A
A
Ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում Ադրբեջանը կփորձի Սյունիքում խնդիրներ լուծել. Ալեն Ղևոնդյան
Աջակցիր «Ա1+»-ինՆախ պետք է նշել, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մի մասը քարոզչական, հոգեբանական մանիպուլյատիվ էլեմենտ ունի։ Եվ հարձակման ամսաթվերի մրցապայքարը՝ Արևմուտքի, ԱՄՆ-ի, ինչպես նաև ուկրաինական կողմի ղեկավար անձանց կողմից, ավելի շատ հոգեբանական ազդեցություն գործելու՝ Արևմուտք-Ուկրաինա ռազմատեխնիկական օգնության խնդիրը իրացնելու նպատակ էր հետապնդում։
«Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության լայնածավալ ռազմական գործողությունների ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կանխատեսումներին և այս ամենի ֆոնին ՌԴ նախագահ Պուտինի կողմից պահեստազորայինների հավաքագրման որոշմանը։
«Եթե վերադառնանք առարկայական ռազմատեխնիկական շփումների և դիվանագիտական ռևանշների ֆորմատ, կարող ենք արձանագրել՝ արևելյան շրջանակներին, ուկրաինական գործող շրջանակներին անհրաժեշտ է, որ Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա»,-ասաց քաղաքագետը՝ պարզաբանելով, որ նրանց հայտարարությունները, ապա՝ ՌԴ-ի հարձակման հետ կապված հերքումներն ու հարձակման օրվա հետ կապված մառազմատիկ քննարկումները նման տպավորություն էին ստեղծում։
«Ակնհայտ է՝ Ռուսաստանին պետք չի հարձակում, որովհետև ՌԴ-ն այս պահին չի գտնվում այնպիսի մրցունակության շեմի մեջ, որ կարողանա սահմանի բոլոր սեգմենտներում հակադարձի անկայունության տարբեր օջախներին։ ՌԴ-ն ենթարկվում է տարբեր տնտեսական սանկցիաների, արտաքին քաղաքական ճնշումների, ներսից էլ փորձում են քաղաքական խժդժություններ ստեղծել, և տրամաբանական է, որ ռուսները շահ չունեն սկսելու ինչ-որ պրոցես»,-նշում է քաղաքագետը՝ պարզաբանելով, որ մեծ հաշվով Ուկրաինական ճգնաժամում Ուկրաինան բացակայում է՝ այստեղ կա Արևմուտք-Ռուսաստան մրցակցություն։
Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ խնդիրն այստեղ ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք գնալու ռազմավարությունն է և այդ ռազմավարության արևմտյան կողմի պարտավորության դրժումը։
Այս ամեն ինչի համատեքստում քաղաքագետը հիշեցնում է, թե ինչպես ՆԱՏՕ-ն խաբեց ելցինյան Ռուսաստանի ժամանակաշրջանում, երբ թույլ էր Ռուսաստանը։
Քաղաքագետը նկատում է, որ այստեղ կա անվտանգային բալանսի խախտման խնդիր և ռուսները հասկանում են, որ այլևս իրենք զիջելու տեղ չունեն։
Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այստեղ Լուգանսկի, Դոմբասի և Կիևի հարաբերություններն են, և այն կարող է դառնալ առիթ ինչ-ռազմական գործողությունների սկսման համար։
Հարցին՝ վատագույն սցենարի դեպքում, եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, ի՞նչ անվտանգային ռիսկեր կան տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի համար, քաղաքագետն ասաց, որ խոսելով պայմանական պատերազմի մասին, պետք է նշել՝ անուղղակիորեն այն անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։
Ալեն Ղևոնդյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանի երկու խաղացողներից Թուրքիան ու Ադրբեջանը կարող են պրոքսի պատերազմի միջոցով՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կփորձի Սյունիքում կամ այլ հատվածում խնդիրներ լուծել։
«Արցախ չեն մտնի, որովհետև այդտեղ ռուս խաղաղապահների գործոնն, այնուամենայնիվ, զսպող հանգամանք է»,-ասաց քաղաքագետը՝ չբացառելով, որ նման իրավիճակում կարող է Թուրքիան ու Ադրբեջանը մեծացնեն ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ։
«Սրանք էլ, քանի որ Հայաստանի ազգային շահով չեն առաջնորդվում, այլ իշխանությունը պահելու օրակարգով, կարող են գնալ կոմպրոմիսի»,- ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ՌԴ-ն մեկ շաբաթից կհարձակվի Ուկրաինայի վրա։