Սահմանազատման գործընթացը ցույց կտա՝ Տիգրանաշենում հանրաքվեի անհրաժեշտություն կա՞, թե չէ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ Տիգրանաշենի հարցում որեւէ պայմանավորվածություն դեռ չկա։
ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։
Ընդդիմադիրները պնդում են՝ առանց համապետական հանրաքվեի, Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին։ Այդ հարցով պետք է անցկացվի համապետական հանրաքվե, որի մասնակիցների մեծամասնությունը պետք է կողմ արտահայտվի տարածքի փոխանցմանը։ Առանց դրա՝ Տիգրանաշենի հանձնումը հանդիսանում է հակաիրավական ու հակասահմանադրական:
«Բայց կա նաեւ բան... ասենք, օրինակ, ենթադրենք՝ հիմա սահմանը գնում է, ինչ-որ մի կերպ շարժվում է։ Հիմա GPS-ները կան, միլիմետրի ճշտությամբ հնարավոր է այդ սահմանի տեղը որոշել։ Ենթադրենք՝ այստեղ եկավ 1 մետր այսպես ինչ-որ մի պատճառով, ինչ-որ մի ենթակառուցվածքի խողովակի հետ կապված, 1 մետր, որ ուղիղ էր, այստեղ այսպես մտավ, կամ չէ, կամ կորեր ուղղվեց՝ 1 մետր այստեղ, 1 մետր այստեղ։ Բառիս բուն իմաստով 1 մետրի մասին է խոսքը, բառիս բուն իմաստով, այլաբանություն չեմ անում։ Դրա համար հանրաքվե պե՞տք է, թե՞ պետք չի։ Իհարկե պետք չի, որովհետեւ տարածքի փոփոխություն տեղի չի ունեցել»,- արձագանքելով` հնարավոր սցենար է նշում Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նա Տիգրանաշենն անվանել էր «անկլավ» եւ հայտարարել, թե այն «չի մտնում ՀՀ 29 743 քկմ տարածքի մեջ»։ Վերջինս պնդում է, չի ասել, թե տարածք պետք է տանք․ «Ես ասել եմ՝ կա պրոբլեմ, անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք՝ ոնց ենք լուծում»։
Իսկ ընդդիմադիր գործիչներն ու փորձագետները պնդում են՝ Տիգրանաշենի հնարավոր հանձնումը ռազմավարական մեծ վտանգներ կստեղծի՝ կտրելով Հայաստանի հարավը կապող միջպետական ճանապարհը։
Տիգրանաշենի հարցը ակտիվացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ օրակարգ եկավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի խնդիրը։
Բաքուն պաշտոնական մակարդակով պահանջում է վերադարձնել, իր ձևակերպմամբ` «օկուպացված ոչ անկլավային և անկլավային գյուղերը», այդ թվում՝ Տիգրանաշենը։
ՀՀ կառավարությունը բանակցություններում հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համաձայն՝ անկլավների հարցը պետք է դիտարկվի փոխադարձության սկզբունքով։ Նա նաեւ նշել էր, որ հարցին իրավական լուծում չտալու դեպքում պատերազմի վտանգը դառնում է անխուսափելի։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Տիգրանակերտի մասին խոսելիս օգտագործեց Քյարքի` ադրբեջանցիների կողմից օգտագործվող անունը։