Բացել լրահոսը Փակել լրահոսը
vladimir gasparyan
A A
Քաղաքականություն

Վլադիմիր Գասպարյանին դատարանը արդարացրեց․ փաստաբան

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա.Դանիելյան) արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վ.Գասպարյան ՀՀ քր.օր-ի 164 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Այս մասին ՖԲ իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի օրինական մասնագիտական գործունեությանը և հարկադրել է հրաժարվել տեղեկություններ տարածելուց։

Ըստ քր․ գործի՝  « Վլադիմիր Գասպարյանը 2020 թվականի օգոստոսի 8-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, իր ընտանիքին պատկանող՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1-ին փողոցի 97-րդ հասցեում տեղակայված առանձնատանը գտնվելու ընթացքում, նկատելով, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով, սարքի շահագործողներին պարզելու նպատակով իրեն պատկանող կվադրոցիկլով շարժվել է իր առանձնատնից հեռացող անօդաչու թռչող սարքի հետագծով և անցնելով մոտ 200-300 մետր՝ նկատել է նկարահանումներ իրականացնող Ռոբերտ Զարգարյանին, Դավիթ Հարությունյանին և Սարո Բաղդասարյանին։ Մոտենալով վերջիններիս՝ հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին, ապա տեղեկանալով, որ նրանք հանդիսանում են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ և իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը, այն է՝ ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ, պահանջել է դադարեցնել այն, ապա սեռական բնույթի հայհոյանքներ տալու միջոցով հոգեբանական ճնշումներ է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց։ Այնուհետև ուսումնասիրել է անօդաչու թռչող սարքը կատավարող հեռախոսի մոնիտորը և համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է՝ հեռացել է նշված վայրից»։