Բերքը վազերին է, գնորդ չկա․ խաղողագործներն անելանելի վիճակում են հայտնվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում խաղողագործներն անելանելի վիճակում են հայտնվել, բերքը վազերին է, գնորդ չկա։ Սեղանի տեսակի քիշմիշ, շահումյան և այլ տեսակները պահանջարկ չունի։ Տեղական շուկայում այդ քանակությունը սպառելն անհնար է, իսկ արտահանողներն այս տարի հրաժարվել են նախական պայմանավորվածություններից։ Քիչ քանակությամբ միայն վրացի գնորդներն են գյուղից խաղող գնել։
Ազատ Վարդանյանը մեկ հեկտար խաղող ունի, քիշմիշի ոչ մի ողկույզ դեռ չի վաճառել։ Ամեն օր այգի է մտնում, վազերին նայում ու ավելի հուսահատվում։ Ընտանիքի ամբողջ տարվա չարչարանքն ապարդյուն է անցնում։ Խաղողն օր-օրի ապրանքային տեսքը կորցնում է, քաշը՝ նույնպես, – ասում է Վարդանյանը։
Նույն վիճակում է գտնվում նաև Ռադիկ Մարտիրոսյանը։ Ամեն օր գնորդ է փնտրում, բայց ապարդյուն, ստիպված մթերող կազմակերպություններին է դիմում, դրական պատասխան չի ստանում։ Ըստ Ռադիկի, արտահանողներից մեկն է միայն առաջարկել խաղողը գնել 130 դրամով։ Առաջարկը գյուղացիներին չի գոհացրել, հրաժարվել են գործարքից։
Ալաշկերտի վարչական ղեկավար Կարեն Հովհաննիսյանից տեղեկանում ենք, որ գյուղում մոտ 1000 տոննա սեղանի տեսակի խաղողի բերք կա։ Հովհաննիսյանը նույնպես մտահոգված է բերքի իրացման խնդրով։ Տարբերակներ են փնտրում, Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ են դիմել, որոշակի համաձայնություն ձեռք բերել։ Քիշմիշի մեկ կիլոգրամը գործարանը կմթերի 140 դրամով։ Վարչական ղեկավարի խոսքով, գյուղացիներն արդեն տեղեկանք են ներկայացնում գործարան պայմանագրեր կնքելու համար։
ALT.TV