23-ամյա աղջկա մահվան դեպքից 10 օր անց Դիլիջանում վտանգավոր կառույցը դեռ մնում է բաց զբոսաշրջիկների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին10 օր անց դեռեւս արգելված չէ մուտքը Հաղարծին վանական համալիրի հարեւանությամբ գտնվող կիսակառույց, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։
«Մեկ շաբաթ առաջ իմ քույրն այստեղ մահացել է, մի գնացեք, աղաչում եմ, անցքը դեռ չեն փակել»,- երեխայի հետ բարձրացող հորը խնդրում է Աննա Բարսեղյանը, ով, զսպելով զգացումները, «Ա1+»-ի լրագրողին ուղեկցում է դեպքի վայր։
Հաղարծինի վանական համալիրից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող կիսակառույցը գրավում է այստեղ եկողներին, քանի որ բարձրանալով երրորդ հարկ՝ կարող ես հիանալ տավուշյան բնապատկերով։
Հենց նույն նպատակով 23-ամյա Ալինան հուլիսի 10-ին, քրոջ եւ ընկերների հետ բարձրացել էր այստեղ ու չնկատելով հատակի մեծ բացվածքը՝ ընկել 10 մետր ներքեւ։ Հարազատները արագորեն իջել են առաջին հարկ, բայց աղջկան փրկել չի հաջողվել։
Եղանակը մառախլապատ ու մռայլ է եղել, երբ ճակատագրական այդ օրը նրանք բարձրացել են այստեղ։ Բնապատկերն է անմիջապես նրանց ուշադրությունը գրավել, մտքներով անգամ չի անցել, որ երրորդ հարկում հատակին կարող է նման բացվածք լինել։
«Մենք մեջքով ենք շրջված եղել դեպի տեսարանը՝ մառախուղին էինք նայում, իմ քույրիկը խոսում էր մեր մեջքի հետեւից ու շատ արագ է ամեն ինչ լինում։ Ինքն ասում է, որ լավ կլիներ սիրուն նկար ստանալ,- պատմում է Աննան։ -Իր ձեռքին հեռախոս այդ պահին կար, բայց չեմ նկատում՝ բարձրացնում է նկարելու համար , թե չէ, բայց էդ վայրկյանին, որ ասում է՝ շատ գեղեցիկ կլիներ ունենալ այստեղից նկար, հենց այդ պահին զգում եմ, որ իր ձայնը կորում է։ Շրջվում եմ արագ ու տեսնում եմ, որ ինքն էլ այդ հրապարակի վրա կանգնած չի։ Իմ կանգնած տեղից չեմ կարողանում հասկանալ՝ ինքն ուր անհետացավ»։
Աննան հոգեկան հերթական հարվածն է ստանում, երբ հայտնաբերում է՝ ինչպես այդ օրը, հիմա էլ զբոսաշրջիկներին թույլ են տալիս բարձրանալ կիսակառույց, անգամ չեն զգուշացնում վտանգավոր փոսի մասին։ Մեր այցելության պահին որեւէ ոստիկան կամ հսկիչ տարածքում չկար։
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Ալինա Բարսեղյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ հարուցումը մերժել են՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Քննչականի որոշման մեջ նշված է, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել «Հաղարծին» վանական համալիրին հարակից չգործող ճոպանուղու կիսակառույց շինության պատշգամբում։ Հարազատներն արդեն 10 օր է՝ չեն կարողանում պարզել՝ ով է կառույցի տերը։
«Ես չգիտեմ հիմա այս տարածքը պատկանում է պետությանը, թե սեփականատեր ունի, պետք է դա հասկանալ։ Եվ երկրորդ, որ գոնե իմ քրոջ դեպքից հետո ավելի պատասխանատու գտնվեն։ Ես չգիտեմ՝ ինչու, իրենք մինչեւ հիմա այդ անցքը չեն փակել։ Ես չեմ կարող ոչ մի կերպ հասկանալ, թե ինչից է կախված, որ իրենք մինչեւ հիմա ոչ մի միջոց չեն ձեռնարկել, որ հանկարծ նման դեպք նորից չկրկնվի»,- ընդգծում է Աննա Բարսեղյանը։
Քրոջ կորստի ցավը խեղդելով՝ Աննան ասում է՝ ամեն ինչ անելու է, որ այս տարածք քաղաքացիների մուտքն արգելվի, որպեսզի նման դժբախտ դեպք նորից տեղի չունենա։
Ոչ պաշտոնապես ասվել է, որ այդ հնարավոր է միայն այն դեպքում, երբ հայտնի լինի սեփականատերը։
Դիլիջանի համայնքապետարանից այսօր մեզ չհաջողվեց պարզել՝ ում սեփականությունն է չգործող ճոպանուղու կիսակառույց շինությունը։ Խոստացան պատասխանել մեր գրավոր հարցմանը՝ օրենքով նախատեսված ժամկետում։