Եթե ԱՎԾ-ն հաշվարկն աներ ամսի 20-ից հետո (տեսանյութ)
Հայաստանը ներկայումս գտնվում է բարձր գնաճային միջավայրում: Նման եզրակացության է եկել տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը` ուսումնասիրելով Ազգային վիճակագրական ծառայության գնաճի վերաբերյալ հրապարակած վերջին տվյալները:
Ըստ ԱՎԾ-ի` մեկ տարվա ընթացքում Հայաստանում կյանքը թանկացել է 9.1 տոկոսով, 10 ամիսների ընթացքում սպառողական գները աճել են 5.8 տոկոսով: Սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին սպառողական գները աճել են 1 տոկոսով, ինչը հիմնականում պարենային ապրանքների գների 1.6 տոկոս գնաճի արդյունք է:
Տնտեսագետը զարգացած երկրների մեծ մասում բարձր գնաճային երեւույթներ ներկա պահին չի տեսնում եւ համեմատելով նշեց, որ Եվրամիության երկրներում միջին գնաճը տատանվում է 1.5 տոկոսի շրջանակներում, այն դեպքում, երբ Հայաստանում այն կայուն կերպով բարձր է 5 տոկոսից եւ ներկայումս 12 ամիսների 9.1 տոկոս գնաճը վերջին 10 տարում ամենաբարձր ցուցանիշն է:
Սամվել Ավագյանը կարծում է, որ Հայաստանում գնաճի թիվը ավելի բարձր է, քան ցույց է տալիս ԱՎԾ, քանի որ վերջինս իր հաշվարկները անում է մինչեւ հոկտեմբերի 20-ի տվյալներով, իսկ դրանից հետո տեղի են ունեցել նոր գնաճային երեւույթներ: Տնտեսագետը համաձայն չէ պաշտոնական տեսակետի հետ, թե գնաճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով. «Միջազգային շուկայում կան որոշ պարենային ապրանքների գների բարձրացում, սակայն հիմնականում Հայաստանում գնաճը պայմանավորված է ԿԲ եւ կառավարության քաղաքականությամբ: Մասնավորապես արդեն իսկ ակնհայտ է, որ ԿԲ մեթոդոլոգիան թույլ չի տալիս այդ հաստատությանը նորմալ կերպով կանխատեսել, վերահսկել եւ կարգավորել գնաճային երեւույթները, որի պատճառով էլ Հայաստանում արդեն տարիներ շարունակ գնաճը դուրս է վերահսկողությունից»:
Գների աննախադեպ թանկացումը չկանխելու համար պետք է հասարակությո՞ւնը պահանջի ԿԲ նախագահի հրաժարականը` հարցին Սամվել Ավագյանը պատասխանեց. «Առաջին հերթին դա պետք է անի ԱԺ-ը»:
Ի դեպ, Երեւանյան փողոցներում հարցման մասնակից քաղաքացիները պարզապես չգիտեն` ինչպես պայքարել նման թանկացումների դեմ: Ոմանք գտնում են, որ ժամանակն է ճամպրուկները հավաքել եւ հեռանալ երկրից, մի մասը կողմ է բողոքի ակցիաներ սկսելու գաղափարին, իսկ մի ստվար հատված էլ. «Ժողովրդի ձեռքում ինչ կա: Թանկացնողը թանկացնում է ու վայելում, մեզ մնում է համակերպվել»: