Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուր Արքան»` նաև գեղանկարիչ

Մշակույթ
6e71fe7a9a00ac351ff0f9c3d3f907d0

Հանրապետության վաստակավոր լրագրող Վանիկ Սանթրյանն առաջին անգամ է որևէ ցուցահանդեսի մասնակցում ոչ որպես լրագրող: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում նա բացեց իր հերթական՝ «Ղարաբաղ-Թաղավարդի գույներ» ցուցահանդեսը: 50 տարուց ավելի լինելով լրագրության ասպարեզում` նա միայն 53 տարեկան հասակում վրձին վերցրեց: Ինչպես ինքն է ասում, չունենալով նկարչական մասնագիտական կրթություն, փորձել է նկարել սովորել հայ կերպարվեստի մեծանուն վարպետներ Էդուարդ Իսաբեկյանից, Հովհաննես Զարդարյանից, Աշոտ Մելքոնյանից` հաճախակի այցելելով նրանց արվեստանոցներ:

Լրագրողի` ցուցահանդեսին ներկա գտնվող ընկերները բնորոշեցին նրան որպես «Լուր Արքա»` բոլոր ցուցահանդեսներին հիշելով նրան իր մեծ ձայնագրիչով` ֆոտոխցիկը կողքից կախած:

«Ղարաբաղ-Թաղավարդի գույներ» խորագիրը կրող ցուցահանդեսում հեղինակը տեղափոխվում է իր ծննդավայր` Թաղավարդ գյուղ, ամբողջ գույներով վեր հանում հարազատ գյուղի բնությունը:

Դանիել Երաժիշտը մեծ երախտագիտությամբ արտահայտվեց վարպետ Վանիկ Սանթրյանի գեղեցիկ ցուցահանդեսի վերաբերյալ. «Հրաշալի բնապատկերները` Արարատը, արցախյան շարքը, Թաղավարդը, մասրենիները և շատ այլ գործեր անձեռակերտ հուշարձան են: Նա հավերժացնում է մեր հայրենիքը, նրա չքնաղ բիբլիական կերպարը»,- նշեց Երաժիշտը:

Գեղանկարիչ Արշալույս Աղայանն էլ կարծում է, որ ինչպես բնությունից, այնպես էլ Վանիկ Սանթրյանից շատ բան կա սովորելու:

«Օգտվելով հայ կերպարվեստի սկզբունքներից, միևնույն ժամանակ անկեղծ մնալով բնության հանդեպ` լրագրող Վանիկ Սանթրյանը ստեղծել է հետաքրքիր աշխատանքներ: Երանի շատ պրոֆեսիոնալ գեղանկարիչներ նրա նման մշտապես ուսումնասիրեն եւ սովորեն բնությունից, իսկ Վանիկ Սանթրյանից սովորեն անկեղծություն, սեր և հայրենասիրություն»,- նշեց նա:

Լրագրող-գեղանկարիչը մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների, մի քանի անգամ անհատական ցուցահանդեսներ ունեցել Երևանում, Դնեպրոպետրովսկում:
«Սակայն Լոս Անջելեսում բացված ցուցահանդեսս ամենահաջողն եմ համարում, որովհետև գրեթե ամբողջ նկարներս վաճառվեցին, և ես մեկ ամիս այնտեղ խանի նման ապրեցի, թոռներիս էլ կարողացա նվերներ բերել»,- հավելեց Վ. Սանթրյանը: