Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մեր քարոզիչները՝ հանձինս Հայ առաքելական եկեղեցու, այլ կերպ չէին կարող մեզ առաջնորդել․ ՀՀ նախագահ (տեսանյութ)

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի և մասնակցել պատարագի։

Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահն այցելել է նաև եկեղեցուն կից կենտրոն և հանդիպել եկեղեցու շաբաթօրյա վարժարան հաճախող երեխաների, կենտրոն-վարժարանի աշխատակիցների հետ։

Նախագահը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել. «Ժողովուրդները, ազգերը կան այնքանով, որքանով որ պահպանում և ապրեցնում են իրենց սովորույթներն ու ավանդույթները: Եթե չկան մեր սովորույթները՝ մենք ուղղակի կորցնում ենք մեր արժեքային համակարգը:

Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք մեր սովորույթները մեր հետ տանենք, որտեղ էլ, որ ապրենք: Շատ կարևոր է դրանք փոխանցել երիտասարդներին, ապագա սերունդներին:


Ես ուրախ եմ, որ այստեղ կան փոքրիկներ, պատանիներ, դեռահասներ, որոնք պարի կամ երգի միջոցով ստացել են մեր հայկական սովորույթները և փոխանցելու են հաջորդ սերունդներին: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ այստեղ տեսնում եմ»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նախագահը մասնավորապես ասել է. «Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք որպես Հայաստանի Հանրապետություն և որպես Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել, ամրապնդել և հաջորդ սերունդներին փոխանցել… Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած: Եվ այս հարցում ամենակարևորը՝ միասնականությունն է, համերաշխությունը, իրար չվիրավորելը, իրար լսելը: Մենք հզոր ենք, երբ ավելի միասնական ենք և հաջողություն կունենանք, երբ բոլորիս ընկալումը նույնը լինի, այն է՝ գործել և մեր անելիքն անել հանուն Հայաստանի Հանրապետության»:

Խոսքն ուղղելով Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանին, նախագահը ցանկություն է հայտնել, որ «եկեղեցին շարունակի առաջնորդել այն քրիստոնեական արժեքներով, որոնցով միշտ առաջնորդվել է»: «Դա շատ կարևոր առաքելություն է, որը իրականում նաև շատ դժվար է իրականացնել այսօրվա բարդ աշխարհում: Մենք մարտահրավերների առջև ենք կանգնած՝ որպես քրիստոնյաներ, և պետք չէ այս մարտահրավերների ժամանակ թշնամանալ այլ կրոնների հետ: Մենք որպես հայ կարողացել ենք մեր գոյությունը պահպանել, որովհետև մենք իրապես կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ ենք: Մեր հակառակորդ երկրները միշտ փորձում են ներկայացնել, որ մեր պայքարն իրենց հետ եղել է կրոնական: Սակայն իրականում մեր պատմության մեջ մեր պայքարը չի եղել կրոնական: Մենք եղել ենք կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ: Հատկապես Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում մեզ ընդունում են նաև նրա համար, որ մենք կրոնական մեծ հանդուրժողականություն ունենք: Եվ ես հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհով էլ կգնանք, որովհետև մեր քարոզիչները՝ հանձինս Հայ առաքելական եկեղեցու, այլ կերպ չէին կարող մեզ առաջնորդել»,- ասել է նախագահը՝ բոլորին մաղթելով հաջողություններ և բազում ձեռքբերումներ: