Փաշինյանն ընդդեմ Կարապետյանի գործով դատավորը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանն ընդդեմ Սամվել Կարապետյանի գործը կքննի Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից պահանջում է հերքել այն հայտարությունը, թե ինքը Չինաստանից հալյուցինոգեն սնկեր է բերել։ Իսկ որպես զրպարտության հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար պահանջում է բռնագանձել 6 միլիոն դրամ։
Դատարան ներկայացված հայցադիմումի մեջ նշված է նաեւ հերքման բովանդակությունը.
«Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։
Իսկ հերքումն, ըստ հայցադիմումի, պետք է իրականացվի յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով։ Հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որեւիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։