Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (4)
A A
Սպորտ

Հույս ունեմ, որ գյումրեցի երկրպագուները կաջակցեն «Արարատին»․ Վարդան Բիչախչյան (տեսանյութ)

ՈԻԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատը» վաղը Գյումրիում կհանդիպի հունգարական «Ֆեհերվարի» հետ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն այսօր ներկայացել է նախախաղային մամուլի ասուլիսին։

- Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք բացակայելու են։

- Թիմը նորմալ է մոտենում վաղվա խաղին։ Վնասվածքի պատճառով վաղվա խաղին ներկա չի լինի Ռուդիկ Մկրտչյանը։ Մնացած խաղացողները պատրաստ են վաղվա խաղին։

- Մեկ անգամ նշել եք, որ նորեկներին դժվար է միանգամից ադապտացնել թիմին։ Արդյո՞ք Հունգարիայում կայացած խաղը փոխեց ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ։

- Ո՛չ, եթե Հունգարիայում լավ խաղ ենք անցկացրել, չի նշանակում, որ իմ նշած բոլոր խնդիրները լուծվել են։ Պարզ է, որ ունենալով կարճ ժամանակ, պետք է առավելագույնն անեինք։ Ես նկատի եմ ունեցել ֆիզիկական վիճակը, քանի որ մայիսին բոլոր երկրներում ներքին առաջնություններն ավարտվում են, և խաղացողները գտնվում են արձակուրդում։ Նոր խաղացողները միացան մեզ ու մենք չկարողացանք ունենալ բավականաչափ ժամանակ ավելի լավ պատրաստվելու համար։ Չէինք կարող անել այնպես, որ այն տղաները, որոնք նոր էին թիմում իրենց առավելագույն լավ վիճակով ներկայանային խաղին։ Երկու խաղերի միջև ընկած ժամանակահատվածում ունեցել ենք 4-5 մարզում և հույս ունեմ, որ տղաները վաղվա խաղին կնվիրվեն անմնացորդ  և ամբողջ ուժերը կթողնեն դաշտում։

- Ի՞նչ հնարավորություններ ունի «Արարատը» պատասխան խաղում։

- Հնարավորությունները 50/50 եմ գնահատում։ Ֆավորիտը միայն թղթի վրա է։ Ամեն ինչի պատասխանը կտրվի խաղադաշտում։

- Ի՞նչ կասեք Գյումրի քաղաքում խաղալու մասին։ Ձեզ համար դաշտը հարազատ է։ Արդյո՞ք դա առավելություն կլինի և արդյոք սպասում եք երկրպագուների աջակցության։

- Միանշանակ շատ եմ կարևորում այս փաստը։ Խաղալու ենք մի ստադիոնում, որտեղ ես անցկացրել եմ բավականին երկար ժամանակ՝ մեկ կյանք։ Այս փաստը նախ պարտավորեցնող է, երկրորդը՝ ոգևորող։ Այո՛, հույս ունեմ, որ գյումրեցի երկրպագուները կաջակցեն «Արարատին»։

Հիշեցնենք, որ Հունգարիայում կայացած թիմերի առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։