Բացել լրահոսը Փակել լրահոսը
5.thumb
A A
Քաղաքականություն Հասարակություն

Երևանը պատրաստ է, Թբիլիսին՝ դեռ ոչ

ՀՀ ԱԳ նախարարի Վրաստան այցը կարևոր էր Երևան-Թբիլիսի քաղաքական երկխոսության առումով։ Այսպիսի այցերի շնորհիվ տրվում է հնարավորություն քննարկելու օրակարգային հարցերը և նախապատրաստվելու միջկառավարական հանձնաժողովի այս տարվա նիստին, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Երևանում։

 

«Ա1+»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցին Վրաստանի Հանրապետություն, ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ ներկայացնելով այցի արդյունավետությունն ու կարևորությունը երկու երկրների համար։

 

«Բացի դրանից շատ մեծ դեր և տեղ է գրավել այս հանդիպման ժամանակ տարածաշրջանային և միջազգային օրակարգը։

Ի վերջո՝ այս տուրբոլենտ շրջանում շատ կարևոր է,որ մեր պես փոքր պետությունները կարողանան միմյանց հետ կիսվել մոտեցումներով և փորձեն համատեղ տարբեր նախաձեռնություններ իրականացնել»,- ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը հավելելով, որ այս հանդիպմանը շար կարևոր էր, որ հասկանալի դարձավ աշխարհաքաղաքական բարդ շրջանում երկու երկրների դիրքորոշումները։ 

 

Ըստ փորձագետի՝ Արարատ Միրզոյանի՝ հարևան Վրաստան այցի ընթացքում քննարկվել է նաև հայ-թուրքական, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կագավորման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու դրանց հեռանկարները։

 

Հարցին՝ որքանո՞վ է հայ-վրացական ջերմ հարաբերությունները մտահոգում ադրբեջան-թուրքական կողմին՝ հաշվի առնելով Վրաստանում երկու պետությունների տնտեսական ներգրավվածությունն ու բարիդրացիական ոչ պակաս ջերմ հարաբերությունները Վրաստանի հետ, վրացագետը նկատեց՝ «օրվա իշխանությունները շատ պրագմատիկ են իրենց արտաքին քաղաքականության մեջ և նույնիսկ որոշակի բարդությունների պարագայում՝ իրենց պետական շահերից ելնելով են գործում»։

 

Ըստ փորձագետի՝ Երևանն ու Թբիլիսին բազմիցս շեշտել են, որ իրենք կառուցում և զարգացնում են բարիդրացիական հարաբերությունները, որոնք հատկապես հայկական կողմի պնդմամբ ռազմավարական նշանակություն ունեն։

 

«Երևանը պատրաստ է էլ ավելի խորացնել  հարաբերությունները և նոր մակարդակի հասցնել, բայց Թբիլիսին դեռևս չի շտապում։ Բայց այնտեղ դրական ազդակներ կան։ Եվ այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- ընդգծում է Ջոնի Մելիքյանը՝ կարևորելով, որ Թբիլիսին ու Երևանը միշտ խոսել են և աշխատում են այնպես անել,որ երրորդ երկրների ազդեցությունը պետությունների հարաբերությունների վրա զգալի չլինի։

Փորձագետը հայ- վրացական վերջին տարիների հարաբերությունները բնութագրելիս նկատում է, որ Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանինը՝ ՌԴ-ի հետ, չեն խանգարել հայ-վրացական ջերմ հարաբերությունների ձևավորմանն ու ամրապնդմանը։

 

Հիշեցնենք՝ մարտի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կատարեց Վրաստանի Հանրապետություն։