Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լավրով-Միրզոյան հանդիպման ժամանակ խանդ զգացվեց Արևմուտքի գործողությունների նկատմամբ․քննարկում (տեսանյութ)

«Իմ կարծիքով՝ պետք է նախ դրական գնահատենք այցը և այն փաստաթղթերը որոնք ստորագրվել են»։

Անվտանգային երաշխիքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ ստորագրած փաստաթղթերը այսպես գնահատեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Արմենպրեսի մամուլի սրահում քննարկման ժամանակ Մելիքյանը նկատեց, որ ստորագրվող փաստաթղթերի մի մասի համաձայն՝ հետագա համագործակցության ձևաչափեր են ձևավորվելու։

Փորձագետի գնահատմամբ՝ բարդ աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին շատ կարևոր է իրավիճակը սթափ գնահատելը և հնարավոր վտանգների նվազեցումը։

Քննարկմանը մասնակցող մյուս բանախոսը՝ ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, հատկապես կարևորեց ստորագրված փաստաթղթի 24-րդ կետը։

Ադրբեջանագետի խոսքով՝ այնտեղ ոչ միայն նշված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթը այլև արձանագրված էր, որ հարցը կարգավորված չէ։ Նրա խոսքով՝ այդ փաստը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանը պատերազմից հետո պնդում է թե չկա հակամարտություն և չկա Լեռնային Ղարաբաղ առհասարակ։

Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ փաստաթղթի 25-րդ կետը ևս հատկանշական է, ըստ որի՝ Ռուսաստանը պետք է ներգրավվի երկաթուղու կառուցմանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Մոսկվայում Ռուսաստանի հետ ստորագրված փաստաթուղթը որակեց իբրև հավասարակշված․ «Ներառելով փաստացի բոլոր ոլորտները՝ տնտեսություն, մշակույթ, քաղաքականություն, անվտանգություն, այն բնականաբար աշխատանքային հենք է, որովհետև ընդհանուր մտադրությունների ներքո պետք է ձևակերպվի ընդհանուր աշխատանք և այստեղ են գլխավոր մարտահրավերները»։

Թե որքանով արդյունավետ կլինի այդ աշխատանքը, որը իրականություն կդարձնի այդ փաստաթղթում առկա կետերը, դեռ հարց է՝ նկատում է Բադալյանը։ Նա հիշեցնում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը ոչ միշտ է, որ համահունչ է լինում Հայաստանի շահերին։

Քննարկման մասնակից վերլուծաբան Արտակ Խաչատրյանը հետևյալ եզրահանգումն արեց․ «Աշխարհաքաղաքական զարգացումները գրեթե հեղափոխական նշանակություն ունեն աշխարհակարգի վերափոխման վրա»։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար անկյունաքարային նշանակություն ունի հավասարակշռված քաղաքականությունը։

«Դրա քայլերը մենք տեսնում ենք թեկուզ մասնավոր իրադարձություններ նվիրված Լեռնային Ղարաբաղի կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում։ Ներկա աշխարհաքաղաքական մրցավազքի մեջ, երբ սաստկանում է որևէ ուժային առանցքին նոր երկրներ ներգրավելու պրոցեսը, Հայաստանի արտաքին քաղաքականության նման քայլը ողջունելի է»,-նկատեց Խաչատրյանը։

Բանախոսը պատահական չհամարեց, որ վարչապետի բրյուսելյան այցին հաջորդեց մոսկովյան այցը։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ շեշտը դրվել է անվտանգային խնդիրների վրա։

«Եթե բրյուսելյան այցը կարելի է ձևակերպել հումանիտար միջամտություն կամ ներգրավածություն Բրյուսելի կողմից, ապա Ռուսաստանը իր դերակատարությամբ փորձում է հակակշռել Արևմուտքի ներկայությանը»,-ասում է նա։

«Չմոռանանք, որ Սերգեյ Լավրով և Արարատ Միրզոյան հանդիպման ժամանակ որոշակիորեն խանդ զգացվեց Արևմուտքի գործողությունների նկատմամբ»,-կարծում է վերլուծաբանը։

Նրա գնահատմամբ՝ գոնե Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք կոնսենսուս դեռևս տեսանելի չէ։

Հեռանկարները, որոնք նշմարվում են հաղորդագրություններում, ցանկալի է, որ այդպես էլ տեքստի վրա չմնան՝ հույս հայտնեց Արտակ Խաչատրյանը։