարգավորումը չլինի կատարյալ: Փորձել ենք այն մի քիչ էլ դարձնել կատարյալ. այն չի դարձել կատարյալ ու չի դառնալու, բայց մենք պետք է մտնենք՝ ոլորտը կարգավորելու: Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը հենց հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ոլորտը կարգավորել, հնարավորինս ամբողջական գիտելիք ձեռք բերել կրիպտրոարժույթների մասին և պետք է հնարավորինս ամբողջական քաղաքականություն որդեգրել դրա մասին:

Վարչապետն ընդգծել է ոլորտում կարգավորումներ, քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը. «Այո՛, կլինեն քննադատություններ, որ այս նախագիծը, օրենքը կատարյալ չէ, բայց այս նախագծի գոյությունն ավելի կատարյալ է, քան դրա բացակայությունը: Հետևաբար` սա շատ կարևոր քայլ է, որը պետք է համարձակորեն և վճռական կերպով անել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները: Այն շատ համակարգային և խաչմերուկային թեմա է, որովհետև առնչվում է բազմաթիվ հարցերի»:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այլընտրանք չկա, պետք է գնալ այս քայլին. «Սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն և՛ ֆիսկալ համակարգի համար, և՛ արժութային կարգավորման, և՛ վճարահաշվարկային համակարգի համար: Այդ իմաստով ես կարծում եմ, որ այս մեկնարկը ճիշտ է: Եվ վստահ եմ, որ մենք միշտ մոնիթորինգի տակ կպահենք իրավիճակը, և ըստ խնդիրների՝ փոփոխություններով, լրացումներով ու լավարկումներով կունենանք այնպիսի կարգավորում, որը որևէ կերպ չի խոչընդոտելու ոլորտի զարգացումը, բայց նաև չի վնասելու մեր գործող կարգավորումների և համակարգերի աշխատանքը»: