Անտե՞ր շինություն․ պաշտոնական պատասխաններ
Աջակցիր «Ա1+»-ինՈ՞ւմ է պատկանում «Հաղարծին» վանական համալիրի հարևանությամբ գտնվող՝ չգործող ճոպանուղու կիսակառույց շինությունը, որտեղ մոտ մեկ ամիս առաջ տեղի էր ունեցել դժբախտ դեպք։
«Ա1+»-ի գրավոր հարցմանը ի պատասխան՝ Դիլիջանի համայնքապետարանից հայտնեցին, որ չգործող ճոպանուղու կիսակառույց շինությունը չի հանդիսանում համայնքի սեփականությունը և գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում։ Պատասխանում նշվում էր նաև, որ շինության սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկություն համայնքապետարանում առկա չէ։
Նույն հարցով դիմեցինք նաև «Դիլիջան» ազգային պարկին, նրանք էլ գրավոր պատասխանեցին, որ «Հաղարծին» վանական համալիրին հարակից չգործող ճոպանուղու կիսակառույց շինությունը «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի բալանսում գրանցված չէ։
Հիշեցնենք, որ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 10-ին, երբ 23-ամյա աղջիկը քրոջ և ընկերների հետ բարձրացել էր այդ տարածք ու չնկատելով հատակի մեծ բացվածքը՝ ընկել 10 մետր ներքեւ։ Աղջկան փրկել չէր հաջողվել։
Հարազատները ցանկանում են, որ այս տարածք քաղաքացիների մուտքն արգելվի, որպեսզի նման դժբախտ դեպք նորից տեղի չունենա։
Ոչ պաշտոնապես նրանց ասվել էր, որ այդ հնարավոր է միայն այն դեպքում, երբ հայտնի լինի սեփականատերը։