Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է․ Մատենադարանում անցկացվեց իրանական մշակույթին նվիրված միջոցառում (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մատենադարանը նախաձեռնել է Իրանի մշակույթին նվիրված միջոցառումների շարք։

Անդրանիկ միջոցառումը, որը կայացավ այսօր, «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագիրն էր, որն իրականացվում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ և Ամերիկայի մեր հայրենակից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:

«Մենք մի լավ ասացվածք ունենք՝ մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է։ Սա վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին և ոչ միայն վերջին երեսուն տարում»,- բացման խոսքում ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և նշեց, որ իրանագիտությունը Հայաստանում եղել է առաջատար ճյուղ դեռ 19-րդ դարից»։

Նախատեսվող ծրագրերի շարքում կիրականացվի նաև «Ղաջարական դարաշրջանի արվեստը Մատենադարանում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը, իսկ մոտ մեկ ամսից կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն արժեքավոր ձեռագրեր, փաստաթղթեր, նաև կիրառական իրեր անհատական հավաքածուներից։

«Հուսով ենք, որ բացմանը կհյուրընկալենք քաղաքական և մշակութային գործիչների» - ասաց պարոն Տեր-Ղևոնդյանը։

Մատենադարանի տնօրենի խոսքով՝ մենք հիանալի վերականգնող մասնագետներ ունենք, սակայն որպեսզի պարսկական ձեռագրերը ավելի ճշգրիտ ու հարազատ ձևով վերականգնվեն, կարևոր է սկզբնական շրջանում համագործակցել իրանցի մասնագետների հետ։

Ի դեպ, Մատենադարանում պահվում են պարսկական 450-ից ավել ձեռագիր և 100-ից ավել վավերագրեր։

«Հրատարակված ութ հատոր վավերագրեր ունենք, որոնց մեջ ներառված են հրամանագրեր, կալվածագրեր, արժեքավոր այլ փաստաթղթեր, որոնք նաև կարևոր պատմական աղբյուրներ են»,- նշեց պարոն Տեր-Ղևոնդյանը։

Իրանից ժամանած վերականգնող Համիդ Մալեքյանը, ով վարելու է տեսական և գործնական դասընթացները հայ մասնագետների համար, արդեն այսօր հանդես եկավ դասախոսությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նույնպես ընդգծեց երկու երկրների միջև դարերից եկող կապերի մասին և ընդգծեց, որ Իրանում առկա հայկական ձեռագրերը, մշակութային պատմական կոթողներն ու եկեղեցիները գտնվում են Իրանի վերահսկողության և պահպանության ներքո և նույնիսկ որոշները գրանցվել են Յունեսկոյում։