Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ոստիկանությունը՝ Այգեստանում կրակոցների մասին (տեսանյութ)

Մարտի 26-ի ժամը 05.08-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում:
Պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ինչից հետո շարժվել է Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը Նալբանդյան 130 հասցեի մոտ նկատել է ինքնաձիգով զինված քաղաքացուն և, չգտնվելով ծառայության մեջ, հետապնդել է նրան, ապա կանգնեցնելով՝ սկսել է բանակցել, որ զենքը հանձնի իրեն:

Բանակցությունների արդյունքում տղամարդը ոստիկանին է հանձնել ինքնաձիգը, ինչի մասին ոստիկանը հաղորդել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մոտեցած պարեկներին է հանձնել տղամարդուն և ինքնաձիգը:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Այգեստանի 9-րդ փողոցում՝ դեպքի վայրում, զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի մեքենա: Իսկ տղամարդուց վերցված ինքնաձիգը լիցքավորված էր 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտով: Տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ կրակոցներ են հնչել Երևանում, և կասկածյալը վնասազերծվել է հենց ոստիկանության շենքի դիմաց։