«Գերպետությունների համար ՀՀ տարածքն է արժեք, ոչ թե Հայաստանի ժողովուրդը»․Վազգեն Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության եւ հայության գերկարեւոր անելիքների ու առկա իրավիճակի մասին հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Վազգեն Պետրոսյանը։
Պարոն Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում սողացող պատերազմ է։ Որպես թշնամու այս պահի նպատակ նշվում է Սյունիքը սեփականելը, ինչին գործնականորեն հասնելու թշնամու փորձերը, ցավոք, առայժմ հաջողվում են։ Մեր, մեղմ ասած, անհաջողությունը ռազմական անզորության, թե՞ քաղաքական վարքագծի հետեւանք են։
Զորքն ու զինվորը պատրաստ են կռվելու, իսկ իշխանությունները հապաղում են, ինչ-ինչ պատճառներով։ Սա, իհարկե, մտածելու տեղիք է տալիս։ Առավել եւս, որ իշխանությունները ՀՀ ՊՆ-ի կողմից զգուշացված էին ե՛ւ 44-օրյա պատերազմի, ե՛ւ մայիսի 12-ի ներխուժման ե՛ւ երեկվա հարձակման մասին, սակայն բոլոր դեպքերում էլ քայլեր չձեռնարկեցին։ Սա չինովնիկական անփութություն կամ անգրագիտություն չէ, այլ դավաճանություն, ինչի համար պատիժը, այն էլ պատերազմական վիճակում, ռազմական տրիբունալը պետք է լիներ։
Տրիբունալ չկա, ինչպես տեսնում ենք։ ՀՀ իշխանությունն այն է, ինչ կա։ Միջազգային կառույցների մշտականության հասնող «հանգստանալու» ուղերձն այս անգամ էլ հավասարապես ուղղված է ե՛ւ մեզ, ե՛ւ մեր թշնամուն։ Դաշնակից պետության ու կառույցի ակնկալիքը, գոնե առերես, օգնության գրավո՛ր խնդրանքն է, որի պարագայում անգամ օգնության հավանականությունն առկախ է թվում։
ՆԱՏՕ-ն եւ Թուրքիան քայլ առ քայլ ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում, իսկ նրանց ջանադիր աջակիցն է այսօրվա ՀՀ իշխանությունը։ Գերտերություններն իրենց երկարաժամկետ ծրագրերն են իրականցնում մեր երկրի եւ մեր ժողովրդի արյան հաշվին։ Սա գիտակցում է այսօրվա իշխանության ղեկին կանգնած անձնավորությունը եւ իր թիմի հետ գիտակցաբար քանդում երկրի բոլոր հիմքերը ու շարունակում փաթեթավորել Հայաստանը՝ որպես նվեր Թուրքիային հանձնելու համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, ապա մենք պետք է հասկանանք, որ նրանց եւ մեր մեր շահերը միշտ չէ որ նույնական կարող են լինել՝ ճիշտ այնպես, ինչպես այլ ռազմական, քաղաքական եւ այլ դաշինքներում։ Որպես օրինակ՝ Թուրքիան կիսեց Կիպրոսը, եւ ՆԱՏՕ-ն լուռեց։ Մինչդեռ Կիպրոսը ՆԱՏՕ-ի անդամ է։ Եւս մեկ օրինակ՝ 2015-ին Թուքիան խոցեց ռուսական ռազմական օդանավը, ինչին հետեւեց ՆԱՏՕ-ի քննադատությունը, որի անդամ է Թուրքիան։
Միջազգային բոլոր ռազմաքաղաքական դաշինքներն ամբողջությամբ աշխատում են այն ժամանակ, երբ վտանգվում են գլխավոր դերակատարի անմիջական շահերը։
Արդեն կասկած չկա, որ Ռուսաստանի շահերը Թուրքիայի ձեռամբ վտանգված են ինչպես մեր, այնպես էլ տաք կամ պայթունավտանգ կետերի վերածված այլ տարածաշրջաններում։ Ինչպե՞ս եւ արդյո՞ք այսուհետ հնարավոր է նույնականացնել մեր եւ մեր դաշնակցի շահերը։
