Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Ո՞րն է Հայաստանի էներգետիկ փրկությունը

Հայաստանը պետք է կառուցի առնվազն 1,000 մեգավատտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ՝ էներգետիկ անվտանգության պահպանման, էլեկտրաէներգիայի պահանջարկի աճին արձագանքելու և ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար, ասում են էներգետիկ ոլորտի փորձագետները։

«Մեզ նոր ատոմակայան պետք չէ։ Մենք ատոմակայան վաղուց ունենք, մենք ընդամենը նույն հարթակում պետք է տեղակայենք նոր ռեակտոր»,- «Ա1+»-ին ասաց էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը։

Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության երկարաժամկետ հիմքում ատոմային էներգետիկան է։ Նրա գնահատմամբ՝ այդ հարցը կարևոր է բոլոր պետությունների համար, սակայն Հայաստանի դեպքում ունի առանձնահատուկ նշանակություն՝ երկրի գործող էներգետիկ կայունությունը «պահելու, պահպանելու եւ զարգացնելու համար»։

 Արևային էներգիան, ատոմային հզորությունները և էլեկտրաէներգիայի կուտակման տեխնոլոգիաները, ըստ փորձագետի, պետք է դիտարկվեն ոչ թե որպես միմյանց այլընտրանք, այլ միասնական էներգետիկ համակարգի փոխլրացնող մասեր։

Ավետիսյանն առաջարկում է նաև կառուցել երկու խոշոր հիդրոէլեկտրակայան և ջրամբար՝ կուտակման հնարավորություն ստեղծելու համար։

«Հայաստանի բնական ռեսուրսներ, բնական աշխարհագրական ռելիեֆը թույլ է տալիս որ կապահովի, երբ որ էլեկտրաէներգիայի պահանջարկը կա, ինքը աշխատում է, երբ ոչ, ինքը կուտակում է, հետո է աշխատում։ Սա շատ պարզ ասացի։ Պարզ ու զուգահեռ կարող է աշխատել, ինչպես արեւային համակարգերի հետ, այնպես էլ ատոմակայանի հետ»,- նշում է Արթուր Ավետիսյանը։

Այդ մոտեցմանը համաձայն է նաև էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։ Նա ասում է, որ ատոմային, արևային և քամու էներգիան չպետք է դիտվեն որպես իրար փոխարինող աղբյուրներ, այլ պետք է զարգանան զուգահեռ։

Այսօր ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին կազմում է 165 դոլար՝ 1,000 խմ-ի դիմաց։ 2026 թվականի վերջում ավարտվում է այդ գնով մատակարարումները կարգավորող համաձայնագրի ժամկետը։

Սակագնի վերանայման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն արվել, սակայն փորձագետները չեն բացառում գնի բարձրացում։ Հայաստանի իշխանությունները դիտարկում են այլընտրանքային աղբյուրներ՝ Իրանից ներկրման ծավալների մեծացում, TRIPP-ի ենթակառուցվածքային հնարավորությունների օգտագործում և Ադրբեջանից հնարավոր մատակարարումներ։ Այդուհանդերձ, այս տարբերակների տնտեսական և քաղաքական իրագործելիությունը մնում է անորոշ։

«Վստահ չեմ, բայց հաշվի առնելով քաղաքական հարաբերությունները՝ այսօրվա իշխանությունների եւ Ռուսաստանի միջեւ, ամենայն հավանականությամբ գների վերանայում տեղի կունենա, եւ գները կբարձրանան»- ասում է Արմեն Մանվելյանը։

Մանվելյանը կասկածում է, որ Իրանը ռազմական կամ տարածաշրջանային լարվածության պայմաններում կարող է Հայաստանի համար հուսալի մատակարար դառնալ։ Նա նաև թերահավատ է Ադրբեջանից գազի ուղղակի ներկրման հնարավորության նկատմամբ՝ նշելով Ադրբեջանի սեփական պահանջարկը և տարանցման դեպքում հավանական թանկացումը։

«Եթե նույնիսկ տեսականորեն գտնենք, որ ի վիճակի կլինի գազ մատակարարել, ապա, ամենայն հավանականությամբ, դա բավականին թանկ կլինի։ Ադրբեջանից լուրջ չեմ համարում ավելի դատարկ խոսակցություններ են, որովհետև Ադրբեջանն ինքն ունի գազի պահանջարկ։ Եթե ուզում են ռուսական գազը Ադրբեջանով գա Հայաստան, դա ուրիշ բան է։ Բայց դա նշանակում է, դրա համար եռապատիկ, քառապատիկ թանկ ենք վճարելու դրա համար, դա անլուրջ կլինի», - ասում է փորձագետը։

Նրա խոսքով՝ արևային և քամու էներգիան կարող են օգնել դիվերսիֆիկացնել արտադրությունը, սակայն Հայաստանը շարունակում է ունենալ կայուն, անընդհատ հոսանք արտադրող հզորության կարիք։ Այդ դերը, ըստ նրա, պետք է կատարի նոր ատոմային բլոկը։