ԵԽԽՎ-ն կանդրադառնա Հայաստանի խորհրդարանական ընտրություններին
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը կլինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի սեպտեմբերի 28-ի օրակարգում։ Այդ մասին Ա1+ը տեղեկացավ ԵԽ մամլո ծառայությունից։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2026 թվականի աշնանային նստաշրջանի գլխավոր իրադարձություններից են Մոնակոյի Իշխան Ալբեր II-ի, Պորտուգալիայի Հանրապետության նախագահի՝ Անտոնիու Ժոզե Մարտինշ Սեգուրուի, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի ելույթները։ Նստաշրջանը կանցկացվի Ստրասբուրգում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը։
Նստաշրջանի բացման օրվա արարողության ընթացքում կշնորհվի Մարդու իրավունքների Վացլավ Հավելի 14-րդ մրցանակը, որը շնորհվում է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության գործում ակնառու ավանդ ունեցող անձանց։ Երեք կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուներից կընտրվի մրցանակակիրը։ Արարողությանը կմասնակցի և Վեհաժողովին ելույթ կունենա նաև 2021 թվականի մրցանակակիր, բելառուս իրավապաշտպան Մարիա Կալեսնիկավան, որը մրցանակի շնորհման պահին կալանքի տակ էր, սակայն ազատ է արձակվել 2025 թվականի դեկտեմբերին։
Առաջաևկվում է անցկացնել հրատապ քննարկում՝ «Սեուտան հարձակման ներքո. միգրացիայի զինականացում և կառավարության ձախողում» թեմայով, ինչպես նաև ընթացիկ հարցերի քննարկում՝ «Թիրախային հարձակումները Թուրքիայում ԼԳԲՏԻ համայնքի և նրա իրավունքների դեմ. ժողովրդավարական հետընթացի ևս մեկ տագնապալի նշան» թեմայով։
Վեհաժողովը նաև կգնահատի Հունաստանի կողմից Եվրոպայի խորհրդում անդամակցության պարտավորությունների կատարումը։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեին կներկայացնի նախորդ նստաշրջանից ի վեր ԵԽ նախարարական մարմնի աշխատանքը և կպատասխանի պատգամավորների հարցերին։
Վեհաժողովում ելույթ կունենան և անդամների հարցերին կպատասխանեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Խորհրդարանականները կքննարկեն նաև մեդիա բազմակարծությանը և լրատվամիջոցների անկախությանը սպառնացող աճող վտանգները։ Կանցկացվի ընդհանուր քաղաքականության քննարկում՝ «Եվրոպան՝ ամենաարագ տաքացող մայրցամաքը. երիտասարդների հետ կլիմայական գործողությունների արագացում» թեմայով, եվրոպացի երիտասարդների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Օրակարգում ներառված են նաև ընտանիքամետ Եվրոպայի և ժողովրդագրական վերականգնման վերաբերյալ առաջարկությունների, սոցիալական համախմբվածության ու ժողովրդավարական մասնակցության զարգացման գործում սփյուռքների և միգրանտների դերի, ինչպես նաև Վեհաժողովի ընթացակարգային կանոնների պարզեցման հարցերը։
Բացի այդ, կքննարկվեն Կոսովոյի վեհաժողովի արտահերթ ընտրությունների և Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցերը։
Նստաշրջանի առաջին օրը ԵԽԽՎ-ի՝ Ռուսաստանի դեմոկրատական ուժերի հետ երկխոսության հարթակը, Վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի և Ազատ ու արդար ընտրությունների խորհրդարանական դաշինքի հետ համագործակցությամբ, կկազմակերպի կլոր սեղան՝ «Կեղծ «ընտրությունները» Ռուսաստանում. ի՞նչ է հաջորդը» թեմայով։
Վեհաժողովը վերջնական օրակարգը հաստատում է նստաշրջանի առաջին օրը։
Ընտրությունների վերաբերյալ զեկույցի նախագիծը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության զեկույցի նախագծի համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին տվել են քաղաքական այլընտրանքների իրական ընտրության հնարավորություն՝ լավ կազմակերպված գործընթացում, սակայն արտաքին ճնշումը, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, հասել է աննախադեպ մակարդակի։
ԿԸՀ-ի կողմից հունիսի 14-ին վավերացված պաշտոնական տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքել է ձայների 49,75%-ը՝ ապահովելով խորհրդարանական մեծամասնություն։ «Հայաստան հզոր» դաշինքը ստացել է 23,27%, իսկ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 9,92%։ Ընդամենը երեք ուժ է անցել խորհրդարան։
Ընտրական մասնակցությունը կազմել է 58,97%, ինչը զգալիորեն գերազանցում է 2018 և 2021 թվականների ցուցանիշները։
Զեկույցի ամենասուր քննադատությունը վերաբերում է ԿԸՀ-ի որոշմանը՝ անվավեր ճանաչել երեք ընտրատեղամասերի արդյունքները։ Ըստ որոշ հաշվարկների՝ եթե այս տեղամասերի ձայները հաշվառվեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել 4%-անոց շեմը՝ զրկելով իշխող կուսակցությանը 3/5 մեծամասնությունից։ Զեկույցը «անբավարար» է որակել ԿԸՀ-ի միանշանակ հիմնավորումը։