Այսօր Ռուսաստանը Սերբիայից մինչեւ Միջերկրական ծով ու Դոնբաս, մինչեւ Սեւ ծով ու Միջին Արեւելք, մինչեւ Անդրկովկաս եւ Կենտրոնական Ասիա ավելի շատ հակասություններ ունի Թուրքիայի հետ, քան ընդհանուր շահեր։ Ըստ այդմ, յուրաքանչյուր տարածաշրջանում Ռուսաստանը վարում է հատուկ քաղաքականություն։ Ամենուր Թուրքիայի մեջքին կանգնած է ԱՄՆ-ը, որը Ռուսաստանին համարում է իր ոխերիմ թշնամին։ Միջազգային հարաբերություններում ճնշմանը դիմագրավելու անկարողությունը պարտադրում է նահանջ կամ թշնամու հետ զուգահեռ ընթացք։ Ռուսաստանը, տեսնելով Հայաստանի իշխանությունների թուրքերին ինքնամատույց լինելու վարքագիծը, նախընտրեց ընթանալ Թուրքիայի, ասել է թե` Միացյալ Նահանգների հետ։ Մեր դաշնակցի այս գործելակերպը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հայ քաղաքական էլիտան՝ իշխանությունն ու ընդդիմությունը, չի դրսեւորի ազգային պետականմետ վարքագիծ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր սահմանները պահելու է միայն հայկական զինուժը, դաշնակիցներն ընդամենը աջակցելու են մեզ։
Ներկայիս ՀՀ իշխանության վարքագծի ինքնակամ փոփոխությունն այս պահին եւ մոտ ապագայում անհավանական է։ Առկա իրավիճակն, ընդհանուր առմամբ, շահեկան է իրենց աշխարահաքաղաքական դիրքավորումը բարելավող գերտերությունների համար։ Հայությունը պատրաստ է իր շահերին տեր կանգնելու, բայց անզորացված է։ Իսկ ռազմական գործողությունները հաստատուն կերպով ավելի ու ավելի են սողում դեպի Հայաստանի Հանրապետության խորքերը։ Այսպիսի իրավիճակում հայության եւ հայկական պետականության համար շահեկան ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել։
Իսկ ո՞վ է ասում, որ այս իշխանություններին մոտ ապագայում գահընկեց անելն անհնար է։ Յուրաքանչյուր իշխանության գահից հեռացնելու համար հարկավոր է նպատակ, ծրագիր եւ այդ ծրագիրն իրականացնելու համարձակություն։ Այսօրվա քաղաքական դաշտում գործող որեւէ կուսակցություն Նիկոլին գահից իջեցնելու ռեալ քայլերի չի դիմում, քանի որ չունի այդուհետ իրականացնելիք ազգային-պետական ծրագիր։ Եւ երկիրը շարունակում է մնալ ծանր իրավիճակում՝ փչացվել են Հայաստան-Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան հարաբերությունները, քայքայվել է ՀՀ տնտեսությունը, մեծապես տուժել է հայ ժողովրդի ինքնավստահությունը... Այսպիսի իրավիճկում շատ մեծ է անհատի դերը։ Պետական մտածելակերպ, գործելու համարձակություն եւ պատրաստվածություն ունեցող բանիմաց անհատների մեկտեղումը իրավիճակը փոխելու առաջին եւ շրջադարձային քայլն է։ Հայաստանի ուժային կառույցները (բանակ, ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ) պետք է հասկանան, որ իրենք մնայուն կառույցներ են, իսկ իշխանությունները՝ գնացող։ Իշխանությունն էլ պետք է գիտակցի, որ օր առաջ հեռանալով, կարող է խուսափել արյունոտ իշխանափոխությունից։
Այսօրվա իշխանություններն անվնաս հեռանալու այլ ուղիներ չե՞ն ունենա։
1989-ին ԱՄՆ-ի հորդորով Ռումինիայի նախագահ Նիկոլայ Չաուշեսկուին եւ նրա տիկնոջը գնդակահարեցին՝ Վարշավյան պակտի անդամ երկրների ղեկավարներին դաս տալու նկատառումով։ Նիկոլն ու իր թիմակիցները խմբովի կարող են նմանատիպ ճակատագրի դատապարտվել մեկ այլ գլոբալ դասի համար։
Մինչ մենք այս կամ այն տարբերակին հասնելու սպասումներով ենք տարված, թշնամին գործում է, եւ Հայաստանը փոքրանում է՝ տալով մարդկային, տարածքային ու տարատեսակ կորուստներ։
Այստեղ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն իրականացնում է իր՝ «Գոբելի ծրագիրը», որպեսզի հասնի Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի թուլացմանը եւ լիարժեք վերահսկում սահմանի դեպի Եվրոպա գնացող էներգակիրների խողովակների վրա։ Մեր անգամ վայրկյանների հապաղումը մեզ բերելու է մեր նոր կորուստներ։ Գերպետությունների համար այդ կորուստները ոչինչ են, նրանց համար ՀՀ տարածքն է արժեք, ոչ թե Հայաստանի ժողովուրդը։
Զրուցեց Նանա Պետրոսյանը