Անին` օտարազգի գեղանկարչի աչքերով
Հոլանդացի գեղանկարիչ Ռալֆ Հայնեի հայկական թեմայով գեղանկարների շարքն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում` Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
2009 թ. ճանապարհորդելով Արևմտյան Հայաստանով` գեղանկարիչը ստեղծել է Անիին նվիրված գեղանկարների շարքը, որտեղ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին պատկերված է խաչը գմբեթին:
Բազմաթիվ անհատական ու խմբային ցուցահանդեսներ ունենալով աշխարհի տարբեր հեղինակավոր ցուցասրահներում` հոլանդացի գեղանկարչի համար շատ կարևոր էր այս ցուցահանդեսը բացել հենց Հայաստանում:
Նա, թեպետ դժվարությամբ, այնուամենայնիվ ցուցահանդեսի բացմանը խոսեց բացառապես հայերեն: «Անհնար է, որ ցուցահանդեսը լիներ ուրիշ տեղ, եթե ոչ այստեղ», -ասաց Հայնեն:
Հայաստանում ցուցահանդես բացելու հարցում գեղանկարչին օգնել է «Միացյալ հայերը Հոլանդիայում» հայկական կազմակերպության նախագահ Սվետա Աբրահամյանը: Նրա խոսքերով, երբ ծանոթացավ Ռալֆի աշխատանքներին, կարծես մի գանձ հայտնաբերեց հայ ժողովրդի համար:
«Նա օտար ազգին ծանոթացնում է մեր մշակույթի, ճարտարապետության, եկեղեցիների պատմության հետ»,-ավելացրեց Սվետա Աբրահամյանը:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը շատ ուրախ է, որ օտար գեղանկարիչն անդրադարձել է հայկական թեմատիկային. «Կա մեկը, ով գիտի հայկական պատմությունը, մշակույթը, ինչը նկատելի է նրա աշխատանքներից»:
Ցուցահանդեսին ներկայացված էին նաև կիտրոններով նատյուրմորտներ, դիմանկարներ, որոնք Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի խոսքերով` տիպիկ հոլանդական լույսով են ողողված:
15 տարի Հոլանդիայում բնակված կինոռեժիսոր Գայանե Գասպարյանին չի զարմացնում հոլանդացիների ցուցաբերած հետաքրքրությունը հայ ազգի նկատմամբ:
«Ինձ միշտ հետաքրքրել է օտար արվեստագետի կողմից ներկայացված մեր երկիրը, ճարտարապետությունը, մեր արվեստը, նույնիսկ մեր երաժշտությունը: Ես գտնում եմ, որ դա հաջողվել է Հայնեն, նա ճիշտ է ընկալել մեր երկիրը»,- «Ա1+» -ի հետ զրույցում նշեց կինոռեժիսորը